Հարյուր միլիոնավոր մարդկանց դեպի իրեն գրավող եվրոպական ֆուտբոլի այս օրերին ընթացող առաջնությունը թափ է հավաքում: Արդեն հայտնի են առաջին խաղերի արդյունքներն ու անակնկալները: Թեեւ Հայաստանի հավաքականը չի մասնակցում եզրափակիչ խաղերին, սակայն հայաստանցիներս խաղերում մեր ներկայացուցիչն ունենք. ոչ խաղադաշտում, իհարկե, այլ` կազմակերպական հարցերում ընդգրկված: Լուսանկարում պատկերված երիտասարդը Երեւանի Զեյթուն թաղամասի բնակիչ, ավստրիական Գրաց քաղաքի համալսարանի ուսանող Վարդան Քյուրումյանն է: Նա Կլագենֆուրտ քաղաքում կայացող խաղերին ժամանող բարձրաստիճան հյուրերին դիմավորող կամավորականների թիմի անդամ է տրանսպորտային հարցերի գծով: Այստեղ են լուծվում, ասենք Ֆրանց Բեկենբաուերին ինչ կարգի ավտոմեքենայով օդանավակայանից հյուրանոց, այնուհետեւ խաղադաշտ հասցնելու, Զեպ Բլատերին ինքնաթիռի շարժասանդուղքի մոտից «Լիմուզին» նստեցնելն ու նման հոգսերը:
Վարդանը պատմում է իրենց խմբի աշխատանքի ընթացքում արձանագրված յուրօրինակ մի անակնկալի մասին: Կլագենֆուրտի օդանավակայանի սպասասրահի երկրորդ հարկում գտնվող իրենց գրասենյակում տեղեկություն է ստացվում, որ Վարշավայից ժամանող ինքնաթիռով բարձրաստիճան պաշտոնյա է գալիս: Լեհաստանի հավաքականն այդ օրվա վերջին խաղ ունի, բայց բոլոր բարձրաստիճաններն արդեն ժամանել են: Հերթական անգամ նայում են ցուցակները. որեւէ մեկի այդ չվերթով չեն սպասում: Սակայն, այնուամենայնիվ, որոշում են ապահովության համար ուղեսանդուխքին մոտենալ. ուղեւորների մեջ որեւէ մեկը չի առանձնանում, որպեսզի փորձեն ինչ-որ բան անել: Երբ գրեթե բոլոր ուղեւորներն արդեն անցնում են սահմանված տարածքը, կամավորների թիմի հետ աշխատող ազգությամբ լեհ ոստիկանը գործընկերներին ցույց է տալիս ջինսով ու սպորտային վերնաշապիկով, ցելոֆանե տոպրակ ուսած մեկին` հանձին նրա ճանաչելով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին: Ընդամենը 2 ժամ անց սկսվելու էր Գերմանիա-Լեհաստան խաղը. այ, եթե լեհ ֆուտբոլիստները գուշակեին, որ իրենց ելույթը դիտելու է եկել հարազատ կառավարության ղեկավարը, թերեւս այլ եռանդով խաղային, 0-2 հաշվով չպարտվեին: Երեւի վարչապետն էլ մեծ սպասելիքներ չուներ երկրի հավաքականից, որ նման ձեւով էր ժամանել Կլագենֆուրտ:
Վարդանը նշում է, որ իրենց աշխատանքը կամավորության սկզբունքով է, ընտրվել են լեզուների իմացությամբ եւ մարզական կազմվածքով տղաներ ու աղջիկներ: Ինքը լավագույնս տիրապետում է ռուսերեն, անգլերեն եւ գերմաներեն լեզուներին, ավելացրած հարազատ հայերենը: Աշխատանքի դիմաց որեւէ գումար չի նախատեսված, թերեւս միայն սննդի ու զովացուցիչների կտրոնները, իսկ մնացած հոգսերը կամավորները լուծում են իրենց հաշվին, սկսած տրանսպորտային ծախսերից մինչեւ գիշերակացի հարցերը: Բայց անգամ նման խնդիրները չեն խոչընդոտել, որ եվրոպական շատ երկրներում կամավորների ընտրությունն ամենայն բծախնդրությամբ կատարվի: Իրենց թիմում ընդգրկվածներ հատկապես շատ են Գերմանիայից ու Իտալիայից, կան նաեւ չեխեր, լեհեր, մասնակից կա անգամ հեռավոր Կանադայից: Միակ նվերը, որ կամավորները անվարձահատույց ստացել են ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիայից, դա ցուցադրվող «Ադիդաս» ֆիրմայի մարզազգեստների հավաքածուն է, որ ամիսներ առաջ կարվել է իրենցից յուրաքանչյուրի չափերը վերցնելու արդյունքում: Մեկ էլ, որը թերեւս ամենակարեւորն է, որոշ խաղեր մարզադաշտում անվճար դիտելու հնարավորությունը: Վարդանն ասում է, որ հունիսի 10-11-ին մարզադաշտի մուտքի տոմսերը առավել մոլի ուշացած ֆուտբոլասերներն արդեն ձեռք էին բերում 600 եվրոյով, մարդիկ վճարում են այդ գումարը: Մի գեղեցիկ օր մենք էլ կվճարենք, մարզադաշտ մտնելու համար վճարի գնին չենք նայի. չէ որ դիտելու ենք եզրափակիչ փուլում հայտնված Հայաստանի հավաքականի խաղը:
Գ. Ք.