«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2008-06-11 | #111, 2008-06-12 | #112, 2008-06-13


ԻՆՉՊԵ՞Ս ԳԱՄԵՐԻՑ ԱԶԱՏԵԼ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ» ՊԻՏԱԿՈՎ ՄԱՀԱԿԸ ԵՎ ԽԱՂԱՂԵՑՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Այնպիսի քաղաքական ժամանակաշրջանում ենք հայտնվել, որ կարծես «մերՙ հալ, ձեր` հավես» արտահայտությունը իշխանությունները թողել են ավելի հեռավոր` հանդարտ ժամանակների համար ու վերջապես որոշել են զբաղվել իրենց հիմնական զբաղմունքով` նախընտրական պարտավորությունների կատարմամբ, երկրի թեկուզ թվացյալ ժողովրդավարացմամբ (ի տարբերություն նախորդ կառավարությունների, այս իշխանության ձեւականն էլ է հուսադրող): Պակաս գրավիչ չէր այն գաղափարի բարձրաձայնումը, թե իշխանությունը ծառայելու է ժողովրդին: Հուսանք, ժողովուրդ ասելով իշխանությունները նկատի չունեն կազինոներում եւ գիշերային ակումբներում իրենց «վաստակած» հանգիստը վայելող պատգամավոր-գործարարներին կամ քաղաքական բանավեճերով ընտանիք պահող կուսակցականներին ու պարտիզանական կեցվածքով մանկլավիկներին ու խմբերին, որ երբ ազատ ժամանակ են ունենում, վազում են «ստադիոնի ու Մալաթիայի տոնավաճառներ` նորություն փնտրելու»:

Ու եթե մեր հույսերն ուտոպիական չեն, իսկական ժողովուրդը` գրադարանի աշխատակիցը, ուսուցիչն ու բանվորը, հավաքարարն ու վարորդը, հացավաճառն ու պահակը, հաշվապահն ու մանկապարտեզի դայակը, արդեն պիտի կյանքի դրական փոփոխությունը նկատեր: Բայց արդյոք այդպե՞ս է:

Կյանքի որակի դրական տեղաշարժը գոնե չծախված լրագրողի համար ակնառու կլինի առաջնահերթ բարելավված սոցիալական ոլորտում, որն, ի դեպ, հրաշալի մահակ-քննադատություն է բոլոր ժամանակներում յուրաքանչյուր իշխանության ընդդիմադիրների ձեռքին: Սա է (իշխանությունների համար) «չարիքի» բերած բարիքը, որ այնքան հեգնական եղավ Հայաստանում` վերադարձնելով հին շնագայլերին` նորերի (ըստ էության, իրենց ծոցում տաքացրածների) հախից այսպես անպատիվ կերպով գալու համար: Իսկապես կեղտոտ քաղաքական պայքար է, նման երկու կասկածելի վարքի տեր կանանց կռվին: Այնքան կեղտոտ, որ չես էլ ուզում մանրամասներին տեղյակ լինել, բայց չես կարող յոլա գնալ չնայել-չտեսնելով, չէ՞ որ այդ կեղտոտ խաղը գնում է մարդկանց վաղանցիկ կյանքի որակի հաշվին: Իսկ կյանքի որակ ասվածը նախեւառաջ սոցիալական ոլորտն էՙ կենցաղը իր բոլոր ծանր ու մեծ դժվարություններովՙ հացի որակը, գինն ու քաշը, քաղաքացու տունը, բակը, վերելակը, եւ վերջապես, գրպանի պարունակությունն ու ծախսերի ցուցակը: Պարզունա՞կ է, այո, բայց սա է եւ սրանից է ստացվում կյանքի որակի գնահատականը:

Եվ որքան ուժգին է տանջում սոցիալական ոլորտի ծանրումեծ դագանակը վերը շեշտված ժողովրդի դեմքին ու մեջքին, այնքան մեղավոր է տվյալ իշխանությունն ու այնքան արժանի է այն ընդդիմության քննադատություն-մահակին, որ մարսելով ժամանակին կերած սեփական բողկերը, գլուխ է բարձրացնում ներկաների կերածների մարսողությունը վատացնելու նպատակով: Այո, միայն այդքանը, թե չէ` «մենք լավն ենք, մենք գրագետ ենք ու գալու ենք, որ հաղթենք» զիզի խոսքերով այսօրվա միամիտ երեխային էլ չես խաբի, նա գիտի, որ հեքիաթներում անգամ պառավ, չար կախարդը ժամանակավորապես փերի կարող է թվալ: Ինչեւէ, «կախարդը» մեր դեպքում զգոնացնող իրավիճակ է ստեղծել, եւ իշխանությունները առայժմ պարտավոր են հատկապես սոցիալական ոլորտում արագ շտկումներ իրականացնել:

Մասնավորապես, մեր ուռճացված ու պարապ-սարապ նախարարություններում ու դրանց ենթակա կառույցներում վերադասավորումները պետք է բերեն ոչ թե «գումարելիների տեղափոխության ու գումարի անփոփոխության», այլ ճիշտ հակառակը` գումարի բազմապատիկության` պատասխանատու մասնագետների հաշվին, անգրագետներից հրաժարվելու քաջության գնով: Ասել է թե` վարչապետ Տիգրան Սարգսյանը, որքան էլ այլեւս յուրայինների մոտ օտար լինելու մտավախություններ ունենա, պետք է իսկապես հաշվի չառնելով որեւէ պաշտոնյայի ով կամ ինչ լինելը, անհապաղ ազատի աշխատանքից տրանսպորտային ոլորտի բոլոր այն պատասխանատուներին, որոնք սեփական ջիպ ու համմերների մուգ ապակիների միջով չեն էլ ուզում տեսնել, թե ի՞նչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում հարյուրավոր երթուղայինները, որոնց փոխարեն ավտոբուսներն առավել գերադասելի են: Տարիներ ի վեր արդեն ծառայողական մեքենայի պատուհանից փողոց նայող վարչապետը բոլորից էլ լավ պետք է իմանա, որ ներկայիս հասարակությունը (վերոհիշյալ ժողովուրդն էլ հետը), մեկ է, այդպես էլ չի դադարելու անտեսել 13 զբաղված նստատեղերով երթուղային գազելը եւ նրա անկիրթ ու կարգազանց վարորդին, որ այնուամենայնիվ գերծանրաբեռնված մեքենան պատրաստ է պայթեցնել, քան մեկ ուղեւորի բաց թողնել, եւ բարձրանալու-խցկվելու է երթուղային մեքենա: Սա էլ մեկ այլ, ոչ պակաս կարեւոր բանի պակասից է` այսօրվա քաղաքացին հիմնականում ոչ միայն կարգազանց է, այլեւ մշակութազուրկՙ բառի խոր եւ լայն իմաստով:

Հիմա ի՞նչ անենք, թողնենք, որ գազելը օրական հարյուր անգամ օդն աղտոտելով գա ու անցնի՞, ամեն երթուղում մի 30 մարդու շախմատի ձի սարքած, թե՞ գծատիրոջը կա՛մ ազատենք գծից, կա՛մ ստիպենք մատուցել այնպիսի ծառայություն, որի համար ժողովուրդը նախՙ հոժարությամբ վճարի, ապա մարդավայել կերպով երթեւեկի: Իհարկե, դրանից կտուժեն բազմահազար տաքսիները, որոնց սարսափելի քանակությունն ու մատուցած ծառայությունը ինֆարկտի կոնկրետ պատճառն են թե՛ մատուցած ծառայության կերպի (տաքսիների մեծ մասը չունի սպիդոմետր եւ ծառայություն մատուցողի գիտակցությամբ վարորդ), թե՛ քաղաքի կեղտոտ օդն առավել կեղտոտ դարձնելու իմաստով:

Վարչապետի քարն իրոք ծանր է, քանի որ գծատեր կոչվածը այս իշխանությունների գերեզմանափորերից ամենազորեղն է, բայց նրանից պակաս խայտակառ չեն բնակիչների սոցիալական վիճակի համար մեկ պատասխանատու թաղապետարաններն ու համատիրությունները: Սրանց թագուպսակը վերելակների վարչությունն է (շենքերի բակերի անմխիթար ու ծախված վիճակը թողնենք վաղուց միլիոնատեր դարձած թաղապետերի խղճին), որ աշխատում է այն նույն ռեժիմով ու պատասխանատվության զգացումով, ինչ 20 տարի առաջ, այսինքն` կսարքենք փչացած վերելակները, ժողովուրդ ջան, բայց թե ո՞ր ժողովրդինը, ե՞րբ եւ ի՞նչ որակով, արդեն իմացանք:

Էլի ոլորտներ կան, որոնք դառնացնում ու կարճացնում են ժողովրդի կյանքը` կոռումպացված առողջապահություն ու կրթություն, ոչնչացվող բնապահպանություն, քրեական ռազբորկայի վերածված շուկայական ոլորտի անարդարություններ` բիզնես գողանալուց մինչեւ չբացահայտված սպանություններ: Բայց այնուամենայնիվ, հասարակայնության լայն շերտերին առավել հուզում եւ, ներողություն արտահայտությանս, գազազեցնում է սոցիալական խայտառակ ու փնթի վիճակը, որի շտկումը կարող է մի քանի սուր մեխ հանել ընդդիմություն կոչվածի «սոցիալական» պիտակով գամավորված մտրակից:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4