Կառավարության ծրագրում էներգետիկայի ոլորտում քաղաքականությունը նպատակաուղղվելու է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, որը ենթադրում է էներգակիրների ներկրման ուղիների եւ էներգիայի արտադրության ձեւերի ընդլայնում, տարածաշրջանային էներգահամակարգին ինտեգրում, ժամանակակից էներգետիկ սարքավորումների կիրառմամբ նվազագույն ծախսերով էներգահամակարգի զարգացման խթանում`անվտանգության, էներգամատակարարման հուսալիության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ապահովման պահանջների կատարմամբ: Այս առումով հրատապ լուծում են պահանջում արտադրության հզորությունների սերնդափոխությունը եւ արդիականացումը, որոնց իրականացմանն են ուղղվելու օտարերկրյա պետություններից եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվող վարկային միջոցները: Այստեղ կառավարության քաղաքականությունն իրականացվելու է նախՙ պետության մասնակցության կրճատմամբ եւ մասնավոր ներդրումների ներգրավման տարբեր եղանակների կիրառմամբ, երկրորդ` նոր միջուկային էներգետիկ հզորությունների ստեղծմամբ, միաժամանակ իրականացնելով ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության բարձրացում եւ շահագործումից հանելու նախապատրաստում: Երրորդ` առկա հիդրոպոտենցիալի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ու էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանն ուղղված գիտական եւ ինժեներատեխնիկական հետազոտությունների իրականացմամբ: Հանրապետությունում գազամատակարարման ցանցի ընդլայնում, ինչպես նաեւ կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքավորումների շահագործման անվտանգության ապահովում, մասնավոր ներդրումների խթանում այն բնագավառներում, որտեղ դրանք կարող են հանգեցնել էներգախնայողության եւ էներգաարդյունավետության բարձրացման` ջերմամատակարարման ոլորտում առավել արդյունավետ համակարգերի ներդրմամբ:
Երեկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը անդրադառնալով Մեղրիում նավթամշակման գործարանի կառուցման աշխատանքներին` նշեց, որ իրականացվում են տեխնիկական աշխատանքներ, ստեղծված է հայ-իրանական հանձնաժողով եւ մոտ 2-3 ամիս հետո կարվի կոնկրետ հայտարարություն նավթազտարանի հետագա գործընթացի մասին: Նախարարը նաեւ հավելեց, որ նման խոշոր ծրագրերի աշխատանքները երկար ժամանակ են պահանջում:
Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման օգտին են խոսում նաեւ միջուկային վառելիքի եւ բնական գազի գների աճի միտումների կանխատեսումները մինչեւ 2050 թվականը: Բնական գազի գնի աճի պարագայում, որը պայմանավորված կլինի բնական գազի պաշարների նվազմամբ եւ արդյունաբերող երկրների թվի կրճատմամբ, միջուկային վառելիքի գինը կարող է դիտարկվել համեմատաբար կայուն:
Նոր ատոմային էներգաբլոկի թողարկումը նվազագույն ծախսերով միակ տարբերակն է, որն առաջնային վառելիքի տեսակների բազմազանության, վառելիքի մատակարարման տեսակետից ամենավստահելին լինելուց բացի ապահովում է նաեւ էներգետիկ անվտանգության ու անկախության, ինչպես նաեւ բնապահպանական անհրաժեշտ մակարդակ:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ