Ծառուկյանը սկսել է 1500 ռուբլուց...
Հայկական «Բիզնես-պլանետ» եռամսյա ամսագրի հարցումներով Գագիկ Ծառուկյանը միանգամից երեք անվանակարգերով սպառողների շրջանում անվանվել է լավագույնը: Ամսագրի հիմնադիրներ Գայանե Ջհանգիրյանն ու Սարիկ Հովսեփյանը երեկ հյուր էին Ազգային ժողովում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի առանձնասենյակում, ուր լրագրողների եւ հյուրերի ներկայությամբ հանձնեցին այդ մասին հավաստող պատվոգիրը: Անվանակարգերը հետեւյալն ենՙ սպառողների շրջանակներում բարեգործական մղումներով օժտված գործարար-բարերար, գործարար աշխարհում ամենահաջողակ գործարար եւ կանանց շրջանակներում ամենահամակրելի գործարար. «Սա, իսկապես, հիանալի հաղթանակ է, մյուս գործարարներին պետք է նման հաղթանակներ ցանկանամ», շնորհավորելով` ասաց ամսագրի հիմնադիրը: Շնորհակալություն հայտնելով հասարակության` այս կերպ արտահայտված վերաբերմունքի համար, Գ. Ծառուկյանը նկատեց. «Ամեն մարդ էլ կարիք ունի ուշադրության, գնահատականի, ու ինձ թվում է` ամեն ինչն էլ նկատելի է. աշխատանքն էլ է նկատելի, գնահատականն էլ է նկատելի նրանց համար, ովքեր սիրում են կյանքը, ապագան: Շնորհակալ եմ, զգացված եմ` ե՛ւ ձեզանից, ե՛ւ այն մարդկանցից, ովքեր կարողանում են ճիշտ գնահատական տալ, ովքեր հետեւում են ամեն ինչին: Մարդուն կարող է չսիրես, բայց մարդու արած գործը գնահատելն ամենակարեւորն է»:
Բիզնեսում Ձեր հաջողության գաղտնիքը ո՞րն է, հետաքրքրվեցին լրագրողները. «Իմ չափից ավելի քայլը չեմ գցում, հույսը միշտ ինձ վրա եմ դնում, այդպես էլ շարունակելու եմ»:
Չափը ո՞նց եք որոշում` հարցրին. «Ես գիտեմ իմ հնարավորությունը, իմ ուժը, իմ կարողությունը», ասաց եւ պատկերավոր համեմատություն արեց. «Եթե դու 150 կգ ես բարձրացնում, պետք է 100 կգ-ից սկսես. եթե 200-ից սկսես` կարող է ստացվի, բայց եթե 99 տոկոսով չստացվի, ուրեմն կորցնելու ես ամեն ինչ»:
Հասարակության համակրանքը վայելելը ինչո՞վ է պայմանավորված. «Ամեն մարդ իրեն պետք է դնի դիմացինի տեղը, եթե մարդը հասել է հաջողության, հզորության, պետք է հիշի ինչից է սկսել, պետք է հարգես, որ հարգված մնաս»:
Քաղաքականությունը բիզնեսին չի՞ խանգարում. «Ամեն գործարարի ցանկությունը երկրի կայունությունն է, եթե երկիրը կայուն չլինի, գործարարը չի կարող ամբողջ թափով գործել, գործարարները հենասյուներն են պետության, եւ նրանք ուզում են` կայուն-ստաբիլ լինի, որ իրենք ամբողջ թափով գործեն, ոչ թե իրենց ունեցվածքն ուրիշ տեղ տեղափոխեն: Եթե ժողովուրդը լավ է ապրում, ուրեմն իրենք ավելի լավ կլինեն, ավելի հզոր` մեկը մեկի հետ կապված է», քաղաքականությունն ու բիզնեսն այսպես իրարից բխեցրեց Գ. Ծառուկյանը:
Հնչեցին նաեւ հարցեր, որոնք ուրիշ առիթներով սովորաբար չեն տրվում:
Բիզնեսում ինչի՞ց է սկսել. «Բիզնեսն սկսելիս հնարավորություն-գումար չի եղել` 1500 ռուբլի պարտքով սկսել եմ սունկ աճեցնելուց, հետո` ծաղիկ, հետո` մեղվաբուծություն, կոշիկ, օղի, դեղերի գործարան, գարեջրի գործարան, եւ այդպես շարունակ»:
Հիմա որքա՞ն է գնահատում իր կարողությունը` սա հարցրինք կատակով, հստակ իմանալով, որ որեւէ գործարար այդպիսի հարցերի չի պատասխանում: Բայց պատասխան հնչեց, եւ ահա թե ինչպիսի. «Ոչ ծախսերս եմ հաշվում... ինքնըստինքյան այդպես է ստացվում, որ Աստված ավելի շատ է տալիս, եթե ճիշտ ես օգտագործում եղածը, Աստված մեկդ հազար է դարձնում: Էն ունեւորն էլ, որ լավ չի ծախսում` էն եղածը ոչնչացնում է»:
Ի՞նչ խորհուրդ է տալիս գործարարության ոլորտը նոր ոտք դնողներին. «Դա խորհրդի խնդիր չէ, մեջից պետք է լինի, մարդը պետք է սիրի կյանքը, իր ժողովրդին, իր պետությունը, դիմացինին հարգի: Եթե Աստված իրեն տվել է, ինքն էլ պետք է բաժին հանի ու տա ուրիշներին: Ինչքան շատ տաս` Աստված քեզ ավելի շատ կտա», այսպես համոզիչ ավարտեց իր խորհուրդը Գ. Ծառուկյանը:
Մ. Խ.