«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2008-06-10 | #110, 2008-06-11 | #111, 2008-06-12


«ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՆՊԱՍՏԻ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Մարտի 27-ին «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանըՙ կարեւորելով թատերական փառատոների դերը, առաջարկել էր ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին վերսկսել «Սայաթ-Նովա» հիմնադրամի գործունեությունըՙ նրան տալով թատերական ուղղվածություն: Թեպետ սկզբնական շրջանում նախատեսված էր, որ հիմնադրամը հովանավորելու է միայն «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, սակայն հաշվի առնելով ժամանակակից թատերական կյանքի դժվարություններըՙ հիմնադրամը կաջակցի յուրաքանչյուր հետաքրքրական առաջարկի իրականացմանը, որը կնպաստի թատրոնի զարգացմանը:

Այս առթիվ երեկ Վահագն Հովնանյանն ու ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը հրավիրել էին մամուլի ասուլիս:

«Հիմնադրամը կվերանվանվի բարերարի անունով եւ կհովանավորի առաջին Շեքսպիրյան թատերական փառատոնը: Այն կմեկնարկի Ռոբերտ Ստուրուայի «Համլետ» ներկայացմամբ ու կեզրափակվի Մոսկվայի գեղ. թատրոնիՙ ՄԽԱՏ-ի ներկայացումներով: Երեւան կժամանեն Լվովի եւ Գրանի հայտնի թատերախմբերը, իսկ Գրադովսկու կենտրոնը կանցկացնի վարպետության դասեր: Ստեղծվել է Շեքսպիրյան փառատոների միջազգային ասոցիացիաՙ աշխարհի խոշորագույն Շեքսպիրյան փառատոների մասնակցությամբ, որի կազմակերպիչները` հյուրընկալվելով Երեւանում կվերականգնեն շեքսպիրյան ավանդույթները», ասաց Հակոբ Ղազանչյանը, որ նաեւ ղեկավարելու է հիմնադրամի գործունեությունը:

Շուտով կկազմվի հոգաբարձուների խորհուրդ, որը զբաղվելու է ֆինանսատնտեսական հարցերով, իսկ հանձնաժողովը կարգավորելու է գեղարվեստական խնդիրները: Հիմնադրամն ունի մոտավորապես 80.000 դոլար գումար: «Վերջին 2-3 ամսվա ընթացքում հաճախ եմ այցելում թատրոն, հետեւում թատերական կյանքի զարգացմանը ու շատ տպավորված եմ: Մեր թատրոնը փայլուն ապագա խոստացող կեցվածք է ընդունել ու հիմնադրամն էլ հնարավորության սահմաններում կաջակցի», ասաց բարերարը:

«Ի՞նչ կանի հիմնադրամը դրամատուրգիայի զարգացմանը նպաստելու գործում» հարցին Հակոբ Ղազանչյանն ասաց. «Օրական հինգ-վեց հոգի մտնում են թատրոն, թեՙ պիես եմ գրել, եկեք բեմադրենք: Բայց այդպես չպետք է լինի: Դրամատուրգները պետք է համագործակցեն բեմադրիչների ու գեղարվեստական ղեկավարների հետՙ հասկանալու, թե ինչպիսի թեմա կարելի է արծարծել: Շատ կարեւոր կետ ենք ծրագրելՙ աջակցել հետաքրքրական թատերական նախագծերը: Հովանավորել երգահանին, որ պիեսների համար երաժշտություն գրի, երգչին, դրամատուրգին: Սակայն թատրոնից դուրս աջակցել դրամատուրգիայի գործունեությանըՙ կնշանակի անիմաստ ժամանակ եւ գումար վատնել»:

Հեռուստասերիալ, թե՞ հեռուստաթատրոն

Մի քանի օր առաջ հեռուստաեթերից Հենրիկ Հովհաննիսյանի արած արտահայտությանն ի պատասխան, թե հեռուստասերիալները եկել են փոխարինելու հեռուստաթատրոններին, Հակոբ Ղազանչյանն ասաց. «Նա նաեւ հայտարարել է, թե թատրոնները մեռած են: Վերջին 10 տարվա ընթացքում նրան որեւէ թատրոնում չեմ տեսել: Նա իրավունք չունի այդպիսի բաներ ասելու: Կան շատ հետաքրքրական թատրոններ, ներկայացումներ: Եթե չե՛ք գնում, նայում, գոնե մի՛ խոսեք»: Հավելելով, որ հեռուստասերիալների մակարդակը շատ ցածր է, որպեսզի համեմատականներ անցկացնեն հեռուստաթատրոնի հետ: Կարեւորելով հեռուստաթատրոնի դերը, ԹԳՄ նախագահը հանրային հեռուստատեսության հետ համատեղ մշակել է ծրագիր եւ շուտով հանդիսատեսին կներկայացնեն նոր ֆիլմեր ու հեռուստաներկայացումներ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4