ԵԱՀԿ գրասենյակից հաղորդում են, որ հունիսի 6-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հովանավորությամբ Գորիսում բացվել է հակակոռուպցիոն ընդունարան: Կենտրոնը խորհրդատվություն կտրամադրի քաղաքացիներին իրավաբանական հարցերով, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների եւ ընթացակարգերի, ինչպես նաեւ պետկադաստրի, անձնագրային, նոտարական գրասենյակների, եւ տեղական մակարդակով հանրային ծառայություն իրականացնող այլ մարմինների վերաբերյալ: Կենտրոնը նաեւ աջակցություն կտրամադրի դատական բողոքների ներկայացման հարցում` աշխատանքային իրավունքի, սոցիալական պաշտպանության, քաղաքացիական եւ վարչական իրավունքների հետ կապված: Կենտրոնը չորրորդն է ԵԱՀԿ հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում գործող: Մյուս կենտրոնները բացվել են անցյալ տարի Երեւանում, Մարտունիում` Գեղարքունիքի մարզ, եւ Ստեփանավանում` Լոռու մարզ: