«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2008-06-07 | #109, 2008-06-10 | #110, 2008-06-11


«ՀՊԱՐՏ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅ ԵՆՔ» ԱՍՈՒՄ ԷԻՆ ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԸ

Թեքեյան մշակութային միության վարժարանը հիմնադրվել է 1981-ին Արշակ Տիգրանյան բարերարի նվիրատվությամբ: Հատկապես ընտրել է Հոլիվուդ թաղամասը, քանի որ հենց այդ վայրում են կենտրոնացած Հայաստանից գաղթած հայերը եւ նրանց զավակների համար էլ բացել է դպրոցը: Լոս Անջելեսի Թեքեյան մշակութային միության Արշակ Տիգրանյան վարժարանի նպատակն է` Կալիֆոռնիայի կրթական ծրագրերի կողքին, իր 300 աշակերտներին ուսուցանել հայերեն լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, կրոն եւ ազգային մշակույթի մասին գիտելիքներ: Վարժարանը իր բարձր կրթական որակի համար Western Association of Schools and Colleges հաստատության կողմից արժանացել է «Վարկավորման թեկնածու» կոչմանը (Approved Candidate for Accreditation):

Վարժարանը այսօր էլ վայելում է Արշակ Տիգրանյանի տիկնոջ բարերարությունը, որին գումարվեցին տեր եւ տիկին Վոլթեր եւ Լորիալ Գարապյանները, դոկտոր Պետիկ եւ Կարինե Տաղլյանները, Նուբար եւ Տիգրանուհի Մղսիգեորգյանները, որոնք ամեն հարցում առաջինն են աջակցում ու լուծում վարժարանի առաջխաղացման հարցերը: Իսկ վարժարանի հոգաբարձական կազմը` ատենապետությամբ դոկտոր Գեւորգ-Ջորջ Մանտոսյանի, 40 հոգանոց կրթական հանձնախմբի (տնօրեն Վարդգես Գուրույան) եւ ծնողա-ուսուցչական մարմնի հետ ապահովում են դպրոցի կրթական բարձր մակարդակը, որի արդյունքն է` համալսարաններ ու քոլեջներ ընդունվողների բարձր թիվը: Թեքեյան մշակությաին միության Արշակ Տիգրանյւան վարժարանում ազգային ոգին բարձր հիմքերի վրա է ու մայրենիի ուսուցման շուրջ շատ ծրագրեր են իրականացվում ու հենց դրանով էլ վարժարանը տարածաշրջանում առանձնանում է իր յուրահատկությամբ, բարձր կրթական ու ազգայինի նկատմամբ հատուկ ուշադրությամբ ու վերաբերմունքով: Դպրոցում նշվում են ազգային բոլոր տոները, անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ ու հանդեսներ: Ուրախալի է նաեւ դպրոցի բասկետբոլի, վոյելբոլի խմբերի հաջողությունները, որոնք մրցումներից մշտապես վերադարձել են մեդալներով ու մրցանակներով:

Այց մայր հայրենիք

Ընդունված ավանդույթի համաձայն, վարժարանի ավարտական դասարանի 25 աշակերտներ, հոգաբարձական խորհրդի երկու անդամների` տկն Սյուզի Պահատրյանի եւ տկն Անգին Ղարիպյանի ուղեկցությամբ, մոտ երկու շաբաթ եղան մայր հայրենիքում: Այդ օրերին նրանք կարողացան քիչ թե շատ ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակութային կոթողներին ու բարձր տպավորություններով, դժկամությամբ վերադարձան տուն:

«Ազգը» հանդիպեց ու ուղեկցեց թեքեյանցիներին Երեւանի ու Գյումրիի Վահան Թեքեյանի անվան կրթօջախներ, որտեղ անց էին կացվում «Վերջին դասի եւ վերջին զանգի» արարողությունները: Երեւանի Վ. Թեքեյանի կրթօջախում թեքեյանցիներին դիմավորեցին տնօրինուհի Անահիտ Խալաթյանը եւ ուսումնական մասի պատասխանատու Մարիամ Խաչատրյանը: Հյուրերը շրջեցին դպրոցում, ծանոթացան առօրյային, դիտեցին դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը ու տպավորված մասնակցեցին անվանի լրագրող, մեծ հայրենասեր Հակոբ Պողոսյանի անունը կրող դասասենյակում, ավարտական դասարանցիների վերջին դասի, վերջին զանգի արարողությանը: Շատ ջերմ ու տպավորիչ էր, երբ հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու ապրող տարեկիցները, մի քանի րոպե անց մերվեցին, սկսեցին զրուցել, հասցեներ փոխանակել: Շրջանավարտներին նոր կյանք մտնելու ճանապարհին բարի երթ ու անարգելք ուղի մաղթեցին դասղեկ տկն Սարգսյանը, տկն Ղարիպյանը եւ տկն Պահատրյանը: Իրենց կրթած ուսուցիչներին շնորհակալական խոսքեր հղեցին Մելինե Հովսեփյանը (ԱՄՆ), Շուշանիկ Մանուկյանը (ՀՀ), նշելով. «Որտեղ էլ որ լինենք, միշտ իրար թեւ ու թիկունք լինենք ու բարձր պահենք Թեքեյանի անունը կրող դպրոցի պատիվը»: Այդ ջերմ ու հուզիչ պահերից հետո հնչեց երկար ու զիլ վերջին զանգը ու ներկաների աչքերը թացացան... 899 աշակերտ ունեցող վարժարանի գրադարանը համալրվեց Արշակ Տիգրանյանի վարժարանի սաների ձեռքով թողնված բարեմաղթանքների ու ստորագրությամբ դասամատյանը, որը մշտապես կլինի իրեղեն ապացույց` աշխարհի թեքեյանցիների համար կարեւոր օրվա արձանագրությունը:

Գյումրի Վ. Թեքեյանի կրթօջախի մուտքի մոտ երգ ու պարով դիմավորեցին Արշակ Տիգրանյան վարժարանի աշակերտներին ու տնօրեն Անտոն Փիլոյանի, ուսմասվար Էմմա Միրզախանյանի ուղեկցությամբ շրջեցին դպրոցում: Ինտերնետային դասասենյակում Ա. Տիգրանյան վարժարանի շրջանավարտները ողջույնի ու հրաշալի անցկացրած օրերի մասին նամակով տեղեկացրին իրենց վարժարանի տնօրենությանը: Գյումրիի թեքեյանցիների հուշամատյանում թողեցին իրենց ստորագրություններն ու բարեմաղթանքները: իսկ կից դասասենյակում նրանց էին սպասում 50 շրջանավարտներ, որոնց հետ լսեցին ուսուցիչների վերջին բարեմաղթանքները ու հնչեց վերջին դասի վերջին զանգը: Նկարագրել դժվարանում եմ, պարզապես պետք էր տեսնել, թե ինչ տեղի ունեցավ... հրաժեշտից առաջ փոխանակվեցին հասցեներ, հուշանվերներ ու խումբ-խումբ առանձնացած զրուցում էին, տեղեկություններ փոխանակում: Մեկնելուց առաջ խմբովին լուսանկարվեցին ու հրաժեշտ տվեցին իրար, ասելով` «մինչ նոր հանդիպում»: Գյումրիում թեքեյանցիները շրջեցին, տեսան երկրաշարժից ավերված ու նաեւ կառուցված նոր թաղամասերը, հիացան հերոսների պուրակում տեղադրած արձանները տեսնելով, Շառլ Ազնավուրի հրապարակում պտտվեցին ու շտապեցին երկրաշարժի անմեղ զոհերի խաչքարի մոտ ծաղիկներ դնել:

Հաջորդ օրը Երեւանի Թեքեյան կենտրոնում թեքեյանցիներին ընդունեցին ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը, վարչության անդամները: Միության գործունեությանը պրն Միրզախանյանը ծանոթացնելուց հետո նշեց, որ տպավորված է տարիներ առաջ Արշակ Տիգրանյան վարժարան իր այցից: Հյուրերին պրն Միրզախանյանը ՀԹՄՄ-ի կողմից նվիրեց կոմպոզիտոր Արա Գեւորգյանի ստեղծագործություններից կազմված խտասկավառակը` հեղինակի մակագրությամբ: Իսկ 6 թեքեյանցիներ, որոնց ծննդյան օրը զուգադիպել էր մայր հայրենիք այցի օրերին, ստացան նվեր Ռուբեն Հախվերդյանի երգերի DVD-ն։ Թեքեյանցիներին ջերմ խոսքեր ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը ու ներկայացրեց, թե ինչ կարեւոր դեր ու նշանակություն ունի ժուռնալիստիկան եւ խորհուրդ տվեց թեքեյանցիներին հատկապես սփյուռքում ուշադրությամբ ուսումնասիրել այդ բնագավառը եւ զբաղվել լրագրությամբ, քանզի «հայերս միջազգային լրատվական դաշտում հատ ու կենտ ներկայացուցիչներ ունենք: Իսկ մեր ազգային խնդիրները, ազգային շահերը ավելի կարող են ներկայացնել հենց ժուռնալիստները»: Հրաժեշտի պահին Թեքեյանցիները լուսանկարվեցին ու շնորհակալության խոսքեր հղելուց հետո շտապեցին Ազատության հրապարակ, մասնակցելու Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Վերջին զանգի» դիսկո-ակումբ միջոցառմանը:

Այն մի քանի օրերին, որ ուղեկցում էի թեքեյանցիներին, հարց ու փորձ էի անում, կարծիքներ հավաքում: Իսկ տպավորություններից առանձնացնեմ ամենից կարեւորը, որը հենց այդպես ներկայացրին թեքեյանցիների: Նրանց շատ հուզել էր այն փաստը, որ Էջմիածնում մասնակցել էին պատարագին ու դրանից հետո Մայր աթոռի վեհարանում, անձամբ Վեհափառ հայրապետը ընդունել ու զրուցել էր նրանց հետ: Այդ առիթը օգտագործելով թեքեյանցիները խնդրել էին Գարեգին Բ-ին հոգեհանգստի աղոթք ասել 2007 թ. իրենց դասընկեր Սարգիս Աթիկյանի մահվան առաջին տարելիցի առթիվ: Վեհափառ հայրապետը չէր մերժել նրանց խնդրանքը եւ դեռ հանգուցյալի ծնողներին իր բարեմաղթանքի գրությամբ ընձայել էր «Աստվածաշունչ»: Թեքեյանցիները շրջել են Ալեք եւ Մարի Մանուկյանների անվան թանգարանով, դիտել Մայր աթոռի գանձերը ու իրենց տպավորությունները գրանցել օրվա հուշամատյանում:

Անմոռանալի մեկ այլ դրվագ էլ պատմում էին Անդրանիկն ու Գեւորգը, երբ Նորավանքում հոգեւոր հովվի կողմից այդ օրը իր տարեդարձը նշող թեքեյանցին ստացել է եկեղեցու պատմության տեսաերիզը: Այժմ ներկայացնենք թեքեյանցիների կարծիքները:

Արամ Շիշիկյան-3-րդ անգամն էր, որ գալիս եմ եւ այստեղ վիճակը գնալով լավանում է: 1-ն անգամ, երբ ծնողներիս հետ եկանք, գրեթե ոչ մի տեղ չկարողացանք գնալ տեսնել, ամեն օր մեկ էս ռեստորան, մեկ էն: Իսկ հիմա իմ ընկերների հետ այս շրջապտույտից նոր հասկացա, թե ինչ հրաշք երկիր ունենք եւ դրա համար շատ ուրախ եմ: Շնորհակալ եմ, որ մեր վարժարանը տվեց մեզ նման հնարավորություն: Եթե գործերս լավ լինի շուտ-շուտ կգամ հայրենիք: Չնայած որ արդեն ընկերուհի ունեմ, բայց դեռ չեմ որոշել ամուսնանալ, գուցե այստեղից ընտրեմ հարսնացու, չգիտեմ:

Արիս Շաքըլյան-Ուրախ եմ, որ 1-ին անգամ լինելով մայր հայրենիքում ծանոթացա իմ բարեկամների հետ, որոնց չէի տեսել: Ասեմ, որ Թեքեյան դպրոցներում ընկերներ ձեռք բերեցի եւ արդեն մի քանի օր է, որ հեռախոսով զանգում, խոսում ենք ու վերջին զանգի երեկոն միասին պիտի անցկացնենք: Դեռ չէի ավարտել զրույցը Արիսի հետ, կրկին զանգ եկավ Գյումրիից:

Նաջարյան Հովիկ-Շատ մեծ տպավորություն է թողել ինձ վրա այս այցը ու որոշել եմ հաջորդ տարի կրկին գալ: Գիտեք թե ինչը շատ հավանեցի, որ բոլորը հայեր են ու հայերեն են խոսում: Գիշերները ազատ շրջում էինք առանց վախի, որ մեկը կանհանգստացնի: Էլ չեմ խոսում, որ հայկական ճաշերը բոլորը փորձել եմ: Շատ սիրուի երկիր ունենք եւ կարծում եմ, որ այսքան գեղեցիկ շենքերը, թանկ մեքենաները խոսում են երկրի զարգացման մակարդակի մասին:

Ալին Փափազյան-1-ն անգամ եմ Հայաստանում: Մեր այցի առաջին օրը Մասիսը տեսաՙ պարզ ծածկված էր ձյունով, շատ հուզվեցի, ցավում եմ, որ դրանից հետո սարը էլ չտեսա, միշտ մշուշի մեջ էր: Ինձ թվաց, թե Մասիսն էլ մեզ գոհացնելու համար միայն մեկ օր երեւաց իր ամբողջ գեղեցկությամբ ու թաքնվեց ամպերի ու մշուշի մեջ: Ես ինձ ինչպես տանը զգացի, օտարություն չկար, բոլորը շատ ջերմ են, պարզ ու սիրալիր: Ես որոշել եմ ատամնաբույժ դառնալ ու եթե կարողանամ, եղբորս ու ծնաողներիս համոզել, ապա կգանք Հայաստան ու այստեղ էլ կհաստատվենք, կաշխատենք, կապրենք ձեզ հետ միասին:

Անդրո Մարկոս-12 տարի Արարատը միայն նկարներում եմ տեսել, դե պատկերացրեք իմ հրճվանքը, երբ լուսադեմին իմ աչքերով տեսա Արարատը, սիրտս թրթռաց...Այն բոլոր եկեղեցիները, որ գնացինք, ես մոմեր եմ վառել ու աղոթել ընտանիքիս, հայրենիքիս ու ապագայի համար, որին ես շատ հավատում եմ: Իմ ապագան հայրենիքիս պիտանի լինելն է..

Մարիամ Ալբարյան- Չնայած որ 3-րդ անգամ եմ գալիս, բայց կարծես ամեն բան չէի տեսել: Ուրախ եմ, որ մեր դպրոցը կազմակերպեց այս շրջապտույտը, որի ընթացքում ինձ համար մի նոր հայրենիք հայտնաբերեցի ու երեւի թե կգամ այստեղ ուսումս շարունակելու` իրավաբանի կրթություն ստանալու:

Յանոշ Չերովչեւիչ-Ես անչափ ուրախ եմ, որ կարողացա իմ դասընկերների հետ գալ Հայաստան, չնայած որ մեր ընտանիքը տեղափոխվել է Միչիգան, սակայն ես իմ կապերը իմ վարժարանի ու ընկերներիս հետ չեմ դադարեցրել: Նկատեցի, որ ժողովուրդը այստեղ ուրախ է, ջերմ է, շփվում է անծանոթների հետ: Իսկ մեր մոտ մարդիկ սառն են, գնում են իրենց գործին ու մյուսների մասին անհոգ են: Նորից պիտի գամ: Իսկ երբ տուն հասնեմ պիտի մերոնց ամեն ինչի մասին պատմեմ ու շեշտեմ, որ ճաշերը շատ լավն էին, հատկապես տապակած կարտոֆիլը: Հայուհիներին կողքից, աչքի պոչով նայել եմ, լավն են, կոկիկ ու մոդայիկ հագնված:

Անին այդ պահին ավելացրեց- Այնքան էինք լսել պոնչիկի մասին, որ ամենուր փնտրում էինք, գտանք պոնչիկանոցը, կերանք ու շատ հավանեցինք: Երանի ձեզ:

Մերի Ալեքսանյան-Տպավորված եմ անչափ: Առաջին օրը, երբ կողքիս հայերեն խոսք լսեցի, ուրախացա ու մի պահ մոռանալով մտքումս ասի` հայ է, բայց մի քանի վայրկյան անց զգացի, որ բոլորն են հայերեն խոսում: Այս օրերին ես Հայաստանում ինձ ավելի ապահով զգացի, քան տանը: Արդեն որոշել եմ կրկին գալ: Ցավում եմ, որ այստեղ չեմ կարող ապրել, կենցաղների շատ տարբերություն կա: Այստեղ կարծես կյանքը հեշտ է, մտահոգություն չկա (երանի թե այդպես լիներ, Մ. Մ.) գործ կա, մի խոսքով դրախտային երկիր ունենք ու այսքան շինարարություն է ընթանում, նշանակում է, երկիրը զարգացման ուղի է բռնել:

Շրջապտույտից գոհ էին նաեւ տկն Սյուզին եւ տկն Անգինը: Նրանք նշում էին, որ եթե տուրիստական վայրերը ավելի խնամված ու առաջին անհրաժեշտության պարագաներ լինեն, շատ ավելի լավ տպավորությամբ կմեկնեին Հայաստանից: Տկն Սյուզին նկատել էր, որ «ժողովուրդը կարծես մի քիչ տխուր է, դառնացած, ինչը չէր ուզեր տեսներ: Հույս ունենք, որ հետագայում ամեն բան լավ կլինի: Բախտավոր ենք, որ հայրենիք ունենք ու այն օր-օրի զարգանում է»:

Տկն Անգինը ծագումով հայաստանցի է եւ վաղուց ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ: Վերջին անգամ նա 8 տարի առաջ է եղել հայրենիքում: Նրան խնդրեցի պատմել, թե ինչ փոփոխություններ է նկատել նախորդ այցից հետո: «1979-ին եմ գնացել Հայաստանից ու հիմա ամեն անգամ գալով, շատ մեծ տարբերություններ եմ տեսնում: Այսուհանդերձ ուզում եմ անկեղծ ասել, եւ խնդրում եմ ոչ ոք չնեղանա, որ երբ ես գնացի հայրենիքից` վիճակը ավելի լավ էր, քան թե հիմա: Ու երբ տեսնում եմ շուրջս կատարվածը, ավելի եմ ցավում ու փորձում եմ գտնել ճանապարհ ու ճար, որպեսզի շտկենք բոլոր սխալները: Միանշանակ նշում եմ, ուրախ ենք, որ հայրենիք ունենք, բայց միեւնույն ժամանակ նկատեցի, որ ուժեղի ու թույլի տարբերությունը դարձել է ակնհայտ ու դա շատ նեղում է: Հույս ունեմ, որ հաջորդ այցին այս ամենը շտկված կլինի: Մեր շրջապտույտի ծրագիրը շատ խիտ էր ու ժամանակ չէր մնում տեսած ու լսածը մարսելու համար: Հաջորդ անգամ անպայման ծրագիրը պետք է փոխվի ու մանրամասն մշակվի, որպեսզի շատ կարեւոր վայրեր ու հանդիպումներ դուրս չմնան շրջապտույտից»:

Մայր հայրենիքում եղած օրերին, ամեն օրվա ծրագիրերը մանրամասնորեն սղագրվել ու նկարահանվել է երեխաների կողմից։ Դրանք վերադարձից հետո 1-ին անգամ կցուցադրվեն ու կպատմեն արդեն իրենց վարժարանում կազմակերպվող «Ավարտական երեկոյի» ընթացքում: «Մենք գնում ենք հայրենիքից ժամանակավորապես` կրկին վերադառնալու ակնկալիքով», հենց այսպիսի խոսքերով ԹՄՄ Արշակ Տիգրանյան վարժարանի ավարտական դասարանի սաները հրաժեշտ տվեցին մայր հայրենիքին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4