«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2008-06-07 | #109, 2008-06-10 | #110, 2008-06-11


«96-ԻՆ, ԵՐԲ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿՐԱԿ ԲԱՑՎԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ, ՀԻՄՔ ԴՐՎԵՑ ԱՅՍՕՐՎԱ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆԸ»

Համոզված է ՀՅԴ-ից հեռացված, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոսը

«Երկխոսության թեման պետք է ապահովի բոլորի սպասելիքները եւ պետք է պարզ լինի պատճառը, թե մենք ինչու ապրեցինք այս ողբերգությունը (նկատի ունի մարտիմեկյան դեպքերը-հեղ.): Այս ողբերգության պատճառը...96-ին, երբ Ազատության հրապարակում առաջին անգամ կրակ բաց արեցին ընդդիմության վրա, կրակ բաց արեցին մարդկանց վրա, այդ օրը դրվեցին այս ողբերգության հիմքերը: Դրանից հետո այդ մեխանիզմն այնքան գայթակղիչ էր, որ այդ գայթակղությանը տրվեցին նաեւ հետագա իշխանությունները», երեկ «Փաստարկ» ակումբում ներքաղաքական իրավիճակին անդրադառնալիս կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ից վերջերս հեռացված Ռուբեն Հակոբյանը, որը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսն էր:

Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ, հետընտրական պայքարը չի ավարտվել եւ ունի իր մտահոգող շարունակությունը: Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա, ակումբի հյուրի խոսքով, այն չկայացավ, որովհետեւ երկու կողմերն էլ հակված չէին դրան, պարզապես հայտարարել էին երկխոսության մասին` ցույց տալու համար, որ քաղաքակիրթ են, պատրաստ են կարծիքներ լսելու: Այդուհանդերձ, Հակոբյանի խոսքով, երկխոսության ինչ-որ հարթություն ուրվագծվում է. «Դա այն հարթությունն է, որ ի վերջո գտնեն մեկ մեղավորի, որը կբավարարի երկուսի (Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանությունների -Գ. Գ.) պահանջներն էլ: Եվ կարծես թե այդ մեղավորը պետք է դառնա Ռոբերտ Քոչարյանը` որպես նախկին նախագահ, եւ դա կարող է երկխոսության հարթություն դառնալ»:

«Ձեր կարծիքով, ինչո՞ւ եք հեռացվել Դաշնակցությունից եւ արդյոք դա կարո՞ղ է որեւէ կապ ունենալ, որ դուք մինչ ՀՅԴ անդամ լինելը եղել եք ՀՀՇ անդամ կամ, կարծեմ, համակիր», «Ազգի» հարցին Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես սկզբունքային տարաձայնություններ ունեմ Դաշնակցության այսօրվա ղեկավարության վերջին մեկ տարվա քաղաքական կեցվածքի հետ, եւ լինելով նաեւ որոշակի հրապարակային քաղաքական գործիչ` գտնում եմ, որ մեր ազգն այսօր ապրում է այնպիսի վիճակում, որ տակտիկական քայլերը, որեւէ կուսակցության դիրքորոշումը կարող են ճակատագրական նշանակություն ունենալ ժողովրդի համար: ՀՅԴ վերջին մեկ տարվա դիրքորոշումը, իմ կարծիքով, չի նպաստում մեր պետության... համենայն դեպս իմ քաղաքական ճաշակին չի համապատասխանում: Կարծում եմ, ՀՅԴ-ն ավելի լուրջ քաղաքական դերակատարություն կունենար ոչ կոալիցիոն դաշտում, մեր քաղաքական դաշտն ավելի հավասարակշիռ կլիներ, եթե ՀՅԴ-ն գործեր ոչ կոալիցիայի դաշտում»:

Ռուբեն Հակոբյանը նշեց, թե ինքը նախապես հեռացման դիմում էր գրել եւ հիմա զարմացած է, թե ինչպես ստացվեց, որ ինքը հեռացվել է: Այդուհանդերձ, իր հեռացման պատճառի մասին Ռուբեն Հակոբյանը կուսակցությունից պատճառաբանություն չի ստացել. «Չեմ կարող ասել` ինչու են ինձ հեռացրել, իմ ենթադրությունն ունեմ, որ իմ հրապարակային գործունեությունն ու քաղաքական շեշտադրումները որոշակիորեն համահունչ չեն կուսակցության այսօրվա քաղաքական կեցվածքին: Ինչ վերաբերում է Ձեր հարցի 3-րդ մասին, ապա ես երբեք չեմ եղել ՀՀՇ անդամ, չեմ եղել համակիր: Երբ առաջին անգամ Գավառից ես ընտրվեցի պատգամավոր, իմ երկու գլխավոր հակառակորդներից մեկը կոմկուսից էր, մյուսը` ՀՀՇ պաշտպանած թեկնածուն էր: Ես ԱԺ-ում եղել եմ առաջին մամլո քարտուղարը` ԱԺ-ի եւ ոչ թե ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը: Այդ կառույցը բազմաքաղաքական բեւեռ էր, ես եղել եմ բոլորի մամուլի քարտուղարը եւ, բնականաբար, այդ ժամանակ Գերագույն խորհուրդը ղեկավարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դիվանագիտական ծառայությունից ոչ թե հեռացվել եմ, այլ ավարտվել է ծառայությունս, նոր եմ սկսել քաղաքական գործունեությունս, ես դրանք չեմ համատեղել»:

Ռուբեն Հակոբյանն առաջիկայում չի պատրաստվում անդամակցել որեւէ կուսակցության, բացառում է նաեւ երբեւէ ՀՅԴ վերադառնալու հնարավորությունը: Առաջիկայում նա հիմնելու է վերլուծական կենտրոն եւ զբաղվելու է քաղաքական ու քաղաքագիտական վերլուծություններով: Նա արդեն իսկ ներկայացավ իր առաջարկներով` նշելով, որ ներքաղաքական իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք պետք է կազմակերպվեն ամենաուշը մինչեւ 1,5 տարուց, եւ, որ ամենակարեւորն է, պետք է նախաձեռնի Սերժ Սարգսյանը` որպես ներկա նախագահ, որն ունի պատմական առաքելություն եւ պատասխանատվություն: «Այսպես ձեւակերպեմ` հարկավոր են արտահերթ ընտրություններ արդար ընտրությունների համար», ասաց Ռուբեն Հակոբյանը` համոզմունք հայտնելով, որ Սերժ Սարգսյանն ավելի քիչ ձայներ չի ստացել, քան առաջին եւ երկրորդ նախագահները, պարզապես բոլորի դեպքում էլ լեգիտիմության կասկածների մեծ չափաբաժին է առկա եղել:

Ռուբեն Հակոբյանի կարծիքով, իշխանությունից եւ Տեր-Պետրոսյանի թիմից զատ կա նաեւ երրորդ` առավել առողջ եւ պետական արժեհամակարգն իր մեջ ավելի լավ կրող հասարակության մի հատված, որն անպայման կկազմակերպվի. «Այդ երրորդ ուժն այս պահին զգուշանում է, բայց ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի»:

Ռուբեն Հակոբյանի մամուլի ասուլիսը բավական հետաքրքրական էր: Պարզապես զարմանալի է, որ 13 տարիների մակարդակով նախագահների լեգիտիմության կասկածելիության մասին Ռուբեն Հակոբյանը միայն այսօր է խոսում: Ինչ վերաբերում է երրորդ ուժ ունենալու գաղափարին, ապա դրա կարեւորության մասին «Ազգը» գրել էր դեռ նախագահական ընտրություններից առաջ: Մնում է տեսնել, հնարավո՞ր է երրորդ ուժ ստեղծելու հավանականությունը եւ արդյոք դրանք առո՞ղջ ուժեր են լինելու:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4