«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2008-06-06 | #108, 2008-06-07 | #109, 2008-06-10


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԼՈՒՐՋ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է

Բայց, չերազեք, Տ. Թորոսյանը հրաժարական չի տալու

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հրաժարական չեմ տալու, որովհետեւ չեմ տալու: Ահա այսպես կարելի է բնորոշել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ճեպազրույցը, որը տեղի ունեցավ երեկ սկսված ԱԺ հերթական քառօրյայի ընդմիջմանը: Ճեպազրույցի ցանկություն հենց ԱԺ նախագահն էր հայտնել, հավանաբար դրա համար առիթ էին ծառայել վերջին մամուլային հրապարակումները, ըստ որոնց շուտով Տ. Թորոսյանը հրաժարվելու է իր պաշտոնից եւ անցնելու է դիվանագիտական աշխատանքի: Որպես ուղեկից լուր կամ բամբասանք նշվում էր, որ մանդատը վայր դրած Հենրիկ Աբրահամյանի փոխարեն թիվ 17 ընտրատարածքում ընտրվելով` խորհրդարան է գալու այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, որն էլ հետագայում դառնալու է ԱԺ նախագահ: Հենց այդ մասին էլ հիմնականում ԱԺ նախագահին հարցեր ուղղեցին լրագրողները, ընդ որում նույն հարցը մի տասը ձեւով տվեցին:

ԱԺ նախագահը նախ ճշտեց, որ Հենրիկ Աբրահամյանը հրաժարական չի տվել (հարցն էր այդպես տրվել), ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարում են 10 դեպքում. մեկը հրաժարականն է, մյուսն, օրինակ, սահմանադրության խախտումն է. ինչ էլ իրականում տեղի է ունեցել: Տ. Թորոսյանը սա պարզաբանեց, քանի որ ինչ-որ անհեթեթ լուրեր են պտտվում: Հենրիկ Աբրահամյանը ներկայացրել է մի փաստաթուղթ` Արտաշատի գինու կոմբինատի արխիվից, որից երեւում է, որ նրան նշանակել են տնօրեն: Նման պաշտոնը պատգամավորի լիազորությունների հետ անհամատեղելի է, եւ ԱԺ կանոնակարգի 12-րդ հոդվածի համաձայն, ԱԺ նախագահը պարտավոր է կազմել արձանագրություն` պատգամավորի լիազորությունների դադարեցման մասին եւ ուղարկել ԿԸՀ. «Ակնհայտ է, որ այն, ինչ փորձում են տարածել, իրականության հետ կապ չունի», նկատեց նա:

Հենրիկ Աբրահամյանի հետ որեւէ պայմանավորվածություն չունի, չի էլ խոսել այդ թեմայով, արել է այն, ինչ նման դեպքում պարտավոր է անել ԱԺ նախագահը. «Ես որեւէ մեկի հետ «բազարների», համաձայնությունների մեջ չեմ մտնում, չեմ մտնելու երբեւէ»:

Հնչեց հարցը` ԱԺ նախագահի այլ աշխատանքի անցնելու հնարավորության մասին. «Ես ասել եմ, որ հրաժարական չեմ տալիս, խորհրդարանի նախագահի հրաժարականը լուրջ իրադարձություն է, դա կամ երկրի հիմնական սկզբունքային հարցերի վերաբերյալ տարաձայնությունների արդյունք է, կամ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունք եւ այլն: Նման որեւէ նախադրյալ գոյություն չունի, եւ ես պարզապես իրավունք չունեմ նման քայլի դիմելու: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը այս կամ այն պաշտոնում, սա խանութպանի պաշտոն չէ, որ երբ, ինչ ուզենաս` անես: Նման պարագայում մանկական խաղեր ոչ ոք իրեն թույլ տալու իրավունք չունի», մի փոքր բորբոքված ասաց ԱԺ նախագահը:

Հարցը հնչեց այլ կերպ` եթե նախագահի մակարդակով էլ Ձեզ այլ պաշտոն առաջարկվի, այդ դեպքո՞ւմ էլ հրաժարական չեք տա. «Դուք ցույց եք տալիս, որ բոլորը չէ, որ պատկերացնում են խորհրդարանի նախագահի հրաժարականի լրջությունը որեւէ երկրի համար: Նման բան չի կարող լինել, դա նշանակում է հարվածել պետության հեղինակությանը: Դա նշանակում է հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունք»: Այստեղ շատ ավելի կարեւոր խնդիր է շոշափվում` ՀՀԿ-ի պառակտման հարցը, դիտարկեց լրագրողներից մեկը. «Ես առաջարկում եմ ոչ թե բամբասանքներով շարժվել, այլ փաստերի հետ կապված հարցեր տալ. ես բամբասանքների, խարդավանքների եւ այլ երեւույթների չեմ անդրադառնում երբեք, այս 9 տարիների ընթացքում, կարծում եմ, բազմիցս համոզվել եք»: «Նման հարց որ տալիս են մարդիկ, չեն պատկերացնում ո՛չ քաղաքական համակարգը, ո՛չ խորհրդարանն ու նրա նախագահի պաշտոնը եւ ո՛չ էլ նման երեւույթների կարեւորությունը երկրի համար», արդեն նյարդայնացավ Տ. Թորոսյանը: «Ո՞ր դեպքում հրաժարական կտաք», ձեռք չէին քաշում լրագրողները. «Անհեթեթ հարցերի վերջը պետք է դնել, քանի որ դուք ձեզ վիրավորում եք ձեր հարցերով. հրաժարական լինում է այն դեպքում, երբ քաղաքական տարաձայնություններ են առաջանում երկրում քաղաքական ուժերի, հանրապետության նախագահի միջեւ: Այդպիսի խնդիր չկա, սա մեկ, մնում է քաղաքական իրավիճակի ինչ-որ կտրուկ փոփոխություն` նման բան տեղի չի ունեցել»:

Ճեպազրույցից լրագրողների ստացած տպավորությունն այն էր, որ ջինը շշից դուրս է եկել, եւ ԱԺ նախագահը փորձում է հետ վերադարձնել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4