«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2008-06-11 | #111, 2008-06-12 | #112, 2008-06-13


ՄՐՑԱՇԱՐԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼ Է ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Կարեն Ասրյանի մահվան կապակցությամբ Երեւանում անցկացվող «Շախմատային հսկաներ» մրցաշարը հետաձգվել էր երկու օրով: Ուստի այժմ շախմատիստներն օրական չորս պարտիա պետք է խաղանՙ անցկացնելով 2 տուրի հանդիպումները: Ի դեպ, ի հիշատակ Ասրյանի, մրցաշարը վերանվանվել է նրա անունով եւ կդառնա ավանդական: Երեկ կայացան մրցաշարի 2-րդ եւ 3-րդ տուրերը:

Լեւոն Արոնյանը երկու պարտիաներն էլ հունգարացի Պետեր Լեկոյի հետ ավարտեց ոչ-ոքի: Վլադիմիր Հակոբյանն առաջին պարտիայում սեւերով ոչ-ոքի խաղաց Մայքլ Ադամսի հետ, իսկ երկրորդում սպիտակներով պարտվեց: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց մրցաշարի առաջատար Ալեքսանդր Մորոզեւիչին: Ընդ որում հայ շախմատիստը հաղթեց սեւերով: Նույնպիսիՙ 1,5-0,5 հաշվով Բորիս Գելֆանդը հաղթեց չին շախմատիստ Բու Քսյանջիին:

3-րդ տուրում Արոնյանը մրցեց Գելֆանդի հետ: Առաջին պարտիայում սպիտակներով խաղացող Լեւոնին հաջողվեց 52-րդ քայլին իրացնել երկու զինվորի առավելությունը: Երկրորդ պարտիան 30-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Հակոբյանը Լեկոյի հետ 2 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի: Մորոզեւիչը 1,5-0,5 հաշվով առավելության հասավ Ադամսի նկատմամբ: Բոլորից ուշ ավարտվեց Սարգսյանի եւ Բու Քսյանջիի մրցավեճը: Մրցակիցները երկու պարտիաներում էլ հաշտություն կնքեցին:

Այսպիսով, 3 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը, Լեւոն Արոնյանը, Պետեր Լեկոն եւ Ալեքսանդր Մորոզեւիչը 3,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Առաջատարներին կես միավոր է զիջում Մայքլ Ադամսը: Հակոբյանն ու Գելֆանդն ունեն 2,5-ական միավոր: 2 միավորով աղյուսակը եզրափակում է Քսյանջին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4