Անհնար է հավատալ, որ այլեւս մեզ հետ չէ համեստ, համակրելի, միշտ ժպտադեմ, բոլորից սիրված անձնավորությունը եւ տաղանդավոր շախմատիստը` Կարեն Ասրյանը:
Տարիներ շարունակ մենք Կարենի հետ միասին կողք կողքի Հայաստանի մարզական պատիվն էինք պաշտպանում միջազգային խոշորագույն մրցումներում, նրա հետ համատեղ հպարտանում մեր երկրի փայլուն շախմատային նվաճումներով, կիսում բոլոր ուրախություններն ու դժվարին պահերը:
Կարենն աչքի էր ընկնում ստեղծագործական նուրբ վարպետությամբ, տեսական խոր գիտելիքներով, հատկապես թիմային մրցաշարերում նա գործնականում անպարտելի էր, ինչի համար Կարենին հաճախ անվանում էին Հայաստանի հավաքականի «կենտրոնական պաշտպան»:
Կարենն օժտված էր մարդկային եզակի հատկանիշներով, նա այն բացառիկ շախմատիստներից էր, ում ներկայությունը հաճելի էր բոլորին, ում սիրում էին բոլորը:
Կարենը միշտ լավագույնս կհիշվի շախմատային աշխարհում, իսկ նրա ստեղծած շախմատային գոհարներով կհիանան հինավուրց խաղի նորանոր սերունդներ:
Գնաս բարով, սիրելի՛ Կարեն, մենք քեզ երբեք չենք մոռանա:
Աշոտ Անաստասյան, Լեւոն Արոնյան, Սմբատ Լպուտյան, Վլադիմիր Հակոբյան, Արտաշես Մինասյան, Տիգրան Նալբանդյան, Արշակ Պետրոսյան, Գաբրիել Սարգսյան, Ռաֆայել Վահանյան
Հայաստանի շախմատային ֆեդերացիան խոր վշտով հայտնում է, որ 2008 թ. հունիսի 9-ին, Երեւանում, 28 տարեկան հասակում հանկարծամահ եղավ նշանավոր գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոն
ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԸ
եւ ցավակցում է հանգուցյալի ընտանիքին եւ մերձավորներին:
Հրաժեշտի արարողությունը կկայանա Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը (Խանջյան 50), հունիսի 11-ին, ժամը 12:00-ից:
Հուղարկավորությունը շախմատի տնից` ժամը 15:00-ին: