«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2008-06-07 | #109, 2008-06-10 | #110, 2008-06-11


ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ԾԻԳ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը երեկ «Ուրբաթ» ակումբում խոսեց Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում իրականացված ծրագրերից: Նա նշեց, որ ծրագրի նպատակն է նոր հնարավորություններ ստեղծել գյուղական համայնքներումՙ չքավորության նվազեցման, կայուն արտադրական գործունեության աջակցման` նվազեցնելու ճնշումը էկոլոգիապես խոցելի տարածքների եւ բնական պաշարների վրա, տեղական եկամուտների բարձրացման` գյուղատնտեսության փորձի ներմուծմամբ, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի պետական անտառների կառավարման պլանների մշակում եւ իրականացում, կենսաբազմազանության եւ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում եւ այլն: Ծրագրի ընթացքում իրականացվել են ջրարբիացման 103 կետերի կառուցման աշխատանքներ, որի նպատակն է նպաստել անասնագլխաքանակի աճի եւ արոտների բարելավմանը, մթերատվության բարձրացմանը: Ծրագրի միջոցներով պարարտացվել են ավելի քան 6100 հա համայնքային արոտներ, որն էլ իր հերթին նպաստել է արոտների արտադրողականության 10-15 տոկոսի բարձրացմանը: Բնապահպանական աշխատանքներ են տարվել համայնքային դեգրադացված տարածքներում, իրականացվել է 200 հա ծառատունկ, գարնանային ձնհալի, անձրեւաջրերի եւ առվակների ջրերում կուտակման, հետագա օգտագործման նպատակով կառուցվել են 7 պատվարներ, ջրի հոսքը մեղմող 12 միավոր գաբիոններ: Իրականացվել են կերային բակլազգի մշակաբույսերի ներդրման աշխատանքներ, որի նպատակն է շրջանառության մեջ մտցնել չմշակվող հողատարածքները եւ ստեղծել կերի կայուն բազա, իրականացվել է 2300 հա առվույտի եւ կորնգանի, 1134 հա աշնանային ցորենի եւ գարնանացան գարու ցանք, անջրդի պայմաններում աշնանացան ցորենի եւ գարնանացան գարու մշակության տեխնոլոգիայի ներդրում, որի արդյունքում բերքատվությունը 15-20 տոկոսով գերազանցել է համայնքի միջին բերքատվությանը, տրամադրվել են 2180 մեղվափեթակներ:

Ըստ Մարտիրոսյանի` շուրջ 100 գյուղական համայնքներում, 40 միկրոջրահավաք ավազաններում, «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւան, Սեւքար, Նոյեմբերյան, Ճամբարակ եւ Արծվաբերդ անտառտնտեսություններում են հատկապես իրականացվել ծրագրերի աշխատանքները, քանի որ այս երկու մարզերը համարվում են համեմատաբար աղքատ, որտեղ առկա են աշխատատեղերի, ինչպես նաեւ էկոլոգիական խնդիրներ եւ աղքատության համեմատաբար բարձր տոկոս: Ծրագիրը սկսվել է 2002-ին եւ ավարտվելու է եկող տարվա հունվար ամսվա վերջին: Բանախոսը առանցքային խնդիրներից է համարում աղքատ բնակչության ազդեցությունը բնական պաշարների վրա, հատկապես անտառների` բնակչության ազդեցությունով. «Հայաստանի որոշ տարածքներ հայտնվել են էկոլոգիական աղետի վիճակում, եւ այդ ամենը վերականգնելու խնդիրներ կան: Առաջին պլան է մղվել անտառների վերականգնման ծրագիրը: Սկսելով վերականգնման աշխատանքները` որոշակի անտառահամայնքներ վերադարձվել են տնտեսություններին»:

Ծրագիրը ֆինանսավորվում է վարկային միջոցներով (նախատեսված` 10.847.333 ԱՄՆ դոլար, իրականացված` 8.731.576 ), ՀՀ պետական բյուջեով (նախատեսված` 1.809.800, իրականացված` 1.288.536 ), դրամաշնորհներով, այդ թվում` գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (նախատեսված` 5.120.000, իրականացված` 3.874.578 ), Շվեդական միջազգային զարգացման ընկերակցություն (նախատեսված` 1.382.234, իրականացված` 208.826):

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4