Ստեփան Դեմիրճյանի հին ասելիքը նոր նրբերանգներով
«Իրավունք դե ֆակտո» նորաբաց մամուլի սրահում երեկ հյուրընկալված ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը գրեթե ոչ մի նոր բան չասաց ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ` բացառությամբ այն, որ ընդդիմադիր կուսակցություններն, անհրաժեշտության դեպքում, ընտրություններին կարող են գնալ դաշինքով: Սա համալրումն էր Ստեփան Դեմիրճյանի ավելի վաղ արտահայտված մտքի, թե իրենք ողջունում են կուսակցությունների խոշորացման գաղափարը, բայց իրատեսական չեն համարում, որ ձեւավորվի մի մեծ կուսակցություն. «Հնարավոր է, որ ձեւավորվեն մի քանի հզոր կուսակցություններ եւ անհրաժեշտության դեպքում ընտրություններին մասնակցեն դաշինքով»:
ՀԺԿ ղեկավարը լրագրողների հարցերին պատասխանելիս ոչ մի նոր բան չէր ասում: Տպավորություն էր ստեղծվում, թե հայտնի չեն ընդդիմության հետագա քայլերը հենց իրենց` ընդդիմադիր լիդերների համար: Անգամ չկար կրքոտ պայքարի պատրաստակամության այն կեցվածքը, որը դրսեւորվում էր նախկինում: Իհարկե, սա չի նշանակում, թե կարող ենք պնդել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չունի պայքարի հետագա ծրագիր եւ անորոշության մեջ է թողել հենց իր զինակիցներին, բայց նաեւ ժամանակն էր, որ Ստեփան Դեմիրճյանի հեղինակության տեր գործիչը որոշակի ասելիք ունենար գոնե երեկ` հաշվի առնելով, որ առջեւում հունիսի 20-ի հանրահավաքն է:
Ուշագրավ էր Ստեփան Դեմիրճյանի միտքը, թե ընդդիմությունը չարժե պայմանավորել մեկ անձով. «Ընդդիմության դաշտում կան կայացած ուժեր, որոնք համագործակցում են: Սա հասարակության պայքարն է, որը առաջնորդում են ընդդիմադիր ուժերը: Ընդդիմությունը մի անձով պայմանավորված չէ, բայց չպետք է թերագնահատել լուրջ ուժերի աջակցությունը»:
Ընդդիմության պահանջները նույնն են` ազատել քաղբանտարկյալներին եւ անցկացնել ազատ ու նոր ընտրություններ, ինչը միակ տարբերակն է կեղծված ընտրությունների բացասական հետեւանքները չեզոքացնելու համար: Այդուհանդերձ, իրենք կազմակերպելու են իրենց հանրահավաքը, որը, Դեմիրճյանի խոսքով, կրելու է բացառապես խաղաղ բնույթ: «Եթե իշխանություններն ազատ են արձակում քաղբանտարկյալներին, բայց չեն համաձայնում արտահերթ ընտրություններ անցկացնելու ձեր պահանջին, ի՞նչ է անելու ընդդիմությունը», «Ազգի» հարցին ակումբի հյուրը պատասխանեց. «Քաղբանտարկյալներին թող ազատեն, մնացածի մասին հետո կխոսենք, երկխոսությունը հնարավոր է այդ ժամանակ: Մենք գտնում ենք, որ ազատ, արդար ընտրությունների միջոցով է հնարավոր... Մնացածը ժամանակը ցույց կտա, այդ ժամանակ հնարավոր է երկխոսությունը»:
Չմոռանանք ուշադրություն հրավիրել Դեմիրճյանի մեկ մտքի վրա եւս. մինչ նրա ասուլիսը ընդդիմադիր բոլոր գործիչները հայտարարում էին, թե իշխանությունները որեւէ քայլ չեն կատարում ԵԽԽՎ բանաձեւի պահանջները կատարելու ուղղությամբ: Մարտյան դեպքերի ուսումնասիրության համար Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրողությունը Ստեփան Դեմիրճյանը համարեց իշխանությունների կատարած կիսաքայլ` հավելելով սակայն, որ ԵԽԽՎ մյուս պահանջների` այդ թվում նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման մասով առաջընթաց չկա:
Ըստ էության, ասելիքի մասով ՀԺԿ ղեկավարը նոր մտքեր չարտահայտեց, բայց պահվածքի` ավելի ճիշտ տրամադրվածության առումով, որոշակի փոփոխություն նկատելի էրՙ նախկին վճռականությունը չկար:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ