նթիկա Միհրանի Ոսկանյանի պապերը ծնվել էին առասպելական Սասունում, Ծովասար լեռնակարկառի ստորոտին, ուր Դավթի բերդերի եւ դրանց պարիսպների ահասարսուռ ավերակները դեռ մնում էին: Դրա համար էլ գյուղը կոչվում էր Բերդանք: Ոսկանյան իշխանական գերդաստանի տարեգրությունը հյուսվել էր թուրքերի ու քրդերի դեմ մղված անձնազոհ մարտերով եւ փառավոր հաղթանակներով: Հերթական սխրանքի նետվելուց առաջ, որպես հաստատուն օրենք, գերդաստանի պայազատները ջրդեղվում էին խորընկա Ծովասարի աստղաբիբ լճում, այսպես զրահավորվում: Իսկ եթե զոհվում էին, նրանց վրա սգում էին միայն Ծովասարի սեւասիրտ կակաչները: Ապա նահատակների հոգիները հրաշագեղ հավքեր էին դառնում եւ հավերժ թեւածում Սասնա սարերի վրա: Հորեղբայր Մանուկի վեց որդիների եւ Խանդութ դստեր վրա այդ կակաչները սգացին 1915-ին: Կռիվն աշխարհավեր էր, անհավասար էր, եւ Բերդանքը զարկելով ու զարկվելով նահանջեց: Ոսկանյան սասնածին տոհմի բեկորները ապաստանեցին Արեւելյան Հայաստանում, Արագած լեռան հարավային փեշի մի քարաստանում, որին ցավով ու տխրությամբ կոչեցին Սասնաշեն Վերին, ուր ծնվեց եւ հասակ առավ Անթիկան: Ավարտեց Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, հայոց լեզու էր դասավանդում տեղի դպրոցում: Նրա ընտրյալը Գեւորգ (Ժորա) Հակոբյանն էր, որ սերում էր հռչակավոր հայդուկապետ Արաբոյի տոհմից: Ոգեշնչեց Անթիկան իր կյանքի ընկերոջը, քաջարելեց: Եվ Ժորան հյուսեց, ավելի ճիշտ, էրգրի ցավով ու կարոտով արարեց «Քելե, լաո» երգը, որին վիճակված էր դառնալ համազգային աղոթք, արժանանալ ժողովրդականի ամենամեծ կոչմանն ու պատվին: Գեւորգ (Ժորա) Հակոբյանի «Ծովասարի կակաչները» վիպասքը (արժանացել է Հայաստանի գրողների միության Միքայել Նալբանդյանի անվան մրցանակին) անմահություն պարգեւեց Սասունից եւ Տարոնից բռնագաղթած տարաբախտ պապերին ու մամիկներին: Ապա Անթիկան եւ Ժորան ստեղծեցին «Ծովասար» մանկական երգչախումբը (հանրապետական եւ միութենական փառատոներում բազմիցս եղել է մրցանակակիր), որ աշխարհով մեկ համասփռում էր կորած էրգրի ցավն ու կարոտը:
Նրանց գրած ու մշակած շատ երգեր («Մարաթուկ Աստվածածին», «Սասնա հարսներ», «Գըքելեր») «Քելե, լաոյի» հետ այսօր էլ շարունակում են անցնել շուրթից շուրթ, սրտից սիրտ: Նրանք երգերով վերածնեցին ու բորբոքեցին ցավի, կարոտի ու մորմոքի ամենակուլ կրակը: Նրանք երգը հռչակեցին օրենք եւ Աստված` արժանի ավանդ ապահովելով 70-80-ականներին ազգային գաղափարախոսության եւ հայ ժողովրդական երգի հրաշագեղ զարթոնքում:
Անթիկան վաստակաշատ մանկավարժ էր, հիսուն տարի աշխատել է դպրոցում: 2002-ին արժանացել էր ՀՀ նախագահի շնորհակալագրին: Պարգեւը հանձնելիս ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը մեկ խոսք է ասել միայն. «Դուք` մանկավարժներդ, զարդարում եք մեր կյանքը»:
Սակայն այս էրգրաշունչ, սրբազան (բնութագրումը բանաստեղծ Վահագն Դավթյանինն է) օջախի շքեղաշուք կյանքը խաթարվեց անսպասելի. հիսունվեցերորդ տարում կյանքից հեռացավ Գեւորգը: Իսկ ապա վրա հասավ ամենասարսափելին` դժբախտ պատահարին զոհ գնաց կրտսեր որդին` տնտեսագիտության թեկնածու, սքանչելի Հակոբը, որն ընդամենը քսանիններորդ գարնան մեջ էր: Եվ դժբախտ սասնուհու ալեկոծված սիրտն ընկրկեց ահռելի-անամոքելի ողբերգության առջեւ...
- Ժորան եւ Հակոբը Սասունում են, նրանց հոգիները հավքեր են դարձել, հաճախ ինքնամոռացության մեջ հարազատներին ասում էր Անթիկան:- Գիշեր-ցերեկ նրանք ինձ կանչում են իրենց մոտ...
Եվ Անթիկա Ոսկանյանը...յոթանասունը չբոլորած, հրաշագեղ հավքերի կանչերին ունկնդիր, գնաց այս արեւ-աշխարհիցՙ աշխարհին թողնելով ցավի, մորմոքի, կորուսյալ էրգրի այրող կարոտի մի խռովահույզ ծով, հայ երգին հավերժական խնկարկության, իսկ հայ ոգունՙ երկրպագության մի վսեմ պատգամ, մի խնկելի անուն...
ՌԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ