«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2008-06-07 | #109, 2008-06-10 | #110, 2008-06-11


ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ

Որքան էլ երկրում հետեւողականորեն անտեսվի էթնիկ ոչ թուրք խմբավորումների առկայությունը

2007-ի մարտին Մալաթիայում դաժանաբար սպանվել էին քրիստոնեական գրականություն հրատարակող «Զիրվե» հրատարակության երեք աշխատակիցներ, մեկըՙ գերմանացի: Սպանությունից հետո ազգային անվտանգության խորհուրդը կարգադրել է «Թուրքիայում էթնիկ խմբավորումների տեղաբաշխման» վերաբերյալ զեկուցագիր պատրաստել, որին ձեռնամուխ են եղել Կեսարիայի, Էլյազիգի եւ Մալաթիայի համալսարանների դասախոսները: Զեկուցագիրը կցվել է քրիստոնյա միսիոներների սպանության գործին:

Նշելով զեկուցագրի մասին հունիսի 6-ի համարում, «Միլիեթը» գրում է, որ դա ուշագրավ վիճակագրական տվյալներ է պարունակում երկրի էթնիկ եւ կրոնական խմբավորումների առնչությամբ: Դրանցից թերեւս պետք է առանձնացնել ալավիներին վերաբերող տվյալները, որովհետեւ տարբեր աղբյուրներում նրանց թիվը 5 միլիոնից 25 միլիոն է ներկայացվում, իսկ ուսումնասիրությունում, որը զեկուցագրի համար հիմք են ընդունել վերոհիշյալ դասախոսները, շուրջ 8 միլիոն 750 հազար: Ըստ «Միլիեթի», եւս մեկ միլիոն ալավի բնակվում է եվրոպական երկրներում, եթե նրանց գումարենք այն ութ նահանգի ալավիներին, որոնք չեն ներառվել ուսումնասիրության շրջանակում, ապա կարելի է ասել, որ Թուրքիայում ալավիների թիվը 10 միլիոն է:

Սակայն խնդրո առարկա ուսումնասիրությունը պրոֆ. Շաբան Քուզգունի գլխավորած աշխատանքային խումբը կատարել է ութ տարի առաջ, որի շրջանակներում ընդգրկվել են ոչ թե 76, այլ 68 նահանգներ: Թուրքական թերթը նկատի առնելով անցած ութ տարիներին ալավի բնակչության աճը, ենթադրում է, որ ալավիները հասած կլինեն 11 միլիոնի: Դա համազոր է Թուրքիայի բնակչության 15 տոկոսին, իսկ ալավիները դավանանքով շիա են, ինչի հիման վրա «Միլիեթը» եզրակացնում է. «Երկրում սուննիները կազմում են բնակչության 85 տոկոսը»:

Ըստ ուսումնասիրության, Թուրքիայում էթնիկ խմբավորումներն ունեն հետեւյալ կազմը.

Թուրքեր.- Այս խմբում են ընդգրկված թուրքմենների, յորուքների, թահթաջիների, քարաչայի, ազերիի պես թուրքական ծագում ունեցողների թիվը 50 մլն է կազմում: Եթե նրանց, անկախ ծագումից, թուրքացածներին էլ ավելացնելու լինենք, ապա երկրում թուրքերի թիվը կհասնի 55 մլն:

Քրդեր.- Զեկուցագրում քրդերը ներկայացված են առավելագույն բնակչություն ունեցող երկրորդ էթնիկ խմբում: Զազաներով հանդերձ, որոնք 3 մլն են, քրդերը Թուրքիայում ավելի քան 12 մլն 600 հազար են: Սակայն նրանց շուրջ 2,5 մլն-ը բռնել է թուրքացման ուղին:

Վրացիներ.- Գլխավորապես բնակվում են Օրդուի, Արդվինի, Սամսունի պես քաղաքներում, ինչպես նաեւ Մարմարա ծովի առափնյա շրջաններում: Նրանց թիվը հասնում է շուրջ 1 մլն-ի: Վրացիների ճնշող մեծամասնությունը, բացառությամբ Սեւ ծովի առափնյա մի քանի քաղաքներում բնակվողների, մոռացել է վրացերենը, սակայն Վրաստանի անկախացմամբ նկատվել է նախնյաց արմատներին վերադառնալու ձգտումներ:

Բոշնակներ.- Բնակվում են Ադաբազարիում, Իզմիրում եւ Մանիսայում: Երկրում բոշնակները շուրջ 2 մլն են:

Չերքեզներ.- Երկրի տարբեր շրջաններում բնակվող չերքեզների թիվը 2,5 մլն է, սակայն նրանց 80 տոկոսը մոռացել է մայրենի լեզուն:

Արաբներ.- Բնակվում են Սղերթում, Շըրնաքում, Մարդինում, Դիարբեքիրում, Ուրֆայում, Հաթայում եւ Ստամբուլում: Արաբ բնակչությունը 870 հազար է:

Ալբանացիներ.- Թուրքիայում ալբանացիների թիվը 1 մլն 300 հազարից ավելի է, սակայն նրանց կեսից ավելին թուրքացած է: Նրանցից 500 հազարը միայն պահպանում է «ալբանական ինքնությունը»:

Լազեր.- Սեւ ծովի առափնյա արեւելյան շրջանների բոլոր բնակիչներին լազ համարելու պատճառով լազերի թիվը երկրում խիստ ուռճացվել է: Մինչդեռ նրանք 80 հազարից չեն անցնում, որովհետեւ կովկասյան խմբին պատկանող եւ լազերենի տիրապետող բուն լազերը բնակվում են Ռիզեյի եւ Արդվինի մի քանի գյուղերում միայն, ինչպես նաեւ արտագաղթի հետեւանքով Մարմարայի ավազանի որոշ քաղաքներում:

Համշենցիներ.- Լազերի պես բնակվում են Ռիզեյի եւ Արդվինի որոշ գյուղաքաղաքներում, շուրջ 13 հազար են:

Պոմակներ.- Ոմանց համաձայն, թուրքական, իսկ որոշ տվյալներով, սլավոնական ծագում ունեցող պոմակների թիվը Թուրքիայում 600 հազար է, բոլորն են թուրքացած են:

Էթնիկ այլ խմբավորումներ.- Թուրքիայում այս խմբավորումներին պատկանող բնակչությունն ավելի քան 1 մլն է, որոնցից 700 հազարը գնչուներ են: Թուրքիայում կա նաեւ շուրջ 60 հազար հայ, 20 հազար հրեա, 15 հազար հույն եւ աննշան ասորի բնակչություն:

Զեկուցագրում ուշադրություն է հրավիրվել էթնիկ խմբավորումների աճի տեմպերի վրա, որի համաձայն վերջին 15 տարիներին նվազել է թուրքերի թիվը: Իսկ քրդերը տարեկան 2,5 տոկոս աճ են արձանագրել: Հակառակ դրան, բոշնակների թիվըՙ 0,12, թուրքերինըՙ 0,8, ալբանացիներինըՙ 0,5 տոկոսով կրճատվել է: Փոխարենը սակայն աճել է թուրքացող քրդերի, չերքեզների, ալբանացիների, ինչպես նաեւ արաբների թիվը:

Պրոֆ. Քուզգունի գլխավորությամբ 8 տարի առաջ կատարված ուսումնասիրության տվյալներին «Միլիեթը» մեզ ծանոթացրել է «Թուրքիայում էթնիկ խմբավորումների տեղաբաշխման» զեկուցագրի միջոցով: Այսինքնՙ մեզ հայտնի են ոչ թե ուսումնասիրության տվյալները, այլ զեկուցագրում դրանց արտացոլումը: Այդ իսկ պատճառով անդրադառնանք զեկուցագրին, նշելով դրանում ներառված տվյալների իրարամերժությունը: Ի՞նչ առումով, այն, որ թուրքերի թիվը Թուրքիայում 0,8 տոկոսով կարող է նվազել այն դեպքում միայն, եթե մինչ այդ թուրքի համարում ունեցողները վերադառնան իրենց նախնյաց արմատներին: Քանի որ արմատներին վերադարձողները չէին կարող էթնիկ թուրք լինել, ուստի զեկուցագրում խիստ ուռճացված պետք է լինի էթնիկ թուրքերի քանակը: Կամ, ինչպես է լինում, որ Արդվինի եւ Ռիզեյի ընդամենը մի քանի գյուղերում բնակվող լազերը 80 հազարի են հասնում, իսկ այդ նույն նահանգների գյուղաքաղաքներում բնակվող ծագումով հայ համշենցիները սահմանափակվում են 13 հազարով, էլ չենք խոսում, որ վերջիններս կազմում են ե՛ւ Արդվինի, ե՛ւ Ռիզեյի, ե՛ւ Հոփայի բնակչության բուն զանգվածը:

Զեկուցագրում արհեստականորեն նվազեցված է նաեւ ալավիների ու քրդերի թիվը: Հիշեցման կարգով նշենք, որ 1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո գեներալ Քենան Էվրենի կարգադրությամբ անցկացված ուսումնասիրության արդյունքներով Թուրքիայում ալավիների թիվը 20 միլիոնի էր հասնում, իսկ Թուրգութ Օզալը դեռեւս 90-ականի սկզբին ասել էր, որ երկրում 15 մլն քուրդ բնակչություն կա: Ընդ որում Օզալը որպես Թուրքիայի նախագահ, քրդերի թիվն ուռճացնելու որեւէ խնդիր չպետք է ունենար:

Խիստ նվազեցված է նաեւ լազերի եւ մյուսների թիվը: Սակայն զեկուցագիրն այնուամենայնիվ չի ժխտում Թուրքիայում ալավիների, քրդերի, այլ կրոնական եւ էթնիկ խմբավորումների առկայությունը, որքան էլ դա պայմանավորված լինի այդ խմբավորումների ինքնագիտակցության բարձրացմամբ: Այլ կերպ, էթնիկ ոչ թուրք խմբավորումների հետեւողական անտեսումը Թուրքիայում չի հանգեցրել օրակարգից ազգային խնդիրների դուրսմղմանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4