Գյումրու Ֆրունզե 148 հասցեում սկսել է գործել Բնության համաշխարհային հիմնադրամի` Շիրակի մարզում ստեղծվելիք «Արփի լիճ» ազգային պարկի գրասենյակը: Մարզի հյուսիսում, Շիրակ-Ջավախք բարձրավանդակի հայաստանյան հատվածում ազգային պարկի ստեղծման նպատակն է պահպանել բնության այս տարածքի բացառիկ կենսաբազմազանությունը` միաժամանակ խթանելով այդ գոտու եւ այնտեղ գտնվող համայնքների կայուն զարգացումը ենթակառուցվածքների, ամառային ու ձմեռային տուրիզմի զարգացման, էներգիայի արտադրության եւ այլ փոփոխությունների շնորհիվ: Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ կնքված միջպետական համաձայնագրով, գերմանական կողմի ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը նաեւ Հայաստան-Վրաստան անդրսահմանային համագործակցության նպատակ ունի: Ծրագրի պատասխանատուն ՀՀ բնապահպանության նախարարությունն է, իրականացնողն ու կազմակերպիչը` նման հարուստ փորձ ունեցող «Բնության համաշխարհային հիմնադրամ» (ԲՀՀ) միջազգային հեղինակավոր կազմակերպությունը:
Ծրագրի կազմակերպիչները սկսված նախապատրաստական աշխատանքներում կարեւորում են նաեւ հանդիպումներն ու քննարկումները տեղի համայնքների, մարզի ու քաղաքի տարբեր շահագրգիռ կառույցների, կազմակերպությունների ներկայացուցիչների եւ մասնագետների հետ, ինչը, թերեւս, նրանցից ոմանց հետ նաեւ հետագա համագործակցության լավ սկիզբ կարող է դառնալ: Այդպիսի հույս էր ներշնչում Գյումրու գրասենյակում տեղի բնապահպանական եւ մի շարք այլ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպումը, որը խիստ կարեւոր ճանաչողականից բացի նաեւ լուրջ գործնական ընթացք ունեցավ:
Հանդիպման սկզբում ներկայացնելով ծրագրի իրականացման կազմակերպական կառուցվածքը, Ազգային պարկի ծրագրի ղեկավար, գերմանացի միջազգային փորձագետ Մագնուս Սիլվենը նշեց, որ Հայաստանում այս աշխատանքները կազմակերպվում են ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղի եւ Գյումրու գրասենյակի միջոցով: Ծրագրի, այսպես ասած, սիրտը, որտեղ հիմնական աշխատանքները կազմակերպվում են, Գյումրիում տեղակայված գրասենյակն է: Աշխատանքներում նաեւ ներգրավված է միջազգային թիմ` աջակցող դերակատարում ունեցող մի շարք ոչ մշտական աշխատողներից, հիմնականում` փորձագետներ մասնակցային պլանավորման եւ համայնքային ներգրավման, կառավարման եւ աջակցության գոտու զարգացման ծրագրերի, շրջակա միջավայրի, տուրիզմի եւ այլ: Բացի այդ, ՀՀ կառավարությունը բնապահպանության նախարարության հովանու ներքո ստեղծել է ծրագրի տարածքային խորհուրդ-կոմիտե, որտեղ ընդգրկված են ներկայացուցիչներ նաեւ այլ` էկոնոմիկայի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարություններից, Շիրակի մարզից ու տեղի համայնքներից: «Մենք կուզենայինք,-ասաց պրն Սիլվենը,- այդտեղ ունենալ ներկայացուցիչներ նաեւ հասարակական կազմակերպություններից»: Այս ցանկությունը նա բացատրեց խորհրդում անկախ ձայն ունենալու իրենց շահագրգռությամբ, որը շատ կարեւոր են համարում:
«Հիմա մենք խիստ նախնական աշխատանքների կազմակերպման փուլում ենք,- անդրադառնալով գործերի ընթացքին` ասաց ծրագրի ղեկավարը,- իսկ սեպտեմբերից արդեն ավելի ֆորմատավորված մասնակցային պլանավորման փուլ ենք սկսելու»: Այս փուլում հիմնականում տվյալներ են հավաքում, մասնավորապես` խնդրո առարկա տարածքի կենսաբանական տվյալների, սոցիալ-տնտեսական ոլորտներին առնչվող տեղեկությունների, կատարվում են հողօգտագործման տարբեր տարածքների քարտեզագրում, էներգետիկ իրավիճակի, տուրիզմի զարգացման հնարավոր ներուժի, նաեւ` տեղում այս նախաձեռնության հետ կապված մոտեցումների, ընկալումների ու սպասելիքների նախնական գնահատումներ: Նման ծրագրերը, մասնավորապես եվրոպական երկրներում ազգային պարկերի ստեղծման իր անձնական փորձից ելնելով նշեց պրն Սիլվենը, փոփոխությունների տանող կատալիզատորի դեր են կատարում: Երբ աշխատում, շփվում ես տեղի համայնքների, գյուղերի մարդկանց, այլ շահագրգռված կողմերի հետ, տեսնում ես, որ այստեղ ապագա տնտեսական զարգացման մեծ ներուժ կա: Այս նպատակով իրենք պատրաստ են եւ կփորձեն աշխատանքների ընթացքում ներգրավել նաեւ տեղական եւ արտասահմանյան այլ դոնորների:
Հանրապետությունում մի շարք բնապահպանական ծրագրեր իրականացնող Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից սա Շիրակում առաջին ծրագիրն է: Մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը , կարճ բնութագրելով ապագա ազգային պարկի տարածքում ստեղծվելիք արգելոցային, ռեկրեացիոն (հանգիստ, տուրիզմ), տնտեսական, աջակցության գոտիները, իր հերթին նշեց, որ այս ծրագիրը երկու հիմնական նպատակ ունի: Առաջինը բնությունը պահպանելն է, եւ այստեղ Հայաստանի այլ տարածքների հետ համեմատած` ընդհանուր առմամբ բավական լավ վիճակ է, որոշ խնդիրներ կան` կապված մասնավորապես որսագողության հետ: Երկրորդ նպատակն է աջակցել գյուղական համայնքներին: Այս առումով եւս ծրագրից ուղղակի ակնկալիքները, սպասելիքները շատ են, եւ տնօրենի հավաստմամբ` իրենք կաշխատեն ազգային պարկի սահմանները վերջնական որոշելուց հետո գումարների մի զգալի մասն ուղղել այդ աջակցության գոտու, գյուղերի զարգացմանը: Երեք տարվա տեւողությամբ ծրագրի ընդհանուր բյուջեն, եթե հանենք խորհրդատվական-կազմակերպական ծախսերի համար նախատեսված 500 հազարը, 1 մլն 700 հազար եվրո է: Գրասենյակը նաեւ ձգտում ու աշխատում է, որ ծրագիրը շարունակություն ունենա` շահագրգռելով ու նոր ներդնողներ բերելով այս տարածաշրջան: Կարեն Մանվելյանը հավաստիացրեց, որ իրենք թափանցիկ են աշխատելու եւ իրենց քայլերը համաձայնեցնելու են ինչպես տեղի համայնքների, այնպես էլ տարածքային ու հասարակական շահագրգիռ կառույցների հետ:
Հանդիպմանը մասնակցած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան մի շարք լուրջ մշակված առաջարկություններով: Դրանց կփորձենք անդրադառնալ առանձին:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի