Քաղաքական նպատակահարմարությո՞ւնն էր պատճառը, թե՞ վաղուց էր անհրաժեշտություն առաջացել, այլեւս այնքան էլ էական չէ, փաստ է սակայն, որ ՀՀ նոր կառավարությունը արտակարգ իրավիճակների վարչությունը վերափոխեց նախարարության, նախարարական պորտֆելն էլ հանձնեց ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանին:
Երեկ նորանշանակ նախարարն իր ներկա պաշտոնում առաջին անգամ մամլո ասուլիսի էր հրավիրել լրագրողներին, ավելի մանրամասն խոսելու արտակարգ իրավիճակների եւ դրանց կանխարգելման, վերացման հարցերի շուրջ: Նա լրագրողների հարցադրմամբ, այնուամենայնիվ, անդրադարձավ վարչությունից նախարարության վերափոխմանը եւ պատճառաբանեց դա հետեւյալ կերպ: «Նախարարության մեջ ներառված են փրկարար ծառայությունը, Հայպետհիդրոմետ ծառայությունը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, պետական ռեզերվներ, պետական տեխնիկական անվտանգության կենտրոնը: Նախարարությունը ընդգրկում է այն կառույցները, որոնք մինչ այդ այլ գերատեսչությունների շրջանակներում էին: Այսօր նպատակը ընդհանուր քաղաքականության եւ համալիր կառավարման մեջ է, ընդ որում, ոչ միայն փրկարարության, այլեւ շատ այլ ծառայությունների»: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ըստ Մ. Շահգելդյանի, այսօր իր առջեւ դրել է 3 հիմնական գործառնական խնդիր` կանխատեսումներ եւ կանխարգելումներ, փրկարարական գործունեություն եւ հետեւանքների առաջնային վերացում: Նախարարության գերակա խնդիրներից նա առանձնացրեց ռազմավարության մշակումը, ոլորտը կանոնակարգող օրենքների արդիականացումը եւ դրանց միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:
Նախարարը տեղեկացրեց, որ շուտով Հայաստանի քաղաքացին էլ է հնարավորություն ունենալու արտակարգ իրավիճակների դեպքում զանգահարելու 911 կամ 111 հեռախոսահամարով: Բացի այդ, Հայաստանում նախատեսվում է ստեղծել ճգնաժամային իրավիճակներում կառավարման արդիական կենտրոն` տեխնիկական ամենավերջին նորամուծություններով զինված:
Ամենադժվար լուծելի խնդրի մասին «Ազգի» հարցին ի պատասխան նախարարը հիշատակեց արտակարգ իրավիճակների առաջացման ու զարգացման անսպասելիության եւ արագության, վերջին տարիներին տեխնածին եւ բնածին աղետների քանակի մի քանի անգամ ավելանալու, զենքի ու զինատեսակների արդիականացման փաստերը: «Մենք գործում ենք մի ոլորտում, որտեղ սպառնալիքները եւ ռիսկերի մակարդակներն անընդհատ նորացվում են», նշեց Մ. Շահգելդյանը:
Գազալցակայանների անվտանգության հարցին պատասխանելով, նախարարը խոսեց նրանց մասնավոր լինելու մասին: Նա կարծիք հայտնեց, որ անվտանգության ոլորտում վերահսկողական մեխանիզմները շատ ավելի կոշտ պետք է լինեն: Ըստ Մ. Շահգելդյանի, ընդհանրապես «անվտանգության աուդիտի» մեխանիզմները շատ ավելի ընդգրկուն պետք է լինեն` անկախ նրանից, դրանք հրդեհային, թե սեյսմիկ շինարարության հիմնախնդիրներ են, թե` տեխնիկական անվտանգության:
«Մենք ունենք տեխնիկական վերազինման եւ համալրման խնդիրներ մարզերում, որտեղ իրականացնելու ենք միջազգային պիլոտային ծրագրեր, տեղեկացրեց արտակարգ իրավիճակների նախարարը: Մասնավորապես շվեյցարացիների հետ ծրագրեր կիրականացնենք բոլոր մարզերում, ընդ որում` պատրաստում, վերապատրաստում, հասարակական եւ պրոֆեսիոնալ փրկարարների բազաների ստեղծում, տեխնիկական միջոցների վերազինում եւ պահեստների ձեւավորում: Մինչեւ 2011 թվականն աշխատելու ենք եւ ձեզ պարբերաբար տեղեկատվություն կտանք այդ աշխատանքների մասին», վստահաբար եւ գործնական տոնով եզրափակեց Մ. Շահգելդյանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ