«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2008-06-10 | #110, 2008-06-11 | #111, 2008-06-12


ՉԻՆԳԻԶ ԱՅԹՄԱՏՈՎ. «ՄԱՐԴԸ ԽՂՃԻ ՇՆՈՐՀԻՎ ԷՄԱՐԴ ԴԱՌՆՈՒՄ»

Հունիսի 14-ը` սգո օր Ղրղզստանում

Երեկ «Ազգը» հաղորդեց ղրղզական եւ ռուսական գրականության դասական Չինգիզ Այթմատովի մահվան մասին (դժբախտաբար սխալ էինք նշել երկիրը, որի համար ներողություն ենք խնդրում ընթերցողներից. խմբ.): Ավելի ուշ Ինտերֆաքս գործակալությունը տեղեկացրեց, որ Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բուկիեւը հունիսի 14-ը հանրապետությունում ազգային սգի օր է հայտարարել:

Մայիսի 16-ին Կազանում Այթմատովին հիվանդանոց էին տարել իր «Եվ դարից երկար տեւում է օրը» վեպի վրա հիմնված ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ապա նրան «երիկամային անբավարարություն» ախտորոշմամբ տեղափոխել էին Գերմանիա, որտեղ մահացել էր հունիսի 10-ին:

Չինգիզ Այթմատովը ծնվել է 1928-ին Ղրղզստանում: 1937-ին ձերբակալել են նրա հորը եւ գնդակահարել մեկ տարի անց: 1948-ին Այթմատովն ընդունվել է Ֆրունզե (այժմ Բիշքեկ) քաղաքի գյուղինստիտուտ: Դեռ ուսանողական տարիներին տեղական մամուլում սկսել է հրապարակել պատմվածքներ: «Ջամիլա» վիպակը նրան համբավի արժանացրեց: Հետագա 20 տարիներին Այթմատովի գրած երկերը համաշխարհային ճանաչում բերեցին նրան: Դրանցում Այթմատովը բարձրացնում է հավերժական հարցեր մարդու, նրա հոգու, զգացմունքների, խղճի մասին: Ահա թե ինչ է ասում ինքը. «Խիղճը մարդկային ցեղի, գիտակցության, ոգու մեծ հարստությունն է, մեծ ժառանգությունը: Մարդը խղճի շնորհիվ է մարդ դառնում»:

Այթմատովը Սոցիալիստական աշխատանքի հերոս էր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր: 1990-ից զբաղվել է դիվանագիտական աշխատանքով. նախ ԽՍՀՄ-ի, ապա Ղրղզստանի դեսպանն էր Բենիլյուքսի երկրներում: Սակայն 2008-ի մարտին առանց պատճառաբանության ազատվել էր Եվրոպայի երկրներում Ղրղըզստանի դեսպանի պաշտոնից:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4