Կյանքի 47-րդ տարում երեկ հանկարծամահ է եղել Չինաստանում Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Մովսիսյանը 1983-ին ավարտել էր գյուղինստիտուտի մեխանիզացման ֆակուլտետը, 1986-ին նույն մասնագիտացմամբ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն: 1989-90 թթ. Վահագն Մովսիսյանը սովորել է ԽՍՀՄ կառավարությանն առընթեր բարձրագույն կոմերցիոն դպրոցում, 1991-93 թթ.` Ռուսաստանի ժողտնտեսության ակադեմիայում:
1989-93 թթ. աշխատել է «Հայգազարդի», ապա «Պրոմեթեւս» ընկերության ղեկավար օղակներում, այնուհետեւ մինչեւ 2000-ը եղել է Հայաստանի բանկային համակարգում:
2000-2007 թթ. Մովսիսյանը աշխատել է Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն, ապա ՀՀ վարչապետին առընթեր Գործարարության, ապա Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի քարտուղար, իսկ 2007-ից դեսպան էր Չինաստանում:
«Ազգի» խմբագրությունը խորապես ցավակցում է հանգուցյալի ընտանիքին եւ հարազատներին, գլխավորությամբ վաստակաշատ պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի:
Ա. Հ.