Միջազգային մակարդակի տավղի մենակատար հայ նվագածուները սակավաթիվ են: Այսուհանդերձ անվարան կարող ենք հիշել ուսուցչապետ, master class-ների դասին պատկանող Սյուզաննա Միլտոնյանի, ինչպես նաեւ երիտասարդ սերնդից Իրիս Թորոսյանի անունները:
Իրիսը զավակն է երաժշտասեր Սոնա եւ Գեղամ Թորոսյանների. մայրը հանրածանոթ դաշնակահարուհի, իսկ հայրըՙ Գեղամը, ազգային կարկառուն գործիչ, ՀԲԸՄիության ղեկավարներից եւ Փարիզի Մայր եկեղեցու բազմավաստակ ատենապետ, եւ Հայաստանյայց եկեղեցու ծեսի եւ պատմության հմուտ մասնագետ է:
Շաբաթ երեկոյան, մայիսի 24-ին La Sainte Chapelle եկեղեցու մեջ «Les Solistes Francais» անվանի կազմակերպության տնօրենի, ջութակահար Paur Brie-ի եւ Իրիս Թորոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ զուգանվագ համերգ: Հարկ է նշել, որ վերոհիշյալ այս կազմակերպությունը համախմբում է Եվրոպայի երաժշտանոցների լավագույն մենակատարներին:
Իրիս Թորոսյանի տավիղը ջինջ հնչերանգով, մոգական երաժշտական մի գործիք է: Խոր զգայնությամբ, հեզությամբ, մելամաղձությամբ, անթերի տեխնիկայով եւ լարերի հրաշալի կսմիթով ի հայտ է բերում արվեստագետի խառնվածքը:
Իրիս Թորոսյանի երաժշտական նվաճումները եւ այս համերգի քննական տպավորությունները ձեզ հետ կկիսենք մեր հետագա հոդվածներում: Հիշենք, որ հայտագիրը բաղկացած էր Մոցարտի, Դվորժակի, Մասնեի, Սեն Սանսի եւ այլ կոմպոզիտորների գործերից:
Հետաքրքրական մի զուգադիպություն եւ ազգային զգացումների մի փայփայանք էր նրա ելույթը ոսկեողող լույսով եւ բազմերանգ գույներով լեցուն La Sainte Chapelle եկեղեցում, որի ճարտարապետն է de Montreui-ը, որը կառուցել է նաեւ աշխարհածանոթ Notre Dame եւ Saint-Denis արքայական Մայր եկեղեցին, ուր հանգչում է կիլիկյան հայոց վերջին արքանՙ Լեւոն 5-րդը:
Հուզաթաթախ ուրախությամբ է հայ մարդը տեսնում La Sainte Chapelle եկեղեցու մուտքի աջակողմյան մասում գտնվող երեք հարթաքանդակները: Նրանք պատկերում են աստվածաշնչյան ջրհեղեղի երեք տեսարաններ. Նոյի տապանի շինությունը, կենդանիների մուտքը տապան եւ աղավնու վերադարձըՙ ձիթենու ճյուղը կտուցին: Այս բոլորը` Զվարթնոց եկեղեցու մանրակերտ քանդակի առջեւ: Ինչպես չենթադրել, թե քանդակագործը հայ է եղել:
Հետաքրքրական մի նկատառում. 13-րդ դարին պատկանող այս հարթաքանդակներում Զվարթնոց տաճարը կանգուն է պատկերված, այնինչ 10-րդ դարում այս շինությունը երկրաշարժից մեծապես տուժել էր:
Բժշ. ԼԵՎՈՆ ՄՈՄՃԵԱՆ, Փարիզ