«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2008-06-10 | #110, 2008-06-11 | #111, 2008-06-12


ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔ` ՇԱՏ ՍԵՐ

Որպես կանոն մարդիկ գոնե մի քանի անգամ իրենք իրենց հարց են տալիս աշխարհ գալու, իրենց ապրելու բուն նպատակի, այսպես կոչված «ծրագրի» ու դրա իրականացման մասին:

Ամուսիններ Թամարան եւ Վոլոդյան իրենց կյանքի ամենամեծ գործն են համարում 13 զավակներ լույս աշխարհ բերելը, նրանց պահել-մեծացնելը: Բոլոր երեխաներին հայկական անուններով են կնքել, չմոռանալով նաեւ ծնողների անուններով կնքելու ավանդույթը: «Բուհավարտ միակ զույգն ենք, որ այսքան երեխաներ ենք ունեցել, մեր նկարն էլ Երեւանի պատմության թանգարանում է: Թամարը «Հերոսուհի մայր» կոչման է արժանացել», հպարտությամբ թվում է Վոլոդյա Մկրտչյանը, որը մինչեւ օրս էլ շատ է սիրում երեխաներ: Բայց առավել հպարտությամբ է պատմում Հովհաննես Շիրազի հետ իր բարեկամության մասին, որ շատ է օգնել բազմանդամ ընտանիքը իշխանավորների ուշադրության կենտրոնում պահելու հարցում: Պարոն Վոլոդյան երանությամբ է հիշում այն օրերը, երբ երեխաներից երկուսին գրկած, մնացածին` զույգ-զույգ շարք կանգնեցրած տանում էր մսուր-մանկապարտեզ ու զարմացած ծանոթ-անծանոթներին հպարտությամբ տեղեկացնում, որ բոլոր երեխաներն էլ իրենն են: Նրա համար իսկական կնոջ կերպարը հղի կամ կերակրող կինն է: Այլ գեղեցկություն նրան խորթ է թվում:

Տիկին Թամարան 13 երեխաներին ողջ-առողջ աշխարհ բերած հերոսուհի մայր է: Նա չի էլ մտածել շատ երեխաների հոգսաշատությունից հուսահատվելու մասին: Երեխան Աստծո պարգեւ է համարում, պտուղն արհեստական ճանապարհով հեռացնելը` մարդասպանություն: Երբեւէ չի համաձայնել իր երեխաներից մեկնումեկին ուրիշին տալ: Խոսքաշատ ու հեզաբարո կինը սիրով է հիշում իր աշխատանքային 35 տարիները Երեւանի երեք դպրոցներում, ուր տարրական դասարանների դասվար էր: Բոլորը զարմանում էին, թե տանը` երեխաներ, դպրոցում` նույնը, չե՞ս հոգնում: Թերեւս չէր հոգնում, այլապես` իրոք քաջություն է 13 երեխաներ (որոնցից վեցը երկվորյակներ են) առողջ ծնելու եւ կուշտ ապրելու պատասխանատվություն վերցնելը, մանավանդ, երբ արյունդ բացասական ռեզուս է: «12 երեխաներիս ունեցել եմ ու պահել Արամի փողոցում գտնվող մի սենյակում, որ նույնպես 12 քառակուսի էր: Պատերի երկայնքով դարակներ էինք սարքել, երեխաներս այդ դարակներում էին քնում: Միայն վերջին երեխաս է ծնվել Սարյան փողոցի բնակարան տեղափոխվելուց հետո», հիշում է տիկինը: Իսկ դա եղել է 33 տարի առաջ: Խորհրդային պետությունը բազմազավակ ամուսիններին ու նրանց ինը որդիներին եւ չորս դուստրերին աչքաթող չի արել: Երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսն էլ է օգնել, երեխաներին թոշակ նշանակել մինչեւ չափահաս դառնան (հայրապետի մահից հետո թոշակ տրամադրելը դադարեցրել են): Վոլոդյա Մկրտչյանը չի մոռանում բոլոր նրանց, ովքեր աջակցել են պահել իր երեխաներին, նաեւ նրանց, ովքեր խոստացել են, բայց չեն կատարել խոստումը: Հատկապես Վանո Սիրադեղյանից է հիասթափված, որ խոստացավ, թե կգան, բնակարանները կվերանորոգեն, բայց ոչինչ էլ չեն արել, ու բնակարանները մինչեւ հիմա էլ, մեղմ ասած, անշուք վիճակում են: «Կոմունիստների ժամանակ սպիտակեղեն էինք ստանում, ներքնաշորեր, հաց ու կաթ, «Երազ» մեքենա ունեի», վերհիշում է բազմազավակ հայրը եւ համեմատում իր բազմանդամ ընտանիքը մերօրյա մեկ-երկու երեխայով բավարարվող ընտանիքների հետ: Նա համոզված է, որ եթե ներկայիս իշխանությունը նույնկերպ աջակցի նորաստեղծ ընտանիքներին, էլի շատ երեխաներ ունեցողներ կլինեն:

Այսպես թե այնպես, երեխաները մեծացել են, անցել Հայաստանում բոլորի համար դժվարին մութ ու ցուրտ տարիները, մեծանալով մի հարկի տակ ու միասին: 64 եւ 69-ամյա ծնողները գոհունակությամբ են հիշում. «Լավ է, որ մեզ բնակարաններ տվեցին մինչեւ Սովետի քանդվելը, թե չէ դրանից հետո ո՞վ կտար մեզ 3 հատ 85-ական քառակուսի մետրանոց բնակարաններ Սարյան փողոցում, նույն հարթակում»:

«Ինը զինվոր ենք տվել մեր հայրենիքին, հպարտությամբ հիշում են ամուսինները: Ամեն տարի զինկոմիսարիատից գալիս էին մեկին կամ զույգերին տանում»: Հիմա որդիները մեծացել են, մի քանիսն ամուսնացել են, փոքրը, որ 33 տարեկան է` ոչ, բնակարանի հարց կա: «Այն ժամանակ կարծում էինք, թե իրենք էլ կմեծանան եւ իրենց աշխատավայրերից բնակարաններ կստանան: Ի՞նչ իմանայինք, որ պայմանները կփոխվեն», ասում է տիկին Թամարը:

Հիմա 16 հոգի են Մկրտչյանների հարկերի տակ համատեղ ապրում: Որդիներից ոմանք առանձնացել են, մեկը վարձով է ապրում, մյուսների տիկնայք ու զավակներն են շրջում սենյակներում: Դուստրերից Աննային հարցնում եմ, թե ի՞նչ չափի կաթսայով են ճաշ եփում: Ծիծաղում է. «Հարեւաններն այդ չափի կաթսաների մեջ ձմեռվա պահածո են եռացնում»: Իսկ բազմանդամ ընտանիքում մեծանալն իր դրական կողմերն ունի. «Ես համար երրորդն եմ, փոքր տարիքում, բնականաբար, պատասխանատվություն էի կրում ավելի փոքր տարիքի եղբայրներիս ու քույրերիս համար: Հոգսը շատ է, բայց ուրախությունն էլ է շատ, ամիս ունենք` հունիսը, երեք ծննդյան տոն ունենք, որոնցից մեկը զույգերի ծննդյան օր է», ասում է Աննան, որ աշխատանքային ճակատում հաջողություններ արձանագրել է (գյուղատնտեսության նախարարությունում փոխնախարարի օգնական է), բայց սեփական ընտանիքը դեռ չի կազմավորել` Աստծո տնօրինությանը թողնելով ամենակարեւոր հարցը:

«Այս ընտանիքը թիմ է, որի համար առաջին հերթին առողջություն, համերաշխություն եւ ամենակարեւորը` աշխատանք եմ ցանկանում, որ կարողանանք մեծ ընտանիքի մեծ հոգսերը հոգալ», ասում է Աննան:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Ազգ» - Սիրով միանում ենք մաղթանքներին եւ ցանկանում, որ Մկրտչյան ամուսինների օրինակը վարակիչ լինի մերօրյա երիտասարդ ընտանիքների համար` ի հեճուկս բոլոր դժվարությունների: Իսկ իշխանության աջակցությունը նման ընտանիքներին հարկ է, որ առավել շոշափելի լինի եւ ոգեւորիչ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4