«Նոյյան տապան» գործակալությունը առանց նշելու աղբյուրը հաղորդում է, որ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է իր պաշտոնից, որը վարում էր 1998-ից: 52-ամյա Մութաֆյանը մի քանի ամիս առաջ ենթարկվել է վահանագեղձի վիրահատության: Վիրաբուժական միջամտությունից անմիջապես հետո պատրիարքարանը հայտարարել էր, ինչպես գրել էր «Ազգը» նախապես, որ պատրիարքին երկար ժամանակ է հարկավոր ապաքինման համար: Հիվանդության հետեւանքով պատրիարքի բազմաթիվ պաշտոնական գործերը հետաձգվել են, ներառյալ պատրիարքարանի տեղեկագիր «Լրաբերի» հրատարակումը: Պատրիարքարանի արքեպիսկոպոսներ Արամ Աթեշյանը եւ Շահան Սվաճյանը ժամանակավորապես կատարում են Մութաֆյանի գործառույթները: Աթեշյանը անցյալ ամիս, Վատիկանում տեղի ունեցած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպման ժամանակ ներկայացրել է պատրիարքարանը: Տարբեր նյարդաբաններ, որոնք հետազոտել են պատրիարքին, ենթադրում են, որ նա տառապում է նյարդային խանգարմամբ, այնուամենայնիվ, նրանք դեռ չեն որոշել, թե դա կոնկրետ ինչ հիվանդություն է: