Անվտանգության 6 նոր գոտի Թուրքիայում
Թուրքական օդուժը ներխուժել է Հյուսիսային Իրաք եւ քրդաբնակ շրջաններում հարվածել ՔԲԿ գրոհայինների դիրքերին: Այդ մասին երեկ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Իրաքյան Քրդստանի անվտանգության ուժերի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, Դահուկի նահանգում երկուշաբթի օրը ռմբակոծվել է քրդական գյուղերից մեկը:
Թուրքիան պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում ՔԲԿ անջատականների դեմ, որոնք, Անկարայի տվյալներով, հենակետեր ունեն Հյուսիսային Իրաքի լեռներում: Թուրքիայի հարավ-արեւելքում քուրդ գրոհայինների դեմ ակտիվ գործողություններ են մղվում մասնավորապես վերջին 6 ամիսներին: Բանակը քուրդ անջատականների դեմ կռվելիս, Հյուսիսային Իրաքի տարածք է մտնում կառավարությանը խորհրդարանի տրամադրած մեկտարյա լիազորության հիման վրա:
ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին է դասված Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոմիության որոշ երկրներում:
Հաղորդվում է նաեւ, որ Թուրքիայի գլխավոր շտաբը անվտանգության 6 նոր գոտի է ստեղծել երկրի հարավ-արեւելքում: Այդ գոտիները գտնվում են Իրաքին սահմանակից երեք նահանգներում, ինչպես նաեւ Իրանին սահմանակից Վանի նահանգում: Հունիսի 12-ից մինչեւ սեպտեմբերի 12-ը այդ 6 գոտիներում բանակը ՔԲԿ-ի դեմ պայքարելիս կունենա ընդլայնված լիազորություններ:
Անվտանգության գոտիները փակ շրջաններ են, որտեղ փաստորեն գործում է ռազմական ռեժիմ: Քաղաքացիական անձինք չեն կարող այնտեղ մտնել առանց հատուկ թույլտվության: Զինվորականներն այնտեղ իրավունք ունեն կրակ բացելու հրամաններին չենթարկվողների վրա: