«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2008-06-07 | #109, 2008-06-10 | #110, 2008-06-11


ՓՈԽԱՐԺԵՔԻ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ, ԹԵ՞ ՆԵՐՍՈՒՄ

Վերջին մեկ-երկու ամիսներին Երեւանի փոխանակման կետերից փոխարժեքի մասին տեղեկություններ պարունակող ցուցանակների վերացումը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ոմանք դա համարեցին փոխանակման կետերի դեմ ուղղված քայլ, մյուսներըՙ փոխարժեքի քաղաքականության վրա ազդելու միջոց: Իսկ ենթատեքստեր չփնտրողներն էլ դժգոհություն են հայտնում, որ հնարավոր չէ մշտապես տեղյակ լինել օրվա փոխարժեքին, քանի որ դրա համար պետք է մուտք գործել բանկի մասնաճյուղ կամ փոխանակման կետ: Այս դժգոհությունները թերեւս հիմնավոր են եւ արդարացի:

Պարզելու համար, թե ե՞րբ եւ ի՞նչ նպատակով են փոխանակման կետերի վահանակները ներս տարվել, դիմեցինք Կենտրոնական բանկին: Այստեղից մեզ պատասխանեցին, որ համաձայն ԿԲ խորհրդի մայիսի 14-ից ուժի մեջ մտած որոշման, սահմանվել է, որ բանկերը (բանկի մասնաճյուղերը, oտարերկրյա բանկի մաuնաճյուղերը), վարկային կազմակերպությունները (վարկային կազմակերպության մասնաճյուղերը) եւ տարադրամի փոխանակման կետերն իրենց տարածքից դուրս վահանակ ունենալու դեպքում վերջինիս վրա նշում են միայն լիցենզավորված անձի անվանումը, լիցենզիայի համարը, աշխատանքային օրերը եւ ժամերը:

Ինչ վերաբերում է փոխարժեքները ցույց տվող վահանակներին, ապա ԿԲ խորհրդի որոշմամբ, դրանք պետք է տեղադրված լինեն իրենց տարածքներումՙ դրսից տեսանելի վայրերում: Կենտրոնական բանկի բացատրությամբ, այդ որոշման նպատակն է ներդնել այլ երկրներում ընդունված քաղաքակիրթ գործելակերպըՙ հասարակությանը իրազեկել առավել առաջադիմական միջոցներով, մասնավորապես իրենց տարածքում տեսանելի վայրերում տեղակայված էլեկտրոնային ցուցանակների միջոցով:

Կենտրոնական բանկի պարզաբանումը, սակայն, ինչպես տեսնում ենք, ամբողջությամբ կյանքի չի կոչվում: Բանկերի, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերն ու փոխանակման կետերը հիմնականում իրենց տարածքների ներսում փոխարժեքների վահանակները տեղադրել են այնպիսի վայրերում, որտեղ դրսից տեսանելի չեն: Անհրաժեշտություն կա, որ Կենտրոնական բանկը հետեւողական լինի եւ պահանջի վերոնշյալ կազմակերպություններից, որ փոխարժեքները դրսից տեսանելի լինենՙ ինչպես նշված է իր ընդունած որոշման մեջ: Այս խնդիրը կարգավորելն առանձնապես մեծ ջանքեր եւ միջոցներ չի պահանջում, հետեւաբար, ցանկության դեպքում առանց դժվարության կարող է լուծվել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4