Գրում է թուրքական կենտրոնական թերթերից «Հյուրիեթը»
Գրելով այդ մասին հունիսի 10-ի համարում, «Հյուրիեթը» հաճելի անակնկալ է մատուցել, որովհետեւ հայկական որոշ շրջանակներ, Հայաստանում թե սփյուռքում, մեր հանրապետությունը դատարկված տեսնելու, գոնե դատարկման պատրանք ստեղծելու ցանկատեսությամբ արտագաղթի ուռճացված տվյալներ էին հրատարակում եւ մտացածին այդ տվյալների վրա հենվելով, ի լուր աշխարհի բացականչում էին, թե Հայաստանում բնակչության թիվը կրճատվել է մինչեւ 1,5 միլիոնի:
Այս բացականչություններին հաճախակի արձագանքում էր ինչպես հայաստանյան եւ սփյուռքահայ, այնպես էլ օտարերկրյա մամուլը: Արձագանքողների թվում էին նաեւ թուրքական թերթերը, որոնց մեջ բավականին ազդեցիկ դիրք ունի բացի Թուրքիայից նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հրատարակվող «Հյուրիեթը»: Թերեւս դրանով էր հաճելի այս թերթի հրապարակումը, չնայած տեղեկությունների վիճարկելիությանը:
Ահա թե ինչ է գրել «Հյուրիեթը». «Վերջին չորս տարիներին Հայաստան վերադարձող հայերի թիվն անցել է 33 հազարի սահմանագիծը: Հայերն այլեւս ոչ միայն արտերկրից հայրենիք գումար են ուղարկում, այլեւ վերադառնալով ներդրում են կատարում այնտեղ եւ նպաստում նոր աշխատատեղերի բացմանը:
Պարզվել է, որ արտերկրում բնակվող հայերն սկսել են Հայաստան վերադառնալ եւ վերադարձողների թիվն անընդմեջ աճում է: 1991-ին տնտեսական ճգնաժամի եւ Ադրբեջանի հետ բռնկված պատերազմի պատճառով արտագաղթողների թվի աննախադեպ աճը փաստորեն, հայ գործիչների արտահայտությամբ, ներկայումս հակադարձ ընթացք է ստացել, ինչը մեծ գոհունակություն է առաջացնում:
Այս շրջադարձը պայմանավորված է երկրում տնտեսական պայմանների բարելավմամբ եւ հատկապես ժամանակակից մայրաքաղաքի այն տեսքով, որն ստացել է Երեւանը: Հայաստանի արտգործնախարարության նախկին աշխատակիցն ասաց, որ շատերը հետ են վերադառնում, վերադարձողների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանում բնակվողներն են, այլեւս հազվադեպ ենք հանդիպում երկիրը լքողներին:
Տիկնոջ եւ երկու զավակների հետ Սիրիայից Հայաստան ներգաղթած Գեւորգ Սարինյանը նշեց հետեւյալը. «Մայր հայրենիքն է մեզ կանչել: Հայրենիքում ապրելը բոլորովին այլ զգացում է: Երջանիկ ենք, որ տարիներ շարունակ Սիրիայում բնակվելուց հետո վերադարձել ենք մեր երկիր»:
Ներկայումս Հայաստանից դուրս արտերկրում բնակվում է 5,7 միլիոն հայ, 2 միլիոնը Ռուսաստանի հայերն են: 1,4 միլիոն հայ բնակվում է ԱՄՆ-ում, 460 հազարՙ Վրաստանում, 450 հազարՙ Ֆրանսիայում: Իսկ Հայաստանի բնակչությունը 3,2 միլիոն է:
Ի դեպ, չնայած այս ամենին, վերջին տարիներին աննախադեպ աճել է տնտեսական դժվարությունների եւ գործազրկության պատճառով Թուրքիա ժամանող հայերի թիվը: Ենթադրվում է, որ Թուրքիայում ապօրինի աշխատող հայերի թիվը հասել է 60 հազարի»:
Հ. Չ.