Աբրահամը մեկնեց ԱՄՆ, Քենտիկյանըՙ Բուենոս Այրես
Բեռլինի Թեգել օդանավակայանից Արթուր Աբրահամն արդեն մեկնել է ԱՄՆ, ուր, ինչպես հայտնի է, հունիսի 21-ին ռինգ դուրս կգա Էդիսոն Միրանդայի դեմ: Ի՞նչ կար Աբրահամի ճամպրուկում հարցը շատ է հետաքրքրել գերմանական «Բիլդին», որը եւ առատ լուսանկարներով ու սակավաբառ մեկնաբանությամբ Աբրահամի երկրպագուներին տեղեկացրել է պարունակության մանրամասներին:
Նախՙ մի ձայնասկավառակ. Արթուրի ընկերներից մեկը Միրանդայի դեմ հաղթանակն «ապահովող» մուտքի քայլերգ է հորինել, 3 կիլոգրամանոց մարզական գնդեր (հանտելներ) ու ցատկապարան, լուսանկարներ:
«Իմ թալիսմանը ծնողներիսՙ մորսՙ Սիլվայի ու հորսՙ Գրիգորի լուսանկարներն են: Նրանց եմ շնորհակալ ամեն ինչի համար», բացատրել է Արթուրը:
Օդանավի մեջ կարդալու համար վերցրել է Մաքս Շմելինգի կենսագրությունը: «Մաքսը լեգենդ է: Նա հաղթեց Ջո Լուիսին նոկաուտով ու նվաճեց ԱՄՆ: Ես էլ Միրանդային նույնը ցույց կտամ», ասել է Աբրահամը:
Վարպետության մատանին (Meister Ring). քչերն ունեն IBF-ի այս պարգեւըՙ դրա համար մարզիկն աշխարհի չեմպիոնական գոտին 3 անգամ պիտի պաշտպանի:
Ոսկե խաչը, որ հայոց կաթողիկոսի ընծան է. «Մրցելույթի օրը խաչը միշտ կրում եմ, իսկ ռինգում մարզիչս է այն պահում: Լուսանկարներն ու խաչը ինձ կպաշտպանեն ռինգում», ասել է Արթուր Աբրահամը:
Ճամպրուկն է կապում նաեւ Killer Queen-ը: Սյուզի Քենտիկյանը մայիսի 10-ին տարած վերջին հաղթանակից հետո կարգին չի հանգստացել: Բռնցքամարտի թեթեւքաշայինների աշխարհի կրկնակի չեմպիոնուհին ուրախ է, որ Բուենոս Այրես է մեկնում. WBA-ն մեծարելու է Սյուզիինՙ իբրեւ բռնցքամարտով զբաղվող մարզուհու օրինակելի տիպարի:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա