«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2008-06-10 | #110, 2008-06-11 | #111, 2008-06-12


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՆ ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԳՆԵՐԻ ՆՎԱԶՄԱՆԸ

Ինչու չի արձագանքում Հայաստանի շուկան համաշխարհային գների որոշակի նվազմանը: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց պատգամավորի այս հարցին: Նա նկատեց, որ գնաճի խնդիրը մեր քաղաքացիներին մտահոգում է, քանի որ սպառողական ապրանքների գների աճը լուրջ վտանգի տակ է դնում սոցիալական խնդիրները լուծելու կառավարության ծրագիրը: Խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, համապատասխան հանձնարարական է տրված նախարարներին առաջարկներ պատրաստելու, թե ինչպես դիմակայել այս մարտահրավերներին:

Կտրուկ տատանումներ համաշխարհային շուկաներում կան, գնաճային ճնշումներն էլ այնտեղից չեն նվազել եւ պահպանվում են. մասնավորապես վերջին 4 տարվա ընթացքում վառելիքի գները 4 անգամ ավելացել են: Մինչդեռ ներմուծումը միայն կտրուկ տատանումներով (նաեւ կտրուկ նվազման) չի եղել, մասնավորապես նաեւ հացահատիկի եւ բրնձի գների նվազում է եղել վերջին 1 ամսում, ինչն էլի մեր շուկայում չի արտացոլվել. «Բնականաբար ընդհանրապես գնային տատանումները պետք է նայենք ամբողջության մեջ, եւ դրանք ուղղակիորեն չեն արտահայտվում մեր շուկայական գների վրա», խոստովանեց վարչապետը:

Կառավարությունը 4 ուղղությամբ է աշխատանք տանելու. ա) գնաճը զսպելու համար շատ հարկեր պետք է հավաքվեն եւ քիչ ծախսեր կատարվեն, որպեսզի բյուջեի ազդեցությունը ընդլայնողական չլինի գների վրա. բ) ԿԲ դրամավարկային քաղաքականությունը, որը գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո է, նշանակում է, որ ԿԲ-ն պետք է բարձրացնի տոկոսադրույքները, որպեսզի զսպի գնաճը. գ) մրցակցային դաշտի ստեղծում, որին էապես օժանդակում է տնտեսական մրցակցության հանձնաժողովը, համալիր ստուգումներ է անցկացնելու բարձրացող գներով շուկաներում, բացահայտումների մասին տեղյակ է պահում հարկային մարմիններին, վերջիններս հնարավորություն ունեն ստուգումներ անելու եւ բացահայտելու գերշահույթների դեպքերը. դ) գյուղատնտեսական արտադրանքի աճ, որը զսպող ազդեցություն է թողնում գների մակարդակի վրա: Այս 4 ուղղությամբ աշխատանք է տարվում:

Պատգամավորը հարցրեց շուկայի մենաշնորհային բնույթի` անհատների ցանկությամբ գների ձեւավորման փաստի մասին. «Սուբյեկտիվ գործոնների խնդիրը դառնում է ամենօրյա քննարկումների առարկա», վստահեցրեց վարչապետը: Այն փոփոխությունները, որ կատարվում են հարկային եւ մաքսային ոլորտում, որակապես կբարելավեն իրավիճակը, որ ապագայում բացառենք սուբյեկտիվ գործոնի դերը, իսկ վարչարարության բարձրացման հիմքում հրապարակային մեխանիզմ է դրվելու:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4