«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2008-06-05 | #107, 2008-06-06 | #108, 2008-06-07


ՆԵՐԴԱՇՆԱԿ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Թերեւս, վաղուց ի վեր Թումանյան ասելով տեսնում ենք ավելին, քան իմաստուն ու բարի մարդ, բազմակողմանի զարգացած հեղինակ, ազգային գործիչ ու հնչեղ, ազդեցիկ գրիչ: Թումանյան, նշանակում է «Գիքոր», «Մարո», «Անուշ», «Դեպի անհունը», «Թմբկաբերդի առումը», «Ծիտը», ինչպես նաեւ անմահ քառյակների շարք, թարգմանություններ եւ հրապարակախոսական գործեր, որոնք հարստացնում են մարդու ներաշխարհը, բարձրացնում նրան մտավորականի մակարդակի: Թերեւս, այս նկատառումով է Թումանյանի ստեղծագործությունը դարձել «Սեւադա» արվեստանոցի գեղարվեստական ղեկավարի նպատակային հանձնարարությունը, քանի որ, ըստ Սամվել Սեւադայի . «Չնայած շատ շնորհալի երեխաներ են մեծանում, բայց քիչ են կարդում: Իմ հիմնական կռիվն է դա, որ հնարավորինս շատ ընթերցեն: Ցուցահանդեսի թեմատիկան` «Թումանյանը եւ մենք» խորագիրը ստիպեց, որ Թումանյան կարդան: Պատրաստվում ենք հաջորդ ցուցահանդեսը Չարենցի թեմաներով կազմակերպել»:

«Այս ցուցահանդեսը գրականության եւ նկարչության յուրօրինակ երկխոսություն է, որի հիմնադիրները եւ կատարողները հիմնականում երեխաներն են: Իսկ խորագիրը ցույց է տալիս, որ մենք բոլոր ժամանակներում պիտի վերադառնանք մեր ակունքներին, մեր կենսափիլիսոփայությանը, մեր գրականությանը, մեր Թումանյանին», ասում է «Հայ-Արտ» մշակութային միության տնօրեն եւ ցուցահանդեսի կազմակերպիչներից Ռիտա Շառոյանը :

Նկարատակերի գրությունները բացահայտում են, որ ցուցահանդեսին մասնակցում են ոչ միայն երեխաներ, այլեւ երիտասարդներ, որոնց ձեռքի հմտությունն ու թեմատիկ ընտրությունը տարբերվում է մանկական պարզությունից: 21-ամյա Դավիթը նկարել է «Հայոց վիշտը»` կիսաթեք ու կոտրված խաչքարով, կարմիր կակաչներով: Դավիթը մանկուց է նկարում, բայց 2 տարի է, ինչ կանոնավոր հաճախում է «Սեւադա» արվեստանոց: Իսկ 10-ամյա Ռոբերտ Պողոսյանը նկարել է «Անհաղթ աքլորին» եւ պատմում է. «Մեզ հեքիաթների գիրք տվեցին: Ընտրեցի հեքիաթը եւ նկարեցի աքլորին, ոսկու կարասն ու գտած ոսկին»:

Հունիսի 6-16-ը Հ. Թումանյանի տուն-թանգարանում գործող ցուցահանդեսը ուշագրավ էր նաեւ իր բացման յուրօրինակությամբ: «Հայ-Արտի» թատերական խմբի սաներից մեկը Գիքորի կերպարն ընդունած այցելուներին «էստի համեցեք» էր կանչում դեպի ցուցասրահ, ուր բացի նկարներից հանդիսատեսին էին սպասում նաեւ «Հայ-Արտի» թատերական խմբի թումանյանական շնչով հագեցած մանրապատում-ներկայացումը:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4