Երեկ Ազգային ժողովի ճեպազրույցներում երեք խորհրդարանական ուժեր ներկայացված էին իրենց ղեկավարներով, ինչը, խոստովանենք, այնքան էլ հաճախ չէր պատահում վերջին շրջանում` Րաֆֆի Հովհաննիսյանը (թեեւ ներկա էր ողջ «Ժառանգությունը»), Հեղինե Բիշարյանը եւ Վահան Հովհաննիսյանը մնացած գործերից ավելի կարեւոր էին համարել ճեպազրույցները:
Միանգամից առանձնացնենք մեզ հետաքրքրող մեկ թեմա` ԵԽԽՎ բանաձեւի կատարման հետ կապված ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետները, քանի որ ԵԽԽՎ նստաշրջանը քթի տակ է:
Րաֆֆի Հովհաննիսյանը այդ բանաձեւի կատարման ընթացքը բացասական է գնահատում` իշխանությունները բավարար քայլեր չեն արել: Ըստ նրաՙ երկրորդական է, թե արդյո՞ք կզրկվի կամ չի զրկվի Հայաստանը ձայնի իրավունքից ԵԽԽՎ-ում, կարեւորը մեր երկրի ներսում առկա խնդիրների լուծումն է: Նրա կուսակից Արմեն Մարտիրոսյանն էլ բանաձեւը չկատարված համարեց, իմիտացիոն երկակի քայլեր անվանելով խորհրդարանի ձեռնարկած վերջին օրենսդրական փոփոխությունները: Բանաձեւի կատարմանը միտված մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողովը անկախ չի կարող լինել, քանի որ նրա 8 անդամ իշխանական կոալիցիայից են, եւ որոշումներն ընդունվելու են այդ պատգամավորների քվեարկությամբ: Սակայն ժառանգականների խոսքից պարզ դարձավ, որ նրանք հաջորդ շաբաթ են որոշումներ կայացնելու հանձնաժողովի առումով` սպասում են իշխանության արձագանքին, հասկանալու համար, թե որքանո՞վ է տիրելու երկխոսության ոգին. սա` ըստ Ր. Հովհաննիսյանի:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը , սակայն, մատնացույց անելով օրենսդրական փոփոխությունները` գնահատեց, թե բանաձեւի առաջարկներն ակտիվորեն կատարվում են, շատ մարդկանց են բաց թողել մեկուսարաններից: «Իմ սիրտը շատ ավելի է ցավում այդ դեպքերի համար», ասաց նա` խորհուրդ տալով ընդդիմադիրներին չսեփականաշնորհել մարտի 1-ի դեպքերը:
Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ` կոալիցիոն համաձայնագիրը բանաձեւից ավելի վաղ ամրագրել է բոլոր այն հարցերը, որոնք հետո Եվրոխորհրդի բանաձեւում են եղել: Բանաձեւը երբ գրվում էր, գրողները ձեռքի տակ ունեցել են կոալիցիոն համաձայնագիրը եւ նրա մեջ ամրագրված պահանջների կատարումը: Գործընթացը սկսված է, դրանք մի գիշերվա մեջ չեն կարող կատարվել, եւ կատարված բարեփոխումները համահունչ են 1609 պահանջներին: Նա չի կարծում, թե շահագրգիռ քննարկումը միջազգային այդ ատյանում Հայաստանին կարող է դուրս դնել կամ սանկցիաների առաջ կանգնեցնել: «Բայց քաղաքականությունը մնում է քաղաքականություն, կապրենք-կտեսնենք», ասաց նա` նաեւ ուղերձներ անելով դեպի ընդդիմություն. «Ես հասկանում եմ, որ կան քաղաքական ուժեր, որոնց համար հաջողությունը կամ բարեփոխումը վտանգավոր է թվում, «որքան վատ, այնքան լավ» սկզբունքը նրանց ձեռնտու է, որովհետեւ դա հնարավորություն է տալիս շարունակելու ատելության ալիքի վրա բարձրացրած շարժումները, ցանկացած դրական բարեփոխում պետք է մտահոգի նրանց, որովհետեւ նշանակում է համախոհների կորուստ»:
ԲՀԿ-ն ներկայացնող Ավետ Ադոնցի կարծիքովՙ դեռ Հայաստան են գալու ԵԽԽՎ-ի` Հայաստանի հարցով համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլումբիեն եւ առաջարկություն կանեն վեհաժողովին` Հայաստանի հարցը հատուկ մտցնե՞լ օրակարգ, թե ոչ: Նրա կարծիքովՙ վերջին խորհրդարանական քննարկումները բարեփոխումների կատարման ապացույց են, բայց էլի առաջնային համարեց ոչ թե ձայնի իրավունքից զրկելը, այլ ներքին իրավիճակի կարգավորումը: Նրա կարծիքով` բարեփոխումների կամ 1609 բանաձեւի կատարման իմիտացիա չի արվում: Բանաձեւի կատարման միջոց մարտի 1-2-ի խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը աննախադեպ պահեր ունի, քանի որ հրավիրվում է արտախորհրդարանական ընդդիմությունը, եւ այստեղ նրա ներկայացուցիչները հրաշալի հնարավորություն են ստանալու իրենց տեսակետները հայտնելու: Նաիրա Զոհրաբյանը ընդդիմության տեսակետները լսելի դարձնելու միջոց համարեց նաեւ «Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին» օրենքի եւ հարակից մի շարք այլ փոփոխություններ, որոնք արտահերթ նիստում եկող շաբաթ կքննարկվեն:
ՀՀԿ-ից Արտակ Դավթյանը բանաձեւի կատարմանը միտված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից սպասում է, որ կպարզվեն զոհվածների մահվան հանգամանքները, արդյո՞ք իրավապահ մարմինների գործողությունները համաչափ էին տեղի ունեցողին, եւ քաղաքական ու իրավական լուծումներ կառաջարկվեն:
Հիմնական թեմայից դուրս
Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, թե Դաշնակցությունը բուժման կարիք ունի: Ի պատասխան Վահան Հովհաննիսյանը նկատեց. «Ժ. Սեֆիլյանին որպես հայրենասեր անհատի շատ բարձր եմ գնահատում, եւ երբեք չի կարելի մոռանալ ղարաբաղյան պատերազմում նրա բերած ծառայությունները»: Բայց նաեւ. «Մարդ ընդհանրապես պետք է ինքն իրեն էդքան լուրջ չվերաբերվի. ցանկացած մարդ մի քիչ էլ ինքն իրեն պետք է վերաբերվի ինքնաքննադատությամբ եւ հումորով, իսկ մենք Ժ. Սեֆիլյանին ավելի լավ ենք ճանաչում, քան նրանք, ովքեր էսօր թմբկահարում եւ դրոշ են սարքել նրան, մենք նրան շատ լավ ենք ճանաչում մանկուց: Մարդ պետք է մի քիչ համեստություն ունենա` չհավատալու համար թմբկահարողներին, որոնք ասում են` դու ազգային հերոս ես, դու Հայաստանի հույսն ես, ու դու աստված ես: Քաղաքականությանն առնչվող գործիչների մեջ, ցավոք սրտի, իրենց աստվածային ծագումնաբանությանը հավատացող մարդիկ սկսել են շատանալ, ինչն ինձ համար չափազանց մտահոգիչ է»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ