Հայ-չինական առեւտրատնտեսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Մեզ հասած հիշատակությունների համաձայն, դեռեւս 2-րդ դարում հայ վաճառականները Չինաստանից մետաքս ու կերպաս էին արտահանում ու վաճառում ոչ միայն Հայաստանում, այլեւ շրջակա գրեթե բոլոր երկրներում: Հետագայում, մոնղոլական արշավանքների հետեւանքով, հազարավոր հայեր գերեվարվեցին ու տարվեցին Չինաստան, որտեղ բնիկները, բարձր գնահատելով հայերի աշխատասիրությունն ու գործիմացությունը, նրանց տալիս էին ապրելու եւ աշխատելու բարենպաստ պայմաններ: Դեռեւս 14-րդ դարասկզբին Կանտոնում կառուցվեց հայկական եկեղեցիՙ իր շուրջը համախմբելով շրջակա բնակավայրերում ապրող հայերին: Չինարենի հայազգի ուսուցիչ Հովհաննես Ղազարյանը, որ համաշխարհային չինագիտության մեջ հայտնի է Ջոն Լազարուս անունով, առաջինն է չինարեն թարգմանել Աստվածաշունչը եւ համաշխարհային գրականության բազմաթիվ դասականների: Այսօր էլ այս հրաշք երկրում ապրող հայերը փնտրված բժիշկներ ու արհեստավորներ են, առեւտրական ու պետական ծառայողներ:
Այսօր Չինաստանն աշխարհի գերհզոր պետություններից մեկն է եւ աճի տեմպերով առաջինն աշխարհում: Բավական է ասել, որ երկրի ՀՆԱ-ն 2007 թվականին կազմել է 10,21 տրիլիոն ԱՄՆ դոլար, բնակչության մեկ շնչի հաշվովՙ 7,8 հազար ԱՄՆ դոլար: Այս հաջողությունները ձեռք բերվեցին, երբ երկրիՙ նորովի մտածող նախագահ Դեն Սյաոպինը անցյալ դարի 70-ական թվականներին հռչակեց երկրի տնտեսությունը շուկայականի բարեփոխելու, աղքատությունը թոթափելու կուրսՙ «Աղքատությունը սոցիալիզմ չէ» կարգախոսով:
1979-97 թվականներին երկրի ՀՆԱ-ն աճեց միջինը 9,8 տոկոսով եւ արդեն 1997 թվականին Չինաստանն աշխարհում իր ներուժով գրավում էր 7-րդ տեղը, իսկ հացի, բամբակի, մսի, ածուխի, համակարգչային ու ծրագրավորման տեխնիկայի, հեռուստացույցների արտադրությամբՙ առաջին տեղը:
Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակումից շատ չանցած դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ, նոր թափ առան առեւտրատնտեսական հարաբերությունները, որոնք օրեցօր ընդլայնվում եւ նորանոր բնագավառներ են ընդգրկում: Ցավոք, առեւտրաշրջանառության մեջ փոքր են Հայաստանից արտահանվող ապրանքատեսակների թե՛ ծավալը եւ թե՛ տեսականին: Այսպես, եթե 2006 թվականին Չինաստանից ներմուծվել է շուրջ 112 միլիոն ԱՄՆ դոլարի, 2007-ինՙ 197 մլն դոլարի ապրանք, ապա նույն տարիներին Հայաստանից արտահանվել է համապատասխանաբար 463 հազար եւ 7,1 մլն ԱՄՆ դոլարի ապրանք: Որ մեր երկու երկրների մեծությունն ու տնտեսական հզորությունը այս հարաբերակցության վրաՙ հօգուտ Չինաստանի, միշտ կազդեն, անկասկած է, սակայն մենք էլ չպետք է ձեռքերս ծալած նստենք:
Այս գիտակցությամբ էլ հենց ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Առեւտրաարդյունաբերական պալատումՙ ամեն ինչ անելով, որ Հայաստանից հնարավորինս շատ եւ բազմատեսակ ապրանք արտահանվի Չինաստան, բազմապատկվեն չինական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ:
Հայ-չինական առեւտրատնտեսական հարաբերություններն առավել ընդլայնելու, տնտեսական նոր գործընկերներ գտնելու նպատակով օրերս Չինաստան մեկնեց ՀՀ գործարարների պատվիրակությունըՙ ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի գլխավորությամբ: Նույն օրերին Հայաստանում էին Չինաստանի Ցզիլին խոշորագույն նահանգի գործարարներըՙ նահանգի առեւտրաշրջանառության պատասխանատուների գլխավորությամբ:
ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատում հանդիպման ժամանակ պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նախ ցավակցություն հայտնեց չին բարեկամներինՙ Սիչուան նահանգում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ սկսված բարեկամական ու գործընկերային հարաբերություններն առավել կընդլայնվեն ու արդյունավետ կդառնանՙ ընդգրկելով նորանոր ներդնողների ու գործարարների: Զբաղեցրած տարածքով ու բնակչության թվով Հայաստանին ավելի քան տասն անգամ գերազանցող Ցզիլին նահանգում են արտադրվում Չինաստանում թողարկվող ավտոմեքենաների ու ավտոպահեստամասերի շուրջ 30 տոկոսը, շինանյութերի 20 տոկոսը: Նահանգը նաեւ երկրի սննդարդյունաբերության կենտրոններից է եւ կարող է առաջարկել որակյալ ու էժան սննդամթերք, շինանյութ, ավտոմեքենաներ եւ այլն:
Իր հերթին ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Ա. Վարդանյանը նշեց, որ Հայաստանում այսօր օտարերկրյա ներդնողների համար ստեղծված են բացառիկ լավ պայմաններ, երկրի իշխանություններն անում են ամեն ինչՙ Հայաստանում օտարերկրյա ներդրումները խթանելու եւ առավել մեծ թվով ներդնողների ներգրավելու համար:
Պատահական չէ, որ Հայաստանում գործող հայ-չինական համատեղ ձեռնարկությունները ընդլայնում են իրենց բիզնեսը եւ գոհ են այստեղ աշխատելուց:
- Ժամանակն է,- եզրափակիչ խոսքում ասաց Ա. Վարդանյանը,- որ Հայաստանը արտահանման ավանդական ապրանքատեսակներից բացի առաջարկի նաեւ նոր, որակյալ ու մատչելի գներով, շուկայում մրցունակ ապրանքներ, դրանում, վստահաբար կարելի է ասել, մեզ կօգնեն նաեւ մեր չինական գործընկերները:
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ