«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2008-06-07 | #109, 2008-06-10 | #110, 2008-06-11


Ս. ՆՈՐԱՇԵՆԻ ՀԱՐՑԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍ

«Ակումբային» գործելակերպը հարց տալո՞ւ, թե՞ ելույթ ունենալու հնարավորություն

Ժուռնալիստիկան հետաքրքրական բնագավառ է` թեկուզ շփումների աներեւակայելի բազմազանության ու կյանքին համընթաց երբեւէ հանգստի վիճակ չգրանցելու առանձնահատկությամբ: Բայց ոլորտը ներկայացնողներից շատերը դերակատարումները շփոթելու մոլորության մեջ են, եւ դեռ շնորհակալ պիտի լինենք, որ դա չեն անում զուտ լրագրողական գործունեությամբ:

Ասվածը բնավ էլ լրագրողների վատ հատկություններից չէ: Ավելի հաճախ մենք` հայերս ում ասես մեղադրելու եւ մեղավորությունը մեզանից հեռացնելու մոտեցմանն ենք կողմնակից դառնում, մինչդեռ երեւույթները երբեք էլ մեզանից անկախ ու առանց առնչության չէ, որ տեղի են ունենում, այն էլ մեզ հետ:

Առաջին անգամ չէ, որ գնում եմ «Հայելի» ակումբում որոշ հյուրերի ունկնդրելու եւ ենթադրյալ հրատապություն ունեցող թեմայի առնչությամբ ինձ հետաքրքրող հարցերը տալու: Բայց ակումբի մոդերատոր-վարող Անժելայի պարագայում ակումբի գործունեությունը մեկ մարդու թատրոնից գրեթե չի տարբերվում: Հանդիպումը վարելու փոխարեն նա կամ ինքն է հարց տալիս կամ, ավելի վատ, հյուրերի փոխարեն փորձում իր կարծիքն արտահայտել: Եվ սաՙ անընդհատ: Եվ մինչ կներկայացնեմ երեկ այդ ակումբում տեղի ունեցածը, խոստանամ, որ այսուհետեւ այդ ակումբի «աշխատանքին» կմնամ անտարբեր:

Անցնելով քննարկվող թեմային, նշեմ, որ Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ղեկավար Հովակիմ վարդապետ Մանուկյանն ու «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ Թամարա Վարդանյանը խոսում էին մայիսի կեսերին Թբիլիսիի Ս. Նորաշեն հայկական եկեղեցուն առնչվող իրավիճակից ու դրա պատճառահետեւանքային հանգամանքներից:

Հովակիմ վարդապետի ներկայացմամբ, հայերը Վրաստանում դարավոր ներկայություն ունեն, եւ այսօրվա 150000-անոց թիֆլիսահայ համայնքը իր կրոնական իրավունքների պաշտպանության խնդիր ունի` ի դեմս Վրաստանում «վիճահարույց» որակվող 6 եկեղեցիները հայկական եկեղեցուն վերադարձնելու խնդրի: Ըստ հոգեւորականի, եկեղեցիների խնդիրն ու Վրաստանում ընդհանրապես բոլոր կրոնական համայնքների կարգավիճակի չլուծված լինելը մնում են օրակարգային հարցեր:

«Ազգի» ընթերցողները մինչեւ մայիսին վրացի քահանա հայր Թարիելի կողմից հերթական անգամ Նորաշենը վրացականացնելու փորձերը եւս տեղեկացվել են Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու խնդիրներին, իսկ «Ազգի» մայիսի 17-ի, 21-ի, 22-ի, 23-ի համարներում ամենայն մանրամասնությամբ ներկայացվել են հենց Ս. Նորաշենին վերաբերող իրավիճակն ու հնարավոր զարգացումները: Այս առումով երեկվա ասուլիսում նորություն չկար:

Ամեն դեպքում, փորձագետ Թամարա Վարդանյանի ներկայացմամբ էլ, ընդհանրացնելով հարցը, նշվեց, որ հայկական եկեղեցիների խնդիրը վրաց-հայկական հարաբերությունների մաս են այն դեպքում, երբ վրացիների համար Ս. Նորաշենը վիրահայոց թեմին վերադարձնելը կարող է դիտվել որպես պարտություն` հայկական կողմի հաղթանակի համեմատությամբ: Վարդանյանի մատուցմամբ, պասսիվ է նաեւ թիֆլիսահայ համայնքը, որտեղ չկա միավորող կենտրոն: Ավելին, ըստ փորձագետի, թիֆլիսահայ համայնքը, բնավ էլ ոչ ջավախահայության նմանությամբ, աղճատված է, թույլ ու բզկտված:

Միեւնույն ժամանակ, որոշակի հակասություններ առկա են վրացական պետության եւ վրաց եկեղեցու առաջնորդների միջեւ, որի ֆոնին դժվար է հասկանալ, թե ում եւ ինչու են հարմար ներկա պահին հայկական եկեղեցիների շուրջն առաջացած իրավիճակի այսօրինակ զարգացումները: Իսկ թե այս ամենում ինչ դերակատարում ունի կամ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետությունը եւ արդյոք արդեն իսկ արվածը կարելի՞ է բավարար գնահատել` միանշանակ պատասխան չհնչեց:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Մենք` լրագրողներս հաճախ ենք մոռանում մեր տեղի ու դերի մասին ու քաղաքական գործիչներին հատուկ սեփական կիսատ-պռատ տեղեկացվածությամբ ու գերազանցության զգացումով ենք միջամտում հարցերի, որոնց առնչությամբ մեր կարծիքը չեն էլ հարցրել: Հայաստանյան իրականությունը հայ լրագրողին լիուլի հնարավորություն է տալիս կարծիք արտահայտելու, բայց լրատվամիջոցի՛ միջոցով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4