«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2008-06-05 | #107, 2008-06-06 | #108, 2008-06-07


ԳԻՐՔ-ՀՈՒՇԱՔԱՐ` ԻՐԱԿԱՆ ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Վերջին պահին ով տեսավ`

Ո՞ւմ էր կանչում օդաչուն,

Դեմքը` այրված, սրտում` ցավ,

Ո՞ւմ էր կանչում օդաչուն:

Չորս դին լեռ էր, բարձրաժայռ,

Անտառ էր խիտ, դարավոր,

Վայրէջք չեղավ, դառնացավ,

Ո՞ւմ էր կանչում օդաչուն:

Մարտ էր չորս դին ու արյուն,

Նա էլ` արծիվ երկնքում,

Մարտն իր վերից էր վարում,

Ո՞ւմ էր կանչում օդաչուն» ...

Ազատամարտում զոհված օդաչու Արամ Գրիգորյանի հայրն է այս տողերի հեղինակը, որ գրել է 25-ամյա որդու զոհվելուց հետո: Դրանք կարդում ենք Անահիտ Չիբուխչյանի «Հերոսամարտի պողպատե թեւերը» 740 էջանոց գրքում, որ Արամի ու նրա բազմաթիվ օդաչու ընկերների կյանքի ու հերոսականության մասին է: Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում այդ գրքի շնորհանդեսն էր, որի ժամանակ ազատամարտն անցած բազում օդաչուներ ու զոհված օդաչուների հարազատներ էին ներկա, ինչպես նաեւ բարոնուհի Քերոլայն Քոքսը: Օդաչուներից մեկը գիրքն այսպես գնահատեց. «Փառք Աստծու, որ այս գիրքը կա, որ եկող սերունդը կարդա եւ գոնե իմանա, որ օդաչուները իրենց մամաների կամ կանանց փեշի տակ չեն մտել, գործ են արել: Սա շատ մեծ աշխատանք է, մենք էլ առայժմ չենք գնահատում, բայց հետո երբ մենք էլ չենք լինի, ժողովուրդը կգնահատի»: Երախտիքի խոսք ասաց նաեւ Հրայր Կիրակոսյանի որդին` կրտսեր Հրայր Կիրակոսյանը , որ ծնվել էր հոր զոհվելու օրը:

«Ինչ որ արեց Անահիտը, չարեցին ոչ մեր հանրաճանաչ գրողները, ոչ ոք: Ինքս, որ կապված եմ «Էրեբունի» օդանավակայանի, թռիչքների հետ, այսքան մանրամասներ չէի կարող իմանալ, եթե այս գիրքը չլիներ: Հայրենասիրության եւ ոգեշնչման գիրք է սա, որ պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքում: Սրանից լավ նվեր չեմ պատկերացնում», ասաց տիկին Էլյա Ջունաշյանը , հայտնի Հոպարի քույրը, որ անպայման ուզում է նշել «Էրեբունի» օդանավակայանի անձնակազմի մասին` դա օդաչուների տունն էր եւ ընտանիքը:

Արցախի մայրերի միությունը զոհված օդաչուների ընտանիքի անդամներին գրադի բեկորներից ձուլած երախտագիտության մեդալներ շնորհեց, որից հետո խոսք առավ գրքի հեղինակ Անահիտ Չիբուխչյանը: «Շնորհանդեսը կարող էինք անել կամ չանել, բայց ժողովրդին ասել, թե ովքե՞ր են եղել օդաչուները, անհրաժեշտություն եմ համարում: Օդաչուները բաց թիրախ էին երկնքում, թշնամու առաջ: Օրվա մեջ 10-12 անգամ նրանք դեմ առ դեմ հանդիպում էին մահվան: Դա խենթություն էր, բայց հերոսություն էր: Նրանց մղողը ոգին էր, որ անշահախնդիր տանում էր նրանց: Յուրաքանչյուր օդաչուի գլխի համար մեծ գումարներ էին խոստացել: Նրանց չեմ ուզում տարանջատել, յուրաքանչյուրն իր ուժերի չափով արեց իր անելիքը: Նրանք թռչում էին, տանելով հումանիտար օգնություն, զենք, սննդամթերք, բերելով վիրավորներ: Նրանց համար ավելի ծանր բան, քան տանել մարդուն, ապա հետ բերել նրա դիակը` արնակոլոլ սրահում, չկար: Նրանք սիրտ ունեին, խիղճ ունեին, ու շատ-շատերը չէին մտածում, որ պատերազմից հետո ինչ-որ շահ կունենան, բիզնես կդնեն, ակնկալիքներ կունենան: Դա հաստատ եմ ասում, որովհետեւ ամեն ինչ սրտանց արեցին: Ես խոնարհվում եմ ձեր առաջ, իմ սիրելի օդաչուներ, ձեր կանանց ու մայրերի առաջ, նրանց առաջ, ովքեր չկան: Եվ ցավ եմ զգում, որ այսօր անտեսված են նրանք, ինչո՞ւ, մի՞թե արժանի էին դրան: Ախր, զոհ տված ընտանիքը միշտ սպասում ունի, որ հիշեն նրան` իր անչափելի կորուստը»:

Գրքի հեղինակը խոսեց մի շատ խոցելի երեւույթի մասին եւս, երբ իսկական հերոսի հետ մեդալ են տալիս ու մեծարում պատահական մարդու: «Ուզո՞ւմ ես լավություն անել, արա, բայց ոչ հերոսի կողքին, նրա անվան հաշվին: Նայի՛ր, տես նրանց միջեւ եղած տարածությունը», հորդորեց տիկին Չիբուխչյանը:

Օդաչուների մասին պատմող ֆիլմի ավարտից հետո զրուցում եմ դահլիճում նստած կանանց հետ: Կարինե Դայանը Համբարձումյան Գեւորգի կինն է: «Այդ օրերին հղի էի, վերհիշում է նա: Ամուսինս ոչ մի բան չէր պատմում, չէր ուզում ինձ անհանգստացնել: Հետո, երբ լույս տեսավ այս գրքի առաջին հրատարակությունը, կարդացինք, իմացանք, ինքն էլ պատմեց», ասում է նա: Մյուս տիկինը, որի անունը Ռիտա է (Ալբերտ Ջիվարյանի կինը), խնդրում է, որ չգրեմ իրենց ընտանիքի անցած սարսափելի տառապանքների մասին. «Ամուսինս չի սիրում, երբ խոսում ենք այդ մասին»: Ընդամենը մի դրվագ է պատմում. «Ամուսնուս ադրբեջանցիք գերի էին վերցրել: Երբ մահից մազապուրծ արդեն «Էրեբունի» օդանավակայանից զանգեց ու պատմեց, որ իրեն գերի էին վերցրել, դրա համար գիշերը տուն չի վերադարձել, այն ժամանակ միամտաբար բարկացա` էս էլ նո՞ր ֆոկուսներ են»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4