«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2008-06-04 | #106, 2008-06-05 | #107, 2008-06-06


«ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հունիսի 8-15-ը շախմատասերների ուշադրությունը կբեւեռվի Երեւանին: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնում կանցկացվի «Շախմատային հսկաներ» արագ շախմատի մրցաշարն ուժեղագույն 8 գրոսմայստերների մասնակցությամբ: Զուգահեռաբար Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կընթանա արագ շախմատի միջազգային բաց մրցաշար:

Ինչ խոսք, գլխավոր իրադարձությունը 8 գրոսմայստերների մրցավեճն է: Նրանց թվում են մեր անվանի շախմատիստներ Լեւոն Արոնյանը (2763), Վլադիմիր Հակոբյանը (2673) եւ Գաբրիել Սարգսյանը (2643): Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչը (2774), որը վերջերս մեծ առավելությամբ դարձավ 6 մասնակիցների միջեւ Սարաեւոյում անցկացված մրցաշարի հաղթող: Լեւոն Արոնյանն իր վարկանիշով 2-րդն է: Նրան հաջորդում են հունգարացի Պետեր Լեկոն (2741), անգլիացի Մայքլ Ադամսը (2729), Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը (2723) եւ չին շախմատիստ Բու Քսյանջին (2708):

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 262 հազար դոլար է: Մրցակարգի համաձայն, յուրաքանչյուր պարտիայի համար մրցակիցներին տրվում է 25 րոպե գումարած 10 վրկ ամեն մի քայլի դիմաց: Անկասկած, շախմատիստներին հետաքրքրական մրցավեճ է սպասում: Կարծում ենք, որ մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը Լեւոն Արոնյանն է, որն արագ շախմատում իրեն սովորաբար գերազանց է դրսեւորում: Ճիշտ է, Սոֆիայում անցկացված դասական շախմատի մրցաշարում Արոնյանը չափազանց անհաջող հանդես եկավ` չտոնելով ոչ մի հաղթանակ: Սակայն կարծում ենք, որ նա կրկին լավագույն մարզավիճակ է ձեռք բերել ու իր հարազատ երկրպագուների աջակցությամբ Երեւանում հաջողության կհասնի: Նույնը վերաբերում է նաեւ Վլադիմիր Հակոբյանին ու Գաբրիել Սարգսյանին, որոնք վերջին շրջանում մի փոքր վատացրել են իրենց ցուցանիշները:

Արագ շախմատի բաց մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Առաջին 20 տեղերը զբաղեցրած մասնակիցները համապատասխան պարգեւավճարների կարժանանան: Հաղթողը կստանա 6000 դոլար, 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները` համապատասխանաբար 4000 եւ 3500 դոլար, իսկ 11-20-րդ տեղերը զբաղեցրածների վաստակը կկազմի 800 դոլար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4