«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2008-06-07 | #109, 2008-06-10 | #110, 2008-06-11


ԼԱՎ ՉԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ, ՍՏԵՓԱՆ ՋԱՆ

Մարտի 1-ի իրադարձությունները քննող ԱԺ հանձնաժողովը ստեղծվում է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ խորհրդարանը սկսեց քննարկել հասարակության սպասած «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակն է Վիկտոր Դալլաքյանը, բայց քանի որ այդ նախագծին միացել է նաեւ կոալիցիան, փաստաթղթի նախնական հեղինակ Վիկտոր Դալլաքյանը «1+111» ֆորմատ անունը կպցրեց` 1-ը ինքն էր, 111-ը` կոալիցիան, իր նույնքան պատգամավորով: Դե լավ` «1+111» թող լինի, այնքան էլ վատ անուն չէ, եթե կպչի նոր ստեղծվելիք ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին:

Ըստ ԱԺ կանոնակարգի` ԱԺ բոլոր հանձնաժողովներն, այդ թվումՙ ժամանակավոր, ձեւավորվում են միայն պատգամավորներով: Այնպես որ արտախորհրդարանական ուժերը, այդ թվումՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները ստեղծվելիք հանձնաժողովում միայն խորհրդակցական ձայնի իրավունք կարող են ունենալ, քվեարկության իրավունք չունեն: Իսկ նախագիծը ներկայացնող Դալլաքյանը արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ընդգրկումը հանձնաժողովում նախատեսում է:

Ներկայացվելիք հանձնաժողովն ունենալու է 11 անդամ: Ավանդաբար ստեղծվող համանման հանձնաժողովների կազմավորման հիմքում խմբակցությունների թվակազմն է լինում. այսինքնՙ ՀՀԿ-ն պետք է ունենար 4-5 անդամ, «Ժառանգությունը»` 0,5: Վ. Դալլաքյանի նախագծում բոլոր 5 խմբակցություններից յուրաքանչյուրը 2 անդամ ունի, 1 տեղ էլ տրվում է անկախ պատգամավորներին: Այս հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու են նաեւ միջազգային փորձագետներ, իսկ հանձնաժողովում խորհրդակցական ձայնի իրավունք ունեցողները կարող են ներկայացնել հատուկ կարծիք:

Հանձնաժողովի նախագահի հարցում Վ. Դալլաքյանի եւ կոալիցիայի ներկայացուցիչների կարծիքները բաժանվում են. կոալիցիան առաջարկում է համանախագահների ինստիտուտը, բայց Դալլաքյանն ասում է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը նախատեսում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի կարգավիճակ միայն, իր կողմից նա առաջարկում է հանձնաժողովի նախագահ առաջադրել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչին:

Հանձնաժողովին ներկայացվող պահանջների մեջ Վ. Դալլաքյանը թվեց հանձնաժողովի հասարակական վստահության հարցը, նրա օբյեկտիվ աշխատելն ու իմիտացիա չստեղծելը, ինչն ավելի վտանգավոր է, քան ընդհանրապես հանձնաժողով չունենալը: Հանձնաժողովի արդյունավետության գործոն են ժողովրդի քաղաքական ակտիվությունը, ժողովրդի եւ պետության շահերի գիտակցումը, ՄԻՊ արտահերթ զեկույցը, խորհրդարանի դերակատարության ըմբռնումը, արտախորհրդարանական ուժերի ստեղծելիք հասարակական հանձնաժողովի հետ հնարավոր համագործակցությունը, ԶԼՄ-ների օբյեկտիվ գործունեությունը եւ այլն: Վ. Դալլաքյանը կարեւոր համարեց նշել, որ ԵԽԽՎ հայտնի բանաձեւի` մարտի 1-2-ի իրադարձությունները հետաքննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը եղել է ապրիլի 18-ին, մինչդեռ ինքը դեռ մարտի 24-ին էր շրջանառության մեջ դրել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման նախագիծ:

Դալլաքյանն ուղերձներ արեց նաեւ խորհրդարանական ընդդիմությանը` ի դեմս «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանի. «Լավ չես աշխատում, Ստեփան ջան», ասաց նա` «Լավ չես ապրելու, Սերգո ջան»-ի նմանողությամբ: Ըստ նրա` հենց խորհրդարանական ընդդիմությունը ամենասկզբից պետք է հանդես գար մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:

Այս նախաձեռնության վերաբերյալ պատգամավորների, մասնավորապես խորհրդարանական ընդդիմության կարծիքը հայտնի կդառնա այսօր:

Երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեցին ԱԺ-կանոնակարգ օրենքի այն փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ընդլայնել խորհրդարանական ընդդիմության լիազորությունները: Չնայած քննադատությանը` նիստին ներկա «Ժառանգության» 6 պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին, երեւի հարմար գտնելով չկտրել այն ճյուղը, որի վրա նստած են, միակ դեմն այս փոփոխություններին ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էր:

Երեկ «ժառանգությունը» խիստ քննադատության ենթարկեց նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի հետփոփոխությունները, որ ներկայացնող Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը մարտի 17-ին արտակարգ իրավիճակում փոփոխություններն առաջվա օրենքի համեմատ նույնիսկ առավել բարելավված անվանեց, քանի որ նոր փոփոխություններով ոչ միայն թույլատրվում են ինքնաբուխ զանգվածային միջոցառումները, այլեւ կարգավորում դրանք, դատական կարգով լիազոր ներկայացուցչի մերժումը վիճարկելու հնարավորություն ընձեռելով: Սակայն ժառանգականները համոզված էին, որ այդ օրենքով ճգնաժամ չի հաղթահարվի եւ այն հարցերի պատասխանները չեն տրվի, որոնց պատճառով տեղի ունեցավ մարտի 1-ը:

Հ.Գ. Ի դեպ երեկ ԱԺ նախագահ Տ. Թորոսյանը որոշել էր կարգի հրավիրել «դաշնամուր նվագող» պատգամավորներին` «Միայն Ձեր առջեւի կոճակը սեղմեք» զգուշացմամբ: Մի պահ նա ընդհատեց քվեարկությունները` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երրորդ շարքի առաջին, այդ պահին դատարկ, նստատեղի կոճակից փայտը հանել առաջարկելով, քանի որ իր համակարգչի էլեկտրոնային թվատախտակն այդ նստատեղի քվեարկության կոճակից անընդհատ «դեմ» քվեարկություն էր արձանագրում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4