«Ազգը» արդեն տեղեկացրել էր, որ հունիսի 20-ին Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը մերժվել էր:
Սակայն երեկ պարզ դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հունիսի 9-ին քաղաքապետարան ներկայացրած իրազեկման մասին դիմումը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում կազմակերպիչի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ առաջարկվել է միջոցառումն անցկացնել հունիսի 20-ին նույն նշված ժամին, «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող հրապարակում, առանց երթի:
«Ազգն» այս մասին հեռախոսազրույց ունեցավ Լ.Տ.Պ. գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի հետ:
- Քաղաքապետարանը ձեզ առաջարկել է, դուք հրաժարվել եք: Այդ դեպքում որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը:
- Մենք կրկին դիմել ենք քաղաքապետարան: Իրենց զավեշտալի որոշումը, ծիծաղելի` հիմնավորման տեսանկյունից, բողոքարկելու ենք դատարանում:
- Դուք նորից պնդո՞ւմ եք, որ Ազատության հրապարակում լինի հանրահավաքը:
- Մենք ճկուն ենք ավելի, բայց անլուրջ չենք, ինչպես որ քաղաքապետարանի առաջարկներն են:
- Իսկ եթե դատարանը չհասցնի մինչեւ հունիսի 20-ը գործը լսել, այդ դեպքում ի՞նչ եք անելու:
- Կլսի, օրենքի ընթացակարգով պարտավոր է լսել:
- Իսկ հիմնականում ի՞նչ հարցեր են շոշափվելու հանրահավաքի ընթացքում:
- Արդեն հայտարարել ենք, որ ամփոփելու ենք ԵԽԽՎ-ի բանաձեւի կատարման ընթացքը, գնահատական ենք տալու քաղաքական իրավիճակին եւ մեր համակիրների համար ուրվագծելու ենք մեր քաղաքական պայքարի հեռանկարները:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ