«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2008-06-12 | #112, 2008-06-13 | #113, 2008-06-14


ՄԱԿՔԵՅՆԸ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄ ՉԻ ՏՎԵԼ

Սակայն նրա թիմակից «Նոր պահպանողականները» ամեն կերպ վարկաբեկում են Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը

ԱՄՆ-ում նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման ի սկզբանե դեմ է եղել հակաիրաքյան պատերազմին, չի բացառում Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը, ոչ էլ մերժում է Իրանի հետ երկխոսության հավանականությունը: Այսինքն, նրա տարածաշրջանային քաղաքականությունը, որը գոնե նոր պատերազմից խուսափելու հիմք է տալիս, զգալիորեն համապատասխանում է Իրանի եւ Սիրիայի հետ համագործակցելու, լիբանանյան ճգնաժամի հաղթահարմանը նպաստելու եւ Իրաքի կառավարումը իրաքցիներին թողնելու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության տրամադրություններին:

Թվում էր, թե այս իրավիճակում, եթե ոչ թուրքական պետական կառույցներն ու բարձրաստիճան զինվորականությունը, ապա գոնե Էրդողանի կառավարությունը նախապատվությունը կտա Օբամային: Սակայն Օբամայիՙ ամերիկահայությանը տված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը գերազանցեց բոլոր ենթադրությունները եւ հանրապետական Ջոն Մակքեյնը ԱՄՆ նախագահի պաշտոնում գերադասելի դարձավ Թուրքիայի համար, որքան էլ նա առավելությունների կողքին նաեւ թերություններ ունենա:

Այդ հարցին «Ենի շաֆաքի» հունիսի 11-ի համարում անդրադարձել է «Բրուքինգս» համալսարանի «Թուրքիա» ծրագրի ղեկավար Օմեր Թաշփընարը: Նա գրում է, որ Մակքեյնը, ի տարբերություն դեմոկրատական Հիլարի Քլինթոնի եւ Օբամայի, հաճախակի եղել է Թուրքիայում, ծանոթացել երկրի ղեկավարների հետ, ավելին, որոշակի շփումներ է հաստատել զինվորական իշխանության ներկայացուցիչների հետ, ինչը նրան նախընտրելի է դարձնում: Այնուհետեւ Թաշփընարն ավելացնում է. «Մակքեյնին Թուրքիայի համար նախընտրելի դարձնող մեկ այլ հանգամանքն էլ այն է, որ նրա մոտեցումը Ցեղասպանության հայկական պնդումներին ջերմ չէ: Նա մյուս թեկնածուների պես այս հարցում որեւէ խոստում չի տվել հայերին»:

Այս ամենը, ըստ Թաշփընարի, Թուրքիայում պետական կառույցների եւ բանակի համակրանքը վայելող Հանրապետական կուսակցության թեկնածու Մակքեյնի առավելությունն է: «Սակայն, շարունակում է հոդվածագիրը, նա ունի նաեւ թերություններ, որոնք անհայտ են մնացել: Թուրքիայի տեսանկյունից, Մակքեյնը խնդրահարույց է լինելու երկու հարցում: Առաջինը նրա վերին աստիճանի կոշտ եւ ագրեսիվ դիրքորոշումն է Իրանի նկատմամբ: Դիրքորոշման էությունը հասկանալու համար պետք է անդրադառնալ Մակքեյնի խորհրդականներին, որոնց մեջ կան ինչպես Հենրի Քիսինջերի գլխավորած իրատեսական քաղաքականության ներկայացուցիչներ, այնպես էլ Ռոբերտ Կագանի, Բիլ Քրիստոլի նման Բուշին իրաքյան պատերազմին մղող «Նոր պահպանողականներ»: Վերջիններս կտրականապես մերժում են Իրանի հետ երկխոսությունը: Եթե Մակքեյնը նույնիսկ մտածի Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու մասին, ապա տարածաշրջանում կծագի շատ ավելի լուրջ խնդիրՙ նավթի գների կրկնապատկման պատճառով տակնուվրա կլինի աշխարհի տնտեսությունը, կմեծանան ահաբեկչության ծավալները տարածաշրջանում, «Հզբոլլահի», «Համասի» հետ աննախադեպ կսրվի լարվածությունը, Լիբանանում կխորանա ճգնաժամը, Իրաքում նոր թափ կստանա շիաների բռնությունը, իսկ Իրանը կօգտագործի ողջ կարողությունները եւ պատերազմական իրավիճակում կհայտնվի ԱՄՆ-ի հետ»:

Երկրորդ հարցը, Թաշփընարի կարծիքով, Մակքեյնի թիմում ընդգրկված «Նոր պահպանողականներն» են, որոնք Թուրքիայում իսլամականության վտանգ են տեսնում եւ մտածում, որ թուրքական պետությունը, հեռանալով Վաշինգտոնից ու Իսրայելից, հետզհետե մերձեցնում է արաբական աշխարհին: «Այս խմբում, գրում է հոդվածագիրը, թերեւս ամենավտանգավոր դեմքը Մայքլ Ռուբինն է լինելու: Խմբի Ռոբերտ Կագանի, Բոբ Կագանի պես անդամները եւս Թուրքիայում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունը համարում են «իսլամոֆաշիզմի» դրսեւորում: Այսինքն, Թուրքիայում կոշտ աշխարհիկության կողմնակից բանակի իղձերն արտահայտող Ռուբինի նման գործիչների ընդգրկումը Մակքեյնի թիմում, ամենեւին ի նպաստ չէ մեզ համար»:

Հիրավի Թուրքիայում իսլամամետ այս կուսակցության իշխանությունների նկատմամբ բացասական է Իսրայելից ուղղորդվող եւ պաշտոնական Վաշինգտոնի գործունեությունը վերահսկող «Նոր պահպանողականների» դիրքորոշումը: Դա «Աքշամին» տված հարցազրույցում արտահայտել էր Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մորթոն Աբրամովիցը, թե պահպանողականները չեն վստահում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը:

Սկսած 2005-ից «Նոր պահպանողականները» շարունակ Թուրքիայում զինվորական հեղաշրջման կանխագուշակումներ են անում, աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներով ի լուր աշխարհի հայտարարում են, որ «Թուրքիայում ուժի մեջ են մտնում շարիաթի օրենքները, Թուրքիան խզում է կապերը Արեւմուտքի հետ, երկիրը հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին, Թուրքիայի առջեւ կանգնած միակ խոչընդոտը վարչապետ Էրդողանն է»: Նրանք միաժամանակ հայտարարել էին, որ վարչապետ Էրդողանն ավելի վտանգավոր է, քան Ուսամա բեն Լադենը եւ ամեն կերպ հակադրվել էին Թուրքիայի նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի ընտրությանը:

«Ինտերնեյշնըլ հերալդ տրիբունի» հունիսի 10-ի համարում հրապարակած հոդվածով նրանց է միացել «Հադսոն» ինստիտուտի փորձագետ Զեյնո Բարանը, մատնանշելով. «Էրդողանի կառավարությունը իսլամական կարգեր է հաստատում Թուրքիայում, թող Եվրոպան եւ ԱՄՆ աջակցեն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը»:

«Ենի շաֆաքի» հեղինակ Իբրահիմ Կարագյուլը նույն թերթի հունիսի 13-ի համարում Էրդողանի կուսակցության նկատմամբ «Նոր պահպանողականների» բացասական վերաբերմունքին տալիս է հետեւյալ բացատրությունը. «Չեն ուզում զրկվել լոբբիստական գործունեության պատրվակով Թուրքիայից ստացած միլիոնավոր դոլարներից: Ուզում են այնպիսի իշխանություն, որը լինի հեշտ կառավարելի, ուղղորդվող եւ հասարակության լայն զանգվածների աջակցությունից զուրկ: Ձգտում են վիժեցնել համերաշխության փորձերը թուրք հասարակության մեջ»:

Ըստ երեւույթին, «Նոր պահպանողականները» հակադրվելով Էրդողանին եւ նրա կուսակցությանը փորձում են նաեւ վիժեցնել Թուրքիայում կատարվող կառուցվածքային փոփոխությունները, որովհետեւ դրանք արտոնություններից զրկվելու սպառնալիքի տակ են դնում դեռեւս Քեմալ Աթաթուրքի օրոք երկրում ձեւավորված առանձնաշնորհյալ ընտրախավին: Թերեւս այդ առումով պատահական չէ Աթաթուրքի ստեղծած Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի աջակցությունն ապահովելու Մեթյու Բրայզայի տիկնոջ Զեյնո Բարանի ջանասիրությունը, ինչպես նաեւ երկրում այդ ընտրախավի գործիքը դարձած բանակի ոգեւորությունը Էրդողանի կառավարության դեմ «Նոր պահպանողականների» ոտնձգություններից:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4