«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2008-06-11 | #111, 2008-06-12 | #112, 2008-06-13


«ՈՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՐԵԼ, ՈՎ ԲՌՆԱՑՐԵԼ Է ԿԵՂԾԻՔԸ, ՆԱ ԷԼ ԴԱՏՎԵԼ Է», ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

«Դատարանի դահլիճում, անգամ նախաքննության ժամանակ խնդրում են, ասում են մենակ մի բան` կդատենք, քեզ տուն կուղարկենք, մենակ չխոսես: Չխոսելը նշանակում է մեղքը ընդունել: Դա փիլիսոփայական մոտեցում ա: Ու շատերը չեն խոսում, շատերի ներվերն էլ չեն դիմանում, հետո խոսում են», երեկ այսպես ներկայացրեց ընդդիմադիր հայացքներ ունեցող ձերբակալվածներից իրավապահների սպասելիքները փաստաբան Տ. Տեր-Եսայանը ՀԺԿ գրասենյակում հրավիրած մամլո ասուլիսին: Ասուլիսի նպատակն էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կարդացվելիք դատավճռից օր առաջ մեկնաբանել դատավարությունը, որ ընդդիմադիր թեւին համակարծիք մամուլով բազմիցս արծարծվել է: Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի, ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի դատավարությունը, բանախոսի կարծիքով, որ նաեւ վերոհիշյալ անձանց փաստաբանն է եղել (նրանք հրաժարվել են փաստաբաններից ի նշան դատավարության դեմ բողոքի), նույն սցենարով է նախաձեռնվել եւ իրականացվել, ինչ մնացյալները, որոնք որակվում են որպես քաղաքական հետապնդումներ եւ հաշվեհարդար այլակարծության համար: «Եթե ճիշտն եք ուզում իմանալ, ես ենթադրում եմ, որ էդ տարածաշրջանում (Շիրակ-Ս. Մ.) Սերժ Սարգսյանի ընտրարշավը շատ վատ են տարել եւ էդ շտաբը իր վատ աշխատանքը ձեւակերպել, աղմուկ է բարձրացրել, որ էստեղ գալիս են, ծեծում են, ջարդում են, դրա համար սենց-սենց բան ա ...»: «Ազգի» հարցադրմանը, թե կոնկրետ փաստեր ունե՞ք, բանախոսը պատասխանեց. «Կոնկրետը նա է, որ իրանք հղում են անում դատախազությանը»: «Մի բան էլ ավելացնեմ, միջամտեց ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը, եղել են բազմաթիվ բողոքներ ընտրության օրը` Կոտայքի տարածքներից, որ առեւանգվել են վստահված անձինք եւ այլն, դատախազությունը որեւէ կերպ չի արձագանքել, քրեական գործեր չեն հարուցվել, կան կոնկրետ անուններ, պատգամավոր են առեւանգել եւ այլն: Իսկ էստեղ չես հասկանում որտեղից է ահազանգը եղել, եւ էսպես մեծ քրեական գործ է բացվել»:

«Այս եւ մի շարք գործերով մարդիկ դատվում են իրենց գործողությունների, քաղաքական հայացքների համար, համոզված է Տ. Տեր-Եսայանը: 2003 թվականից սկսվել է քաղաքական հետապնդումը: Հետապնդվել է ընտանիքով, հայացքների համար` կանչել, պատժել, հեռացնել ... Հետապնդվածների 37 գործ Եվրոդատարանում է, հազարավոր մարդիկ են բերման ենթարկվել մարտի 1-ից առ այսօր` տարբեր կարգավիճակով, հետո բաց են թողել, բաց թողելուց հետո էլի անվերջ կանչում են, տանում են, բերում են: Հիմա դուք որոշեք, դրանք քաղբանտարկյալ են, թե՞ չեն»:

Բանախոսը չնայած գովեստի խոսքեր շռայլեց «համարյա իրավաբան» լրագրողներիս, այնուամենայնիվ, ինքնիրեն հարց տվեց եւ ինքն էլ պատասխանեց. «Ի՞նչն է պատճառը, որ ուզում են այս գործով անպայման դատավճիռ դուրս գա: Ասեմ: Առաջին օրը, որ խոսք գնաց, ես ասի` պարոն Մակեյանին բաց չեն թողնի: Ինչո՞ւ: Որովհետեւ չարաբաստիկ փետրվարի 24-ի որոշման մեջ Մակեյանը որպես պարագլուխ է անցնում: Ճիշտ հասկացեք: Մակեյանին անհնար էր բաց թողնել, որովհետեւ իրենք իրենց կհերքեն: Սա է խնդիրը: Այստեղ կա մի նրբություն: Դատում են, որովհետեւ շատ եք խոսում, համբերատար չեք», եզրակացրեց փաստաբանը:

«Սա առաջին դեպքը չէ, մեր բոլոր վստահված անձինք, ով ուշադրություն է դարձրել, բացահայտել է կեղծիքը, նա էլ դատվել է», պարզաբանեց Ռուզան Խաչատրյանը եւ բերեց Գավառի օրինակը, երբ յոթ հանձնաժողովի յոթ անձանց ստորագրություն կեղծած հանձնաժողովի նախագահը պայմանական մեկ տարի է ստացել, իսկ երկու վստահված անձինք ստացան երեքական տարի:

Իր դժգոհությունը իրավիճակի եւ մթնոլորտի մասին հայտնեց եւ Տ. Տեր-Եսայանը: «Մի օր չէ, երկու օր չէ, ի՞նչ է նշանակում մարդուն տանես, ամիսներով պահես, ազատությունից զրկես, հետո հարազատներին բերման ենթարկես, հարցնես` էս մեբելի ստանոկը ձեզ որտեղի՞ց», հարցնում է փաստաբանը:

Տ. Տեր-Եսայանը ողջունելի որակեց, որ քաղաքական գործիչները իրենց հայացքների համար պատրաստ են «նստելու, դուրս գալու»: «Հետագայում պաշտոններ զբաղեցնելու», նրա միտքը շարունակեց լրագրողներից մեկը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4