«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2008-06-11 | #111, 2008-06-12 | #112, 2008-06-13


ՔԱՐՇԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ

Շատ այլ հայորդիների թվում, այս տարին հոբելյանական է նաեւ կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի համար: Լրանում է նրա ծննդյան 100-ամյակը, իսկ մայիսի 21-ին լրացավ միջազգային ճանաչում գտած (1941 թվի) շապիկի վրա նրա Չերչիլի հանրածանոթ նկարի տպագրման 68-րդ տարեդարձը: Այդ առթիվ Կանադայի փոստային վարչությունը մայիսի 21-ից շրջանառության մեջ է դրել 3 նոր դրոշմանիշ` Քարշի կատարած նկարներով: Ներքին օգտագործման համար 52 ցենտ արժողությամբ առաջինը կրում է իր ինքնադիմանկարը, երկրորդը` Մ. Նահանգների համար (96 ցենտ արժողությամբ) ներկայացնում է դերասանուհի Օդրի Հեպբոռնին, իսկ երրորդը` միջազգային առաքումների համար (1 դոլար 60 ցենտ արժողությամբ), սըր Ուինստոն Չերչիլի առանց սիգարի, զայրացած դեմքի արտահայտությամբ նկարը, որը տասնամյակներ առաջ արդեն տեղ գրավել էր կանադական դրոշմանիշների վրա:

Ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի, 16-ամյա պատանին Կանադայում հայտնվելու առաջին օրը նկարագրելիս ասել է. «Բոլորն ուրախ էին եւ ես կարծես հարբած էի նրանց ուրախությամբ: Դա ինձ համար նոր փորձառություն էր, երազային, գլխապտույտ առաջացնող հեռանկարներով»: Նա չափազանց լավատես էր եւ շրջել էր աշխարհով մեկՙ լուսանկարելով բազմաթիվ ճանաչված քաղաքական գործիչների, թագավորների, նախագահների, վարչապետերի, գրողների եւ դերասանների: Նրանց թվում են Էլիզաբեթ Բ-ն, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն եւ Հեմինգուեյը:

Այս շարքից 24-ը տեղ են գտել «Հիշատակի թերթիկում», որը նույնպես այս առթիվ հրապարակ է հանվել 3 դրոշմանիշներին զուգընթաց: Այս դրոշմանիշները 150x97 մմ չափսի են, ընդհանուր մեկ թերթի վրա:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4