«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2008-06-05 | #107, 2008-06-06 | #108, 2008-06-07


ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ` ՎԱՐՊԵՏԱՑ ՎԱՐՊԵՏ

Հունիսի 6-ը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Երեկ վաղ առավոտից մարդկանց հոսքը չէր դադարում Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ համաձայն իր «կտակի», վերջին հանգրվան է գտել մեծ կոմպոզիտորը: Վարպետաց վարպետիՙ Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղու մասին ջերմ ու երախտագիտության խոսքեր ասացին ու խոնարհվեցին կոմպոզիտորի հանճարի առաջ` կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, երաժշտագետ Արաքսի Սարյանը, լոնդոնաբնակ մտավորական Ասատուր Գյոզալյանը: Վերջինս ընթերցեց իր ձոնը` նվիրված Արամ Խաչատրյանին, որի համար Արամ Իլյիչը սկսել էր երաժշտություն գրել, սակայն ցավոք... Արդեն 35 տարի է, ինչ մեզ հետ չէ մեր սիրված կոմպոզիտորը, սակայն նրա թողած հարուստ ժառանգությունը մշտապես դարձել է ուղեցույց երաժշտության բնագավառում:

Մայր աթոռի ավագ միաբան Ներսես արք. Պոզապալյանը անվանի կոմպոզիտորի հիշատակին կատարեց հոգեհանգստյան կարգ, աղոթեց, որ Արամ Խաչատրյանի հոգին արժանանա երկնային արքայության ու նոր սերունդներում նրա հոգին վերստին ծլարձակիՙ տալով նորանոր Խաչատրյաններ: Ծաղիկներով զարդարվեց կոմպոզիտորի շիրմաքարը ու խնկարկվեց նրա հիշատակը: Պանթեոնից մարդիկ հեռանում էին ոչ թե թախիծով, այլ հպարտությամբ, որ ունեցել են նման հանճարեղ կոմպոզիտոր, որին աշխարհն է ճանաչում ու կատարում նրա ստեղծագործությունները:

Ցուցադրություն

Կեսօրին կոմպոզիտորի անվան տուն-թանգարանում բացվեց նոր ցուցանմուշների ցուցադրությունը, որը հնարավոր է ՀՀ մշակույթի նախարարության կողմից հատկացված 10 միլիոն դրամով 10 սրահների վերանորոգման շնորհիվ: Թանգարանի սրահների ձեւավորումը իրականացրել է ճարտարապետ-դիզայներ Հայկազ Քոչարը: Սրահներում ներկայացված են` Ա. Խաչատրյանը Հայաստանում, թիֆլիսյան, մոսկովյան շրջաններ հասարակական գործունեություն, սփյուռքի հետ համագործակցություն եւ առանձին սրահներում «Գայանե», «Սպարտակ» բալետների հետ կապված նոր ցուցանմուշներ: Նորույթ է նաեւ հատկապես «Սպարտակ» բալետի ոգեշնչման պահը` կոմպոզիտորը Կոլիզեյի մոտ կանգնած, որը շարժական պատ է ու ընդգրկում է նյութը ամբողջությամբ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու թանգարանը երեք տասնամյակ տնօրինած Գոհար Արշակովնան գոհ էին ցուցադրությունից: Հոբելյանական միջոցառումների շարքում կոմպոզիտորի տուն-թանգարանի 30-ամյակի առիթով հունիսի 6-14-ը կանցկացվի երաժշտական փառատոն, գիտական կոնֆերանս եւ համերգային կատարումներ:

Մրցույթ

Երեկ հայտնի դարձան Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթողներըՙ 37 հայտեր ներկայացվել են տարբեր երկրներից: Երրորդ փուլ դուրս եկած 10 ջութակահարներից (5-ը` արտերկրից, 5-ը` ՀՀ-ից) եզրափակիչ փուլ դուրս եկան 6-ը` խստապահանջ ժյուրին ընտրեց մրցանակակիրներին: Նախօրոք որոշել էին առաջին մրցանակ չշնորհել, իսկ երկու 2-րդ մրցանակը տրվեց Էմիլիո Մեսեներոյին (Ֆրանսիա) եւ Մերի Խոջայանին (Հայաստան): Երրորդ մրցանակը կիսեցին Հիրոմի Իշիմուրոն (Ճապոնիա), Դիկմո Լին (Կորեա) եւ Աննա Հարությունյանը (Հայաստան): Խրախուսական մրցանակի արժանացավ Ալֆրեդո Ռեյես Լոպունովան (Մեքսիկա): Ա. Խաչատրյանի ստեղծագործության լավագույն կատարման համար հատուկ մրցանակ էր սահմանել Ա. Խաչատրյանի անվ. տուն-թանգարանը եւ այն հանձնվեց Դիկմո Լինին: Վիրտուոզ ստեղծագործության լավագույն կատարման համար Գինդ տպագրատան մրցանակը հանձնվեց Էմիլիո Մեսեներոյին: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կողմից շնորհված «Լավագույն կոնցերտմայստեր» հատուկ մրցանակը հանձնվեց Գոհար Փիլոյանին, իսկ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը տրվեց Աննա Հարությունյանին: Մրցույթի ընթացքում եւ գալա համերգին հնչեցին տարբեր կոմպոզիտորների, տարբեր դարաշրջանների երաժշտական գործեր, որով էլ պատկերացում ստեղծվեց մրցույթի մասնակիցների պատրաստվածության ու մակարդակի մասին: Համերգում բոլորը կատարեցին Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ ՀՀ մշակույթի նախարարությունը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, «Արամ Խաչատրյան» մրցույթ մշակութային հիմնադրամը անց է կացնում մրցույթ եւ այս տարի այն կրկին ջութակահարների միջեւ անցկացվեց, իսկ եկող տարի կլինի թավջութակահարների միջեւ:

Երեկ ավարտված մրցույթը կայացավ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4