«Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան ժողովին մասնակցելու առիթով Հայաստանում էր նաեւ Կանադայի Տորոնտո քաղաքի ՀՀՀ-ի մասնաճյուղի պատվիրակությունը` ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանի գլխավորությամբ: Վերջին 3-4 տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի հանգանակած գումարներով Արցախում դպրոցներ են կառուցվում ու բացվում: Այս տարվա մայիսի 30-ին Արցախի Վերին Հորաթաղ գյուղում բացվեց նոր դպրոց: Այդ մասին տեղեկացանք պրն Մկրտիչ Մկրտիչյանից, երբ նա այցելել էր « Ազգի » խմբագրատուն: «Այդ դպրոցի կառուցումը առանձնահատուկ էր, նշեց պրն Մկրտիչյանը, քանի որ հենց դրամահավաքի ժամանակ որոշվել էր ու հայտարարվել, որ դպրոցը պետք է կոչվի Արցախի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսի անունով: Սարսանգի ջրամբարի, Դրմբոնի հանքավայրի մոտ վեր է խոյացել քառահարկ մի գեղեցիկ դպրոց, որի կառուցման ու կահավորման համար ծախսվել է 360-370 հազար ԱՄՆ դոլար: 12 դասասենյակներով, բուժկետով, համակարգչային սրահով, գրադարանով, լաբորատոր բոլոր սարքերով հագեցած դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար: Դպրոցում հատուկ կառուցվել է մեծ դահլիճ, որը յուրօրինակ մշակույթի կենտրոն է դառնում»: Դպրոցն ունի առանձին կաթսայատուն, որն ապահովելու է ջեռուցումը ձմռան ամիսներին:
Դպրոցի բացման առիթով Լոնդոնից ժամանել էր բարոնուհի Ք. Քոքսը իր որդու, հարսի եւ չորս թոռների հետ: Դպրոցի պաշտոնական բացմանը մասնակցել են ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանը, Մարտակերտի մարզպետը եւ ուրիշ պաշտոնատար անձինք: Դպրոցի բացման կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել է բարոնուհի Քոքսին, վարչապետին, պրն Մկրտիչյանին եւ դպրոցի սաներից մեկ տղայի ու մեկ աղջնակի: Վերջիններիս է «հանձնվել» դպրոցի պատասխանատվությունը:
Պրն Մկրտիչյանից տեղեկացանք նաեւ, որ առաջիկայում մի նոր դպրոց էլ կառուցելու են Արցախի Մարտունիի շրջանի Սպիտակաշեն գյուղում եւ արդեն հունիսի 8-ին նախատեսված է Տորոնտոյում անցկացնել հիմնադրամին նվիրված մեծ միջոցառում, որտեղ բանախոսն է լինելու անվանի փաստաբան Մարկ Կիրակոսը, եւ այդ օրն էլ կլինի Սպիտակաշենի դպրոցի համար հանգանակությունը:
Ավելացնենք, որ Վերին Հորաթաղի դպրոցի մի քանի դասասենյակ անվանակոչվել է Տորոնտոյի երիտասարդների հանձնախմբի անդամ Մասիս Քեշիշյանի անվամբ, որը Տորոնտոյից Մոնրեալ 600 կմ հեծանվավազք է կատարել 5 օր ու հանգանակած գումարը նվիրել դպրոցի կառուցմանը: Դպրոցի հանդիսությունների դահլիճը անվանակոչվել է նշանավոր դաշնակահար Սերուժ Գրաճյանի անվամբ, ով հատուկ դաշնամուրային համերգ էր տվել ու ողջ հասույթը նվիրել հիմնադրամին: Երրորդ ցուցատախտակը, որ փակցվել է դպրոցի դասասենյակներից մեկի մուտքին` «Տորոնտոյի հայկական դպրոցի աշակերտների կողմից` Արցախի դպրոցի աշակերտներին» գրառությամբ է:
«Տեղում ճշտեցի, որ Արցախում երեխաների ծնելիությունը բարձր է, հրաժեշտից առաջ ասաց պրն Մկրտիչյանը, ուստի մենք խնդիր ունենք դպրոցների կառուցումը շարունակելու»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ