«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2008-06-10 | #110, 2008-06-11 | #111, 2008-06-12


ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ 3 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ, ՆԱԵՎ` ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ ԵՎ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ այցելել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորվածներ, Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, ինչպես նաեւ Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին եւ ՀՀՇ վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանին: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ընդունելության ընթացքում կալանավորներն ասել են, թե որեւէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի պայմանների, վարչակազմի վերաբերմունքի, նախաքննություն իրականացնող մարմնի վերաբերյալ, չեն դժգոհել նաեւ իրենց առողջական վիճակից: Կալանավորվածներին ավելի շատ հետաքրքրել են իրենց առաջադրված մեղադրանքների վերաբերյալ որոշ հարցեր: Հիշեցնենք, որ նրանք կալանավորվել են Երեւանում «սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում սպանություններով, հրկիզումներով, բռնությամբ, ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ» հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ավելի վաղ Լ. Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչները հայտարարել էին, թե իրենց կալանավորված ընկերների նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի իրականացվում:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4