Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը Հանրային խորհուրդ ստեղծելու հրամանագիր է ստորագրել: Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է հանձնախումբ: Հանձնախմբին հանձնարարվել է եռամսյա ժամկետում ձեւավորել աշխատանքային խմբերՙ ընդդիմության եւ իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբՙ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը Հանրային խորհրդի կազմավորման գործընթացում, նախագահին առաջարկություններ ներկայացնել Հանրային խորհրդի կազմի եւ կանոնադրության վերաբերյալ: Նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանին եւ օգնական Սեւակ Լալայանին հանձնարարվել է ապահովել հանձնախմբի բնականոն գործունեությունը:
Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախմբի կազմի մեջ են ներառվել Ռոբերտ Ամիրխանյանը, Մեսրոպ քահանա Արամյանը, Էմիլ Գաբրիելյանը, Վիկտոր Դալլաքյանը, Հովհաննես Զանազանյանը, Պերճ Զեյթունցյանը, Սերգեյ Համբարձումյանը, Խոսրով Հարությունյանը, Թովմաս Պողոսյանը, Արշակ Սադոյանը, Յուրի Սարգսյանը, Սոս Սարգսյանը, Շավարշ Քոչարյանը: