«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2008-06-05 | #107, 2008-06-06 | #108, 2008-06-07


ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՐՖՈՒՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

«Մենք պետք է բարձրաձայնենք ընդդեմ Դարֆուրում կատարվող դեպքերի: 1915-ին, երբ հայերի ձայնը լսելի չէր, օտարները, որոնք հայերի մասին չէին էլ լսել, օգնեցին մեզ: Մենք էլ մեր կարելին պետք է անենք դադարեցնելու ցեղասպանությունը Դարֆուրում», նշել է Հայ դատի Ամերիկայի արեւելյան շրջանների գործադիր տնօրեն Կարինե Բիրազյանը, «Հայ երիտասարդական դաշնության» անդամ հարյուրավոր երիտասարդների առաջ ելույթ ունենալով անցյալ շաբաթավերջին կազմակերպված սեմինարում:

Ըստ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի հաղորդագրության, Բիրազյանը խոսել է հասարակական, մարզական, կրթական եւ մշակութային ոլորտներում ջանքերը համախմբելու անհրաժեշտության մասին:

Բանախոսության ավարտին նա կոչ է արել ներկաներին իրենց ձեռքը թաթախել կարմիր ներկի մեջ եւ հետո դրոշմել մեծ սավանի վրա: Դրանով, նա բացատրել է, նախագահ Բուշին. «Մենք կհասկացնենք, որ հետեւում ենք Դարֆուրում կատարվող դեպքերին եւ միանում «Աֆրիկա էքշն» շարժման ձեռնարկած քայլերին»: Քննարկվել են նաեւ այլՙ Հայաստանին օժանդակելու, ցեղասպանության ճանաչմանը նպաստելու հարցեր:

Ելույթ ունեցողների թվում են եղել Հայ դատի վարչության անդամ Ջորջ Աղաջանյանը, ծրագրերի տնօրեն Սերուժ Աբրահամյանը, Փենսիլվանիայի մասնաճյուղի նախագահ Արա Շալյանը եւ Վիսկոնսինի մասնաճյուղի նախագահ Զոհրապ Խալիկյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4