«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2008-06-07 | #109, 2008-06-10 | #110, 2008-06-11


ԼՌՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԲԱՐԲԱՌԵԼ...

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերջերս լույս է ընծայել «Հայոց ցեղասպանության մասին անգլերեն ուսումնասիրություններ եւ հետազոտություններ» շարքի առաջին հատորը, որը նվիրված է Լոս Անջելեսի UCLA համալսարանի հայագիտական ամբիոնի գիտաշխատող, գրականագետ դոկտոր Ռուբինա Փիրումյանի «And Those Who Continued Living In Turkey after 1915» («Իսկ նրանք, ովքեր շարունակեցին ապրել Թուրքիայում 1915-ից հետո») անգլերեն ուսումնասիրությանըՙ 277 էջ:

Հատորը մաս է կազմում հեղինակի եռահատոր մի մեծ ծրագրի, որը պիտի ամփոփի ինչպես սփյուռքահայ, այնպես էլ խորհրդահայ երկրորդ եւ երրորդ սերունդների անդրադարձը Հայոց ցեղասպանությանը, թե ինչպե՞ս ծնողների, մեծ հայրերի եւ մեծ մայրերի ողբերգական անցյալի հիշողությունները փոխանցվել են նրանց եւ ազդել նրանց աշխարհայացքի, կյանքի ընկալման, ի վերջոՙ նրանց ինքնության վրա. եւ այդ բոլորը հայ եւ օտար գեղարվեստական գրականության միջոցով:

Սույն հատորում Ռ. Փիրումյանն առաջին անգամ գիտական խիզախությամբ հետազոտության ասպարեզ է ընտրել այն թուրք եւ հայ գրողներին, ովքեր երկարատեւ լռությունից հետո վերջապես արծարծում են այդ կարգի թեմաներ:

Ուսումնասիրության մեջ հեղինակը քննության է առնում հայկական ինքնության հետեղեռնյան ձեւախեղումների արտացոլումը թուրքական եւ ստամբուլահայ գեղարվեստական գրականության մեջ: Հեղինակն անդրադառնում է հանրապետական Թուրքիայի ամբողջ պատմության ընթացքում ազգային փոքրամասնությունների իրավունքների բռնադատմանն ու խտրականության մթնոլորտում հայ ժողովրդի անցյալի կրած հավաքական տառապանքներին, որոնք երկար ժամանակ թաղված մնացել էին լռության մեջ: Հաջորդական իշխանությունները արգելել էին հայոց պատմության, աշխարհագրության եւ նման զգայուն նյութերի դասավանդումը հայկական դպրոցներումՙ կանխելով պատմական հիշողության բնականոն, սերնդեսերունդ փոխանցումը: Թուրքական իշխանությունների` Հայոց ցեղասպանության իրողության հետեւողական ուրացման եւ մոտիկ անցյալի նկատմամբ ցուցաբերված խտրական մոտեցման հետեւանքով մոռացության մատնվեց Հայկական հարցը Թուրքիայում:

Քաղաքական ու ընկերային ճնշվածության այդ պայմաններում «ցեղասպանությունը վերապրած ու Թուրքիայում իր կյանքը շարունակող հայ մարդը ինչպե՞ս է ընկալել ու ընկալում իր ազգային ինքնությունը եւ ինչպե՞ս է պահել այդ ինքնությունը»: Հարցեր, որոնք մտահոգում են հեղինակին, եւ նա հանգամանորեն քննության է առնում ցեղ, լեզու, պատմություն, մշակույթ, ավանդույթներ, հողային պատկանելություն եւ այլ ազդակներ, որոնցով ձեւավորվում է ազգային ինքնության բարդ կառույցը: Հեղինակն այդ ելակետից ուսումնասիրում է ցեղասպանությունից որեւէ կերպով փրկված այն հայերի հոգեբանական բարդույթները, որոնք կամովին կամ պարտադրանքով մնացել են Թուրքիայումՙ զբաղեցնելով իրենց տեղը թուրք հասարակության մեջ:

Հեղինակն այդ լայն համայնապատկերի մեկ ծայրում տեսնում է այն անհատներինՙ մեծ մասամբ կանանց ու երեխաներին, որոնց մի որեւէ թուրք, քուրդ կամ արաբ «փրկել» էՙ գնել կամ առեւանգել եւ բռնի կրոնափոխել: Նրանք շարունակել են ապրել մահմեդական միջավայրում, երեխաներ են մեծացրել: Սակայն գոյություն ունեն ընտանիքներ կամ ընտանիքների խմբեր, որոնք մահմեդականություն ընդունելով զերծ են մնացել տեղահանությունից ու ջարդերից: Նրանցից ոմանք օտարացել ու ձուլվել են իսլամ հասարակության մեջ, իսկ ոմանքՙ առերեւույթ պահել են մահմեդականությունը, բայց գաղտնի դավանել քրիստոնեությունՙ դառնալով ծպտյալ հայեր, ոմանք էլ` հարմար առիթն օգտագործելով, վերադարձել են իրենց արմատներին, բայց, հալածանքներին չդիմանալով, լքել են իրենց ծննդավայրը, փոխադրվել Ստամբուլ կամ արտասահմանյան երկրներՙ նպաստելով թուրքական իշխանությունների հետապնդած գերնպատակինՙ «երկրի ներսը մաքրել հայկական տարրից»:

Համայնապատկերի մյուս ծայրում հեղինակը տեսնում է ստամբուլահայ համայնքը, որը համարվում է կրոնական փոքրամասնություն եւ օրեցօր նվազում է: Անցյալում նա գրեթե միշտ լռություն է պահպանել: Եվ ինչպես թուրք սոցիոլոգ, պրոֆեսոր Ֆաթմա Մյուգե Գյոչեքն է գրել, յոթանասունհինգ տարի տեւեց, մինչեւ ստամբուլահայ գրողը համարձակություն գտավ իսլամ հասարակությանը պատմելու տեղահանության ու ջարդերի մասին, որոնք այնքան կարեւոր մասն են կազմում նրա ու նրա նախորդների անհատական եւ հավաքական հիշողության: Ռ. Փիրումյանը եւս գրում է. «Վերջին տարիներին իրավիճակը փոխված է Թուրքիայում: Պատռված է լռության վարագույրը, մանավանդՙ դրսում ապրող թուրք մտավորականները փորձում են հաշվի նստել անցյալի հետ ու հայտնաբերել իրենց հայրենիքի պատմության մութ կամ բոլորովին ջնջված էջերը»: Նա անդրադառնում է թուրք ազգային ծայրահեղականների կողմից «Ակօս»-ի խմբագիրՙ Հրանտ Դինքի սպանությանը, որը հեղաշրջեց թուրք հասարակությանը: Նա հայտարարում էր, որ ինքը թուրք չէ, այլՙ հայ է Թուրքիայից, այսինքնՙ հարցականի տակ էր առնում «թուրք ինքնության» գաղափարը: Դինքը որոնում էր կրոնափոխ հայերին, խրախուսում հայի արյուն կրող, հայ նախնի ունեցող թուրքերին, որոնք պետք է վերանայեն իրենց ազգային ինքնությունը: Ի վերջո, Հրանտ Դինքն անվախորեն հայտարարում էր, որ 1915-ին պատահածը ցեղասպանություն էր:

Այնուհետեւ հեղինակն անդրադառնում է թուրք այնպիսի առաջավոր մտավորականների ստեղծագործություններին, ինչպիսին Քեմալ Յալչընն է իր «Հոգիս քեզնով կը խայտայ» գրքով: Նա եւս իր սերնդակիցներիՙ Թաներ Աքչամի, Օսման Քոքերի եւ շատ ուրիշների նման սկզբում ոչինչ չի իմացել հայերի մասին: Եվ ինչպես ինքն է խոստովանել, ինքը եւս դպրոցում սովորել է, որ «հայերը դավաճաններ էին, որոնք Թուրքիայի թշնամիների հետ միացած փորձեցին երկրի իշխանությունը տապալել»: Սակայն Յալչընը հետագայում ծանոթացավ 1915-ի իրադարձություններին եւ դրանց բացարձակ ուրացմանը, ականատես եւ ականջալուր եղավ իսլամացված հայերի նկատմամբ շարունակվող խտրականությանն ու հալածանքին եւ առաջին թուրքն էր, որ հետաքրքրվեց, հանգամանորեն գրի առավ նրանց արգելված ու մոռացության դատապարտված պատմությունըՙ ի հայտ բերելով ճշմարիտ իրականությունը:

Հեղինակն անդրադառնում է նաեւ Օսման Քոքերի գրվածքներին, ինչպես նաեւ համշենահայերի պարտադրված կրոնափոխությանը, առերեւույթ կրոնափոխ դարձած «թաքուն» կամ «ծպտյալ» այն անձանց, որոնք հաճախ պատրաստ են վերադառնալ իրենց արմատներին:

Գրքում քննության են առնված նաեւ քուրդ գրող Մեհմեդ Ուզանի, թուրք գրողներ Ֆեթհիե Չեթինի, Օրհան Փամուքի, Էլիֆ Շաֆաքի եւ այլոց ստեղծագործություններում նկարագրված, ստիպողական հանգամանքներում մահմեդականություն ընդունած, բայց իրենց հայեցի արմատները չմոռացած հերոսները, որոնք տասնամյակներ շարունակ լռել ենՙ հոգու խորքում անթեղած պահելով իրենց ազգային ողբերգությունը:

Այնպես որ, լռության դատապարտված պատմությունը սկսում է բարբառել...

ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4