«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2008-06-12 | #112, 2008-06-13 | #113, 2008-06-14


«ՄԵՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՄՏՆՈՒՄ Է ՌԻՍԿՆ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ, 0-ԻՆ ՄՈՏԵՑՆԵԼԸ»

Անշարժ գույքի շուկայի իրավիճակն ու այստեղ մատուցվող ընկերության ծառայությունները ներկայացրեց «Կապիտալ Մ» ընկերության տնօրեն Աշոտ Բաբաջանյանը

Անշարժ գույքի շուկան այն հազվադեպ ոլորտներից է, որն առնչվում է ամբողջ բնակչությանը, եւ այստեղ կատարվող փոփոխությունները, զարգացումներն ու նորույթները սովորաբար մեծ հետաքրքրություն են առաջացնում: Բնակարան, հողամաս գնելու կամ վաճառելու, վարձակալելու կամ վարձակալության տրամադրելու եւ այլ գործարք կատարելու մտադրություն ունեցողներըՙ Հայաստանի բնակիչներ, սփյուռքահայեր, թե օտարազգիներ, շատ հաճախ դժվարությամբ են կողմնորոշվում, թե ո՞ր ընկերությանը դիմեն նման հարցերով, ո՞րն է ավելի վստահելի եւ ո՞րն է ավելի բարձրակարգ ու լիարժեք ծառայություններ մատուցում:

Վերջին տարիներին ստեղծվել են բազմաթիվ անշարժ գույքի գործակալություններ, ինչն, անշուշտ, պայմանավորված է այս շուկայի ակտիվացմամբ: Դրանցից առավել ճանաչվածներից մեկիՙ «Կապիտալ Մ» գործակալության տնօրեն Աշոտ Բաբաջանյանից փորձեցինք ստանալ վերեւում նշված հարցերի պատասխանները:

Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ «Կապիտալ Մ» ընկերությունն արդեն երկու տարի գործում է շուկայում եւ տարատեսակ ծառայություններ մատուցում անշարժ գույքի շուկայում:

Թե ինչպե՞ս պետք է կողմնորոշվեն հաճախորդները այս կամ այն գործակալությանը վստահելու համար, Աշոտ Բաբաջանյանը նշեց, որ դրա համար հարկ է հաճախորդներին տրամադրել լիարժեք եւ բարձրակարգ ծառայություններ, ապահովել նրանց գործարքների գաղտնիությունը, պայմանագրային երաշխիքներ տրամադրել վստահության բարձրացման համար:

Մասնավորապես, ըստ «Կապիտալ Մ»-ի տնօրենի, ընկերությունը պայմանագրով ամրագրված կոնկրետ երաշխիքներ է տալիս, որ գործարքը, որը կնքվում է ընկերության եւ հաճախորդի միջեւ, հրապարակման ենթակա չէ: Այնուհետեւ, լիարժեք ծառայություններ ասվածի մեջ ընկերությունը ներառում է իր հաճախորդներին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը լիցենզավորված փաստաբանի կողմից, այդ թվում նաեւ այլ բնագավառում ունեցած խնդիրների դեպքում:

Հաջորդը նոտարական ծառայություններն են, որոնք «Կապիտալ Մ»-ն մոտեցրել է հաճախորդներին: Փաստաթղթային ձեւակերպումները իրականացնում եւ նոտարական գրասենյակ են հանձնում ընկերության իրավաբանները: Հաճախորդներն այլեւս զերծ են մնում նոտարական գրասենյակներում հերթ կանգնելուց կամ պայմանավորելու համար կրկնակի հաճախելուց:

«Սփյուռքի մեր հայրենակիցների եւ ընդհանրապես արտերկրի հաճախորդների համար մեր ծառայությունը սկսվում է օդանավակայանից: Հրավերով եկած մեր հյուրերը կարող են զանգահարել մեզ, մենք դիմավորում ենք օդանավակայանում, ապահովում բնակարանով կամ հյուրանոցով: Դրանք նույնպես անվճար են», շարունակեց լիարժեք ծառայությունների բաղադրիչները ներկայացնել Աշոտ Բաբաջանյանը:

Այդուհանդերձ, ինչպես է կատարվում, օրինակ, առուվաճառքի գործարքը սկզբից մինչեւ վերջ: Գործակալության տնօրենը ներկայացրեց այդ գործընթացի մանրամասները: Նախՙ ընկերության աշխատակիցը լսում է հաճախորդին: Օրինակՙ եթե նա գնորդ է, տեղեկանում են, թե ի՞նչ չափանիշների եւ ի՞նչ տեսակի տուն կամ հող է ցանկանում գնել: Այնուհետեւ գործակալության տեղեկատվական բազայից, որի մեջ ներառված են 50-60 հազար միավոր գույքի մասին տեղեկություններ, համակարգչային ծրագիրը գնորդի պահանջին համապատասխան տարբերակներ է փնտրում: Հաճախորդին ներկայացվում են նրա նախնական հավանությանն արժանացած գույքիՙ դարձյալ գործակալության արած լուսանկարները, հետո ընկերության մեքենայով հաճախորդին տանում են տվյալ բնակարան, ցուցադրում: Համաձայնության դեպքում, ընկերության աշխատակցի ներկայությամբ, կողմերը բանակցություններ են վարում, հետո կնքում պայմանագիր: Կողմերը զգուշացվում են օրենքով նախատեսված իրենց իրավունքների ու պարտավորությունների մասին: Ընկերությունը գործարքը ձեւակերպում էՙ կադաստրային, նոտարական գործողություններով, ապա նորից կադաստր եւ վերջնական գնորդին հանձնվում է սեփականության վկայական: Գործարքը կնքվում է եւ գումարը փոխանցվում է նոտարական գրասենյակում: Եթե շատ մեծ գումար է լինում եւ փոխանցումով են գործարք կնքում, նոտարը գալիս է բանկ եւ վերահսկում այդ գործընթացը: «Մեր երաշխավորությունների ցանկի մեջ է մտնում ռիսկի տոկոսը առավելագույնս 0-ին մոտեցնելը», հավաստիացնում է Աշոտ Բաբաջանյանը:

«Կապիտալ Մ»-ի տնօրենը հայտնեց, որ լինում են նաեւ երաշխավորագրով կնքվող պայմանագրեր: Երբ հաճախորդը, հիմնականում սփյուռքահայ, ճանաչելով ընկերությանը եւ չճանաչելով վաճառողին, ասում էՙ տվեք ձեր երաշխավորագիրը, որ վաճառողը, տարաժամկետ վճարումների տարբերակի դեպքում կկատարի իր վճարումները: Այդ դեպքում ընկերությունը, որպես երրորդ անձ եւ իրավաբանական անձ, հանդես է գալիս երաշխավորագրով: Այսինքն, ծառայությունը չի սահմանափակվում, որ գործարքը եղավ եւ այլեւս վերջ: «Մենք հետեւում ենք, որ գնորդը կատարի իր վճարումները: Նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելիս տարաժամկետ վճարումների կամ հիպոթեկային վճարումների դեպքերում մենք հետեւում ենք, որ դրանք կատարվեն», նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ ընկերությունը նաեւ նոր շենքեր կառուցապատողների հետ պայմանագրեր է կնքում նրանց բնակարանները բացառիկ իրավունքով վաճառելու մասին:

«Ունենք բիզնես ծրագիրՙ երաշխավորագիր ենք տալիս անշարժ գույքի շուկայում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցողներին: Օրինակՙ ասում ենք, որ այս հողակտորը գնելու դեպքում, դրա վրա այս-այս գործողությունները կատարելուց հետո գինը կավելանա այսքանով: Սակայն որպեսզի նրանք լինեն ավելի ապահովված, տալիս ենք նաեւ երաշխավորություն: Այսինքն, եթե մեր ասած գնով մեր ասած ժամկետում չկարողանան վաճառել գույքը, մենք գնում ենք այն մեր ասած գնով», ասաց Աշոտ Բաբաջանյանը:

Երաշխավորագրեր են տրամադրվում նաեւ գույքի վարձակալման դեպքում: Երբ հաճախորդի բնակարանը հանձնվում է վարձակալության, ընկերությունը պատասխանատվություն է ստանձնում այնտեղ եղած գույքի համար: Գործակալության աշխատակիցները հետեւողականորեն այցելում են վարձակալության հանձնած բնակարան, հետեւելով, թե գույքն անվնաս է եւ իր տեղում է, թե՞ ոչ, ջրի ծորա՞կն է փչացել եւ այլն: Բնակարանը վարձակալության տրամադրվում է նոտարական գրանցում ստանալով: Վարձակալողը ստանում է վարձակալության վկայական, մտնելով իրավական դաշտՙ հստակ պատասխանատվությամբ:

Մյուս կողմից, վարձակալողների հետ նույնպես նմանատիպ աշխատանք է տարվում: Հիմնականում սփյուռքի մեր հայրենակիցները կամ օտարազգի քաղաքացիները կամ արտերկրյա կազմակերպություններն են դիմում ընկերությանըՙ ցանկություն հայտնելով բնակարաններ վարձակալելու իրենց կամ իրենց հյուրերի համար: «Կապիտալ Մ»-ն նման պայմանագրեր է կնքել, օրինակ, Գերմանիայի եւ Ղազախստանի դեսպանությունների հետ:

«Ունենք նաեւ շինարարական, վերանորոգման ինտերիերի եւ էքստերիերի բաժիններ: Մարդը բնակարանը գնելուց հետո ցանկանում է վերանորոգել, մենք նրան տրամադրում ենք դիզայնի տարբեր առաջարկներ: Եթե գնորդը արտասահմանցի է եւ բնակարանը ձեռք բերելուց հետո մեկնում է, ընկերությունը նրա փոխարեն կատարում է գույքի նորոգման աշխատանքները», տեղեկացրեց Աշոտ Բաբաջանյանը:

«Մատուցած ծառայությունների համար վճարները թանկ են, թե՞ էժան» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ հասկացությունները հարաբերական են եւ, կախված գործարքի գումարից, կարող են փոփոխական եւ ճկուն լինել: Սակայն, օրինակ, առուվաճառքի դեպքում հաստատագրված է գումարի 2,5 տոկոս գնորդի կողմից, 2,5 տոկոսՙ վաճառողի կողմից միջնորդավճարի չափը: Վարձակալության դեպքում այդ միջնորդավճարը կազմում է վարձակալության գումարի 25-50 տոկոսը:

Խոսելով շուկայում ընկերության զբաղեցրած տեղի մասին, Աշոտ Բաբաջանյանն ընդգծեց, որ իրենք չունեն հաճախորդի պակաս, ունեն լավ մասնագետներ, լավ գործընկերներ, իրենց ճանաչում են, ունեն ծրագրեր, գովազդ եւ շուկայում առաջիններից են:

«Իսկ ինչպե՞ս է գնահատում իրավիճակն անշարժ գույքի շուկայում որպես շուկայի մասնակից», մեր հարցին «Կապիտալ Մ» անշարժ գույքի գործակալության տնօրենը պատասխանեց, որ այս տարվա մարտ ամսին ընդհանրապես գործարքներ չկային, այժմ դրանք անհամեմատ շատացել են: «Քաղաքական ցնցումներ կային, իրավիճակը հիմա կայունացել է: Անշարժ գույքի շուկան շատ փխրուն է: Գումարները մեծ են, եւ եթե քաղաքական վիճակը փոքր-ինչ փոխվում է, մարդիկ խուսափում են գնումներ կատարելուց, որովհետեւ հակառակ դեպքում չեն կարող գույքը իրենց հետ վերցնել ու տանել: Հետեւաբար, այս շուկայի զարգացման համար անհրաժեշտ է լուրջ քաղաքական կայունություն», արդեն որպես այս շուկայի մասնակից եւ փորձագետ եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4