«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2008-06-10 | #110, 2008-06-11 | #111, 2008-06-12


ՍՐՏԱԲԱՆ ԿԱՌԼԵՆ ԱԴԱՄՅԱՆ

Սրտաբան Կառլեն Ադամյանը գյումրեցի է, սակայն շատ խոսել չի սիրում. նա գործի մարդ է: Գրեթե 30 տարի ղեկավարում է Սրտաբանության ազգային ինստիտուտը, սրտաբանների ասոցիացիայի նախագահն է, 350 գիտական աշխատանքների հեղինակ: Ակտիվորեն մասնակցում է եվրոպական ու համաշխարհային սրտաբանների խորհրդաժողովներին` ըստ արժանվույն ներկայացնելով սրտաբանության ոլորտում մեր երկրի նվաճումները: Եթե Ադրբեջանը կամ Վրաստանը վերոնշյալ հաստատություններին ներկայանում են տարեկան 1-3 զեկույցներով, ապա Հայաստանը` 10 անգամ ավելի: Բժիշկը խոստովանում է, որ արդեն 19 տարի արձակուրդ չի գնացել, այդպես է եղել նաեւ բժշկական ինստիտուտն ավարտելուց 13 տարի հետո` մինչեւ դոկտորական թեզի պաշտպանությունը: Ըստ նրա, մասնագիտության ընտրության հարցում ընդառաջ է գնացել տատի ցանկությանը.

- Սկզբում տատս ասում էր` ջանիդ մեռնեմ, Կառլեն ջան, իսկ հետո, երբ արդեն բժիշկ էի` խալաթիդ մեռնեմ, բալա ջան: Դպրոցն ավարտելուց հետո Երեւան եկա ու գերազանց գնահատականներով ընդունվեցի բժշկական ինստիտուտ, որն ավարտելուց հետո ինձ զինվորական բժիշկ նշանակեցին: Կրճատումների պատճառով Լենինական վերադարձա` վիրաբույժի պարտականություններով: Տարիների ընթացքում հմտացա որպես սրտային վիրաբույժ, սակայն հետո նախընտրեցի սրտաբանությունը: Այդ որոշումն ավելի շատ հոգեբանական դրդապատճառներ ուներ: Այն տարիներին ես սրտային բնածին արատների բաժինն էի ղեկավարում, որտեղ հիվանդների մեծ մասը երեխաներ էին, նրանցից շատերը վիրահատական սեղանին էին մահանում, ու ես սարսափելի ծանր էի տանում այդ փաստը: Այս գործոնին ավելացավ նաեւ մեկը: Մի օր հայրս գալով ինձ մոտ ասաց, որ շատ վատ է զգում: Պարզվեց` ինֆարկտ է: 50 օր նրա մահճակալից չհեռացա, բայց կորցրի նրան: Հորս բուժումը վստահել էի ընկերներիս եւ չկարողացա նրանց ներել, որ նա իր ոտքով եկավ հիվանդանոց, սակայն այդպես էլ չփրկեցինք նրա կյանքը: Թերեւս սա ամենահզոր գործոնն էր սրտաբանությանն ամբողջովին նվիրվելու համար,- պատմում է բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը:

Մասնագիտական ձեռքբերումները հատուկ օրակարգի, ծրագրված աշխատանքի արդյունք են: «Աշխատում եմ օրվա, շաբաթվա կենսառիթմով առաջնորդվել: Առավոտյան ժամը 7- 8-ը զբոսանքի ժամ է, աշխատավայրում հիվանդներին ընդունելուց ու այցելելուց բացի, օրական 5 ժամ գիտական աշխատանքով եմ զբաղվում: Երկու հետաքրքրություն ունեմ` կերպարվեստ եւ շախմատ, շաբաթ օրս դրանց եմ նվիրում: 20 տարի Ռաֆիկ Աթոյանի հարեւանությամբ եմ ապրել, հենց նա էլ իմ ամենասիրելի նկարիչն է: Ինձ շատ են դուր գալիս նրա կտավներում արտացոլված անկեղծությունն ու անմիջականությունը, բարությունը: Աթոյանի արվեստանոցում ամեն շաբաթ օր պարտադիր հավաքվում, շախմատ էինք խաղում, ներկա էր նաեւ Ալբերտ Մկրտչյանը: Ճիշտ է, հիմա Աթոյանը Հայաստանում չէ, սակայն շախմատ խաղալու ավանդույթը պահպանվել է», իր նախասիրություններն է ներկայացնում Կառլեն Ադամյանը:

Այսօր բժշկի մտահոգությունը մասնագիտական է: Նա շատ է ցանկանում, որ վերջապես պետության աջակցությանն արժանանա սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ծրագիրը, որն արդեն քանի տարի գիտնականի սեղանին է` «Այսօր ընդհանուր մահացությունների 50 տոկոսից ավելին սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով է: Մեծ գումարներ են ներդրվում ժամանակակից բուժական տեխնոլոգիաներ ձեռք բերելու նպատակով, սակայն ոչ ոք չի մտածում մեր ազգի համար առողջապահական լուրջ խնդիր հիվանդությունը կանխարգելելու մասին, որը տարեցտարի մեծ ծավալներ է ընդգրկում: Ի վերջո, ավելի դյուրին է նոր սկսվող հիվանդության դեմն առնել, քան ողջ կյանքում պայքարել դրա դեմ: Շատերին է հայտնի, որ սիրտ-անոթային հիվանդությունները ուղեկցում են մարդուն ողջ կյանքի ընթացքում, եւ այդ հիվանդությունները շատ ծախսատար են` հատկապես սրտային վիրաբուժությունը, որը ոչ բոլորին է հասու: Այդ նպատակով էլ ստեղծվել է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ծրագիրը, որի շնորհիվ հնարավոր կլինի զգալի չափով կրճատել հիվանդների թիվը, որոնք մեզանում մեծամասնություն են կազմում», ասում է բժիշկը:

Կառլեն Ադամյանն իր հիվանդներին ու ընդհանրապես բոլոր մարդկանց խորհուրդ է տալիս խուսափել ավելորդ նյարդային լարվածությունից, քիչ դիտել բացասական տեղեկատվություն պարունակող հաղորդումներ, զբաղվել սիրած աշխատանքով, շփվել բնության, արվեստի հետ:

ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4