«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2008-06-06 | #108, 2008-06-07 | #109, 2008-06-10


«ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՊԵ՞Ս ՎՍՏԱՀԻ ՄԵԶ, ԵՐԲ ԱՄԵՆ ՕՐ ԱՌՆՉՎՈՒՄ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ»

Գլխավոր դատախազը «նեղը գցեց» մարզերի դատախազներին

«Այս տարվա առաջին եռամսյակում մենք ընդամենը 51 գործ ունենք կոռուպցիոն բնույթի, որից 17-ը` հատուկ քննչական ծառայությունում, 6-ը` զինվորական դատախազությունում, 11-ը` Լոռու մարզում, 8-ը` գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գծով վարչությունում: Կոտայքի մարզում ոչ մի հայտնաբերում, կաշառակերության ոչ մի բացահայտում Արմավիրում, Արագածոտնում, Շիրակում` ընդամենը մեկ գործ, Տավուշում, Գեղարքունիքում` 2-ական գործ, Վայոց ձորում` 1 գործ», շաբաթ օրը Վանաձորում հյուսիսային մարզերի դատախազների հետ «Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ քննության» թեմայով փնջային խորհրդակցության ժամանակ մարզերի դատախազներին ասաց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Բավական ներկայացուցչական կազմով խորհրդակցությանը, որը գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր առաջին անգամ, մասնակցում էին հանրապետության հյուսիսային մարզերի դատախազները, համակարգի ներկայացուցիչներ, նախագահ Սերժ Սարգսյանի օգնական Գեւորգ Մհերյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, հարկային, մաքսային կոմիտեների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ: Երկրի ղեկին այդքան մոտ կանգնած մարդիկ հանդես եկան կոռուպցիայի, սեփական կառույցում դրա դեմ պայքարի մեխանիզմների վերաբերյալ տարբեր զեկույցներով: Կաշառակերության դրսեւորումներին քաջատեղյակ ոլորտի ներկայացուցիչների ոչինչ չասող զեկույցներին զուգահեռ գլխավոր դատախազը գործնական օրինակներով ներկաներից լավ աշխատանքի արդյունք էր ակնկալում: Սա, իհարկե, ուշագրավ էր` հատկապես, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անձամբ դահլիճում ոտքի կանգնեցրեց մի քանի մարզերի` Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի եւ Գեղարքունիքի դատախազներին ու հրապարակավ դժգոհեց, թե ինչու նրանց մարզերում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդքան քիչ են հարուցվել կամ չկան կաշառակերության բնույթի գործեր: Մարզային դատախազները կցկտուր պատասխանում էին, թե նյութեր են հավաքել եւ շուտով կներկայացնեն: «Փորձել պետք չէ, աշխատել է պետք», հակադարձեց գլխավոր դատախազը:

«Ուզում եմ ասել, որ վիճակագրական տվյալներն իրականում անբավարար են: Բնականաբար, օրենքը մեզ պարտավորեցնում է, որ անհատական մոտեցում ցուցաբերենք քրեական պատասխանատվության հարցը լուծելիս, բայց տեսեք ինչ է ստացվում` մի պետական ապարատի ներքին օղակի ծառայողի մոտ կարող է օրական 10-20 մարդ մտնի, 5-10 հազար դրամ տա: Տարվա կտրվածքով, պատկերացրեք, թե դա ինչ զանգված է կազմում, եւ այդ ամբողջ զանգվածը քանի անգամ է շփվում նման մի ծառայողի հետ, կաշառքի առարկան ընդամենը 5-10 հազար դրամ լինի, եւ մենք անհատական մոտեցում ցուցաբերելով կարող ենք ասել, որ գումարը փոքր է, բայց եթե ծավալային եւ դրա նշանակությունը վերցնենք նայենք, իհարկե, դրա դեմ մենք պետք է պայքարենք», ասաց գլխավոր դատախազը:

Կաշառակերության վերաբերյալ տարատեսակ քննարկումներին, որպես կանոն, հանրությունը շատ մեծ վերապահումով է մոտենում, որովհետեւ քննարկումները որեւէ կապ չունեն իրականության հետ, որտեղ ամեն օր մենք այս կամ այն կերպ առնչվում ենք կաշառակերության դրսեւորումներին: Դատախազության նախաձեռնած փնջային խորհրդակցությունը տարբերվեց գլխավոր դատախազի հետաքրքրական հայտարարություններով ու մոտեցմամբ, ինչը հույս ներշնչեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է ինչ-որ չափով իրական լինել: «Հանրությունն ուզում է տեսնել մեր աշխատանքի արդյունքը եւ բավարարված չէ այն պարզ պատճառով, որ ամենափոքր քաղաքում իսկ ամեն օր առնչվում է կոռուպցիոն դրսեւորումներին` սկսած ստորին օղակից: Բնականաբար, նա պիտի մեր աշխատանքը բացասական գնահատի», մեր վերապահումով մոտեցումը բառացի հաստատեց գլխավոր դատախազը:

Խորհրդակցությունն, այն էլ Աղվան Հովսեփյանի այս պահանջկոտ մոտեցմամբ, իսկապես հետաքրքրական է: Միայն մի մտավախություն կա. մարզային դատախազներին ուղղված գլխավոր դատախազի բողոքը, թե ինչու են կոռուպցիոն բնույթի գործերն այդքան քիչ իրենց մարզերում, չդառնա ինքնանպատակ մարզերի դատախազների համար, որոնք ուղղակի գործ հարուցելու համար ինչ-որ մեկին դարձնեն քավության նոխազ: Իրականում դատախազները շատ լավ գիտեն, թե կաշառակերության դրսեւորումները հիմնականում որտեղ են:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4