«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2008-06-10 | #110, 2008-06-11 | #111, 2008-06-12


ԱՄՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԾԵՐՈՒԿԸ, ԹԵ ՋԱՀԵԼԸ

ԱՄՆ-ում ընթացող նախագահական յուրաքանչյուր ընտրապայքար իր յուրօրինակությունն ունի: Այս տարվա առանձնահատկություններից էականն այն էր, որ Դեմոկրատական կուսակցությունից պայքարի վերջին փուլում մնացին սեւամորթ եւ կին թեկնածուներ, որպիսի իրողություն ԱՄՆ-ի պատմության մեջ չէր արձանագրվել: Բայց, պարզվում է, կան նաեւ ոչ քիչ թվով այլ հետաքրքրաշարժ փաստեր, որոնց հանդիպեցինք ԱՄՆ-ում 1886 թվականից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր» տեղեկատուում:

ԱՄՆ-ի մինչ այժմ ընտրված 43 նախագահները ծնվել են 50 նահանգներից կազմված այս երկրի 22 նահանգներում: Ամենանախագահածինը Վաշինգտոնի եւ Օհայոյի նահանգներն են, ուր համապատասխանաբար լույս աշխարհ են եկել երկրի ապագա 7 եւ 6 նախագահները: 4-ական նախագահներ ծնվել են Մայամիի եւ Նյու Յորքի նահանգներում. այս նահանգից ընտրված 2 նախագահներն ունեցել են Ռուզվելտ ազգանունը, առաջինըՙ Թեոդոր, երկրորդը` Ֆրանկլին: Հիշատակված այս 4 նահանգները իրոք նախագահածին կարելի է հռչակել, քանզի այդտեղ են ծնվել պաշտոնավարած 43 նախագահներից 21-ը: Մնացած 22-ը իրենց վաղ մանկությունն անց են կացրել 18 նահանգներում, որոնցից 4-ում ծնվել են 2-ական ապագա նախագահներ:

Հայ ընթերցողը կարող է մասամբ տարօրինակ համարել, որ, ասենք, այնպիսի հզոր նահանգներ, ինչպիսիք են Կալիֆոռնիան եւ Տեխասը, հազիվ դրանցում ծնված 1-ական նախագահներ են պարգեւել երկրին: Առաջինում է ծնվել Ռիչարդ Նիքսոնը, երկրորդում` Դուայտ Էյզենհաուերը, Երկրորդ աշխարհամարտում Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատարը:

Հետաքրքրական զուգորդություններ կան այսօր դեռեւս ապրող նախկին նախագահների կենսագրություններում: Նրանցից դեմոկրատ Ջիմի Քարտերը եւ հանրապետական ավագ Ջորջ Բուշը պաշտոնավարել են 1-ական շրջան եւ հիմա վայելում են իրենց 84-ամյակները: Դեմոկրատ Բիլ Քլինթոնն ու ներկայիս նախագահ, հանրապետական կրտսեր Ջորջ Բուշը պաշտոնավարել են 2-ական անգամ եւ 62-ամյաներ են:

Զուգադիպում են ԱՄՆ-ի ամենատարեց եւ համեմատաբար երիտասարդ նախորդ նախագահների եւ այդ պաշտոնին այսօրվա հավակնորդների կուսակցական պատկանելությունները: Ռոնալդ Ռեյգանը, որը հանրապետական էր, նախագահ ընտրվածներից ամենատարեցն էր, պաշտոնավարել սկսեց 69 տարեկանում. նա Իլինոյսի նահանգի ծնունդ էր: Նրա այդ տարիքը 4 տարով հիմա գերազանցող Ջոն Մակքեյնը նույնպես հանրապետական է, նույնպես Իլինոյսի ծնունդ: Ամենաերիտասարդ դեմոկրատներից մեկի, Բիլ Քլինթոնի պես երիտասարդ է նաեւ դեմոկրատների այսօրվա թեկնածու 41-ամյա Բարաք Օբաման. 2-ն էլ նույն Արքանզաս նահանգից են: Ի դեպ, հաղթանակի դեպքում դեմոկրատ Բ. Օբաման կգերազանցի ԱՄՆ-ի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ նախագահ 42-ամյա Թեոդոր Ռուզվելտի տարիքային ցուցանիշը:

ԱՄՆ-ի արդեն հիշատակված 43 նախագահներից առաջին 2-ը իրենց ֆեդերալիստ են հռչակել: Անկախության առաջին շրջանում ընտրվածներից 4-ականները միաժամանակ ներկայացրել են դեմոկրատներին ու հանրապետականներին, 4-ը` լիբերալ կուսակցությունը: Հանրապետական Աբրահամ Լինքոլնի սպանությունից հետո նախագահի պաշտոնը ստանձնած Անդրեյ Ջոնսոնը իրեն անկուսակցական է հայտարարել:

Տարիների կենսափորձով ընտրապայքարի ելած Ջոն Մակքեյնի՞ն, թե՞ փոփոխությունների երիտասարդական ավյունով լի Բարաք Օբամային կնախընտրեն ամերիկացիները, պարզ կդառնա տարեվերջին կայանալիք ընտրություններում: Մեր ազգի ու պետության շահերից է բխում ԱՄՆ-ում տեսնել փորձված ու հավասարակշռված նախագահի: Շատ չի մնացել մինչ այն օրը, երբ Մակքեյնը պետք է իր ընտրողներին համոզի, որ փորձի հետ կարող է եւ եռանդ ցուցադրել, իսկ Բարաք Օբաման պարտադրված է հիմնավորել, որ երիտասարդ տարիքը խոչընդոտ չէ ԱՄՆ-ն ղեկավարելու համար. չէ՞ որ 76 տարիներ առաջ դա Թեոդոր Ռուզվելտին հաջողվել է: Բացի արդեն հիշատակվածներից, ԱՄՆ-ի նախագահներ են դարձել 14 դեմոկրատներ եւ 18 հանրապետականներ. կկրճատվի՞, թե՞ կմեծանա հանրապետական-դեմոկրատ հակամարտությունը, պարզ կդառնա աշնանը կայանալիք ընտրություններում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4