«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2008-06-07 | #109, 2008-06-10 | #110, 2008-06-11


ԵԹԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ՉԷ՞ ...

Հերթական անգամ, երբ պարտադրված եմ լինում քննադատական խոսք ասել Հանրային հեռուստաընկերության որեւէ հաղորդման առնչությամբ, ինքս ինձ զգում եմ անգործության մատնված կամ առնվազն անօգուտ ջանք գործադրելիս, սակայն երբեմն այնքան մեծ է չլռելու կարեւորությունը, որ անկախ արդյունքիցՙ հրապարակայնորեն չարտահայտվելն անհնար է դարձնում: Կրկին անհրաժեշտությունը թելադրված է «32 ատամ» հաղորդաշարի հերթական թողարկմամբ, որի ակնդիր-ունկնդիրն եմ դառնում ալիք փոխելիսՙ չափազանց ակնառու գռեհկությունը, մակերեսայնությունը, չափի զգացողության բացակայությունը.. ստիպում են տեսնել-համոզվել, թե ո՞ւր են հասնելու:

Երբ խիստ կարեւորեցին ամռանը Ուռեկիում (Վրաստան) հյուրախաղերին զուգահեռ ձեռքի հետ նկարահանել, իրենց լեզվով ասած, «սեփական կայֆերը», ընդհուպ 32սցիներից ինչ-որ մեկի ոտքի բութ մատը, մերկ ու արեւայրուքից կարմրած մարմինը որոշ այլ մանրամասներով, ու դարձնել ցուցադրելիք, կարծեցինքՙ սանձերը ձգող կլինի. ի վերջո Հանրայինը, բացի բյուջեից սնվելու փաստարկումից, պետք է հանրային լինի նաեւ գոնե ալիքի համապետական եւ, ասենք, համասփյուռքյան ծածկույթ ունենալուց դրդված: Սակայն, արի ու տեսՙ ոչ միայն սանձերը չձգվեցին, այլեւ խոսվեց վարկանիշից, տաղանդաշատությունից... Դրանում համոզվեցինք, երբ հերթական անգամ ալիք փոխելիս ականատես եղանք նույն հաղորդմանՙ իմիտացիոն ծեծ ու ջարդ ներառող թողարկմանը: Դա էլ քիչ էրՙ խոսքը երեխաներին ուղղեցին նույն գռեհիկ, անհարգալից, անգամ քամահրական տոնով եւ այդ գործում դերակատարում էլ տվեցին հենց իրենցՙ երեխաներին:

- Արա՛, ի՞նչ ա, չհասկացա՞ր ես լուրջ մարդ եմ: Ո՞նց կարամ նստեմ թիթեռ, ծառ, ծաղիկ նկարեմ, եթե էսքան խնդիրներ ունեն երեխաները:

Սա առավելագույնը 10 տարեկան երեխայի խոսքն է, որին նախորդած ու հաջորդած հատվածներն էլ մեր ժամանակի «հեղինակավորներին» հատուկ մուննաթային, քամահրական շեշտադրությամբ եւ սեփական ես-ից այն կողմ ոչինչ չընդունող բղավոցով ասվեցին: Միակ դրականը հեռուստատեսային աշխատանքի փորձ ունեցող Միքայելի սցենար սերտելու եւ դեր ստանձնելու կարողությունն ի ցույց դնելն էր: Մնացյալում երեխային խեղված խոսքի, արտահայտման ու մտածողության դաշտ բերելն էրՙ ի պատիվ... երեխաների միջազգային օրվա: Պատիվն այդ լավ էրՙ չցուցաբերվեր:

Ի վերջո ամեն ինչում նյութականի գերադասումն արդեն իսկ լեփ լեցուն է կյանքում եւ երբ այն քարոզվում է նաեւ էկրանից` այն էլ թիրախ ունենալով երեխաներին, հազիվ թե անգամ հումորի անվան տակ ընդունելի լինի: Հատկապես, որ ակումբականների ներկայացրածում գռեհկաբանությունը, մակերեսայնությունը, սանձարձակությունն են մատուցվում որպես հումոր: Մինչդեռ եղածն ընդամենը խեղված մտածողության տհաճ ցուցադրություն է, որը տեսածս վերջին դեպքում հասցեագրված էր նաեւ երեխաներին ու հասցրեց ներկայացնել ատամնահատիկըՙ ծաղրելով սերունդների կապն ու պատասխանատվությունը:

- Արա՛ պապի, մեջքիս հետեւից հեռու գնա:

- Ինչու՞, թոռնիկ ջան:

- Արա՛, ինձ կատաֆալկի շոֆեր եմ զգում:

Պապ ու թոռան «արդիական» այս երկխոսությունը դրվագի մեղմ հատվածներից էր, որն հանդիսատես երեխաների ծափ ու ծիծաղին արժանացավ: Թերեւս ուշադրության չարժանանար էլ ներկայացվածը, եթե չլիներ համապետական սփռում ունեցող հանրային հեռուստաեթերում եւ մյուս հեռուստաալիքներում էլ չլինեին համանմանՙ երգիծանքն արժեզրկող ու մակերեսային մոտեցումներով ստեղծվող իբրեւ թե հումորային հաղորդումներ: Մի՞թե այդչափ անհրաժեշտ է հենց այդ որակը, թե պարզապես եթերի պատասխանատուների որակն էլ առանձնապես տարբեր չէ հրամցվողից:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4