Հունիսի 10-ին Պեկինում հանկարծամահ է եղել Չինաստանում ու համատեղության կարգովՙ Վիետնամում ու Հարավային Կորեայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Վահագն Մովսիսյանը: Սեպտեմբերին նա կդառնար 47 տարեկան... Պաշտոնական մահախոսականում թվարկվում են հանգուցյալի վարած աշխատանքները, ունեցած ծառայողական պարտականությունները: Իսկ ես կուզենայի խոսել իմ ընկերոջՙ Վահագնի մասին, որի հետ հասակակից, սերնդակիցներ ենք:
Ծանոթացել ենք ուղիղ 32 տարի առաջ: Առաջին իսկ շփումից նկատելի էին նրա անմիջականությունը, պարզությունն ու շիտակությունը: Աչքի էր ընկնում մարդամոտությամբ, ջերմությամբ, դիմացինի հետ միանգամից շփում ստեղծելու բացառիկ ընդունակությամբ: Հետո արդեն, ճանաչելով նրա ընտանիքը, հասկացա, որ ծնողներըՙ պետական ու կուսակցական մեծահամբավ գործիչ, ականավոր կազմակերպիչ Վլադիմիր Մովսիսյանն ու պատվարժան տիկին Մառլենան ճիշտ այդպես են դաստիարակել իրենց զավակներինՙ Վահագնին ու Վարդանին, որոնք լայն ճանաչում ստացան ու մեծ հարգանքի արժանացան մեր երկրում: Ու թեեւ Վլ. Մովսիսյանի պետական ու կուսակցական պաշտոններն էլ ավելի բարձր էին դառնում, Վահագնը մնում էր ու մնաց նույն ընկերասեր, մարդամոտ մարդը, չուրացավ ընկերական վաղեմի շրջապատը: Միակ բանը, որ միշտ զգացվում էր նրա հետ շփվելիսՙ հոր, ընտանիքի բարի հեղինակության նկատմամբ պատասխանատվությունն էր, որպեսզի ինչ-որ սխալ քայլ կամ գործողություն ստվեր չգցի հոր անվան վրա:
Հոգատար զավակ, ընտանիքի անզուգական հայր, ուշադիր ընկեր, ճանապարհի լավ ուղեկից. այդպիսին էր Վահագն Մովսիսյանը... Արտակարգ բարի ու մանկան պես բարյացակամ էր նա, հիմնովին զուրկ այնպիսի հատկանիշներից, ինչպիսին է չարությունը, նախանձը, մաղձը: Ուր աշխատել է, ամենուր իր շուրջը ձեւավորել է դրական մթնոլորտ, ուր մարդկային ջերմ հարաբերություններն աշխատանքը դարձնում էին հաճույք: Ընկերներից, աշխատակիցներից յուրաքանչյուրի համար ուներ իր «բանալին», բոլորին պարգեւում էր ժպիտ, բարություն ու լավատեսություն: Մեկ այլ հատկանիշՙ ընդգծված, ծայրահեղության հասնող հարգանքը, պատկառանքը ծնողի, ավագի, տարեցի նկատմամբ:
Թեեւ լավ կրթություն էր ստացել, տեխնիկական գիտությունների թեկնածու էր, անընդմեջ աշխատում էր, կարդում, կատարելագործվում, նորանոր գիտելիքներ ձեռք բերում: Աշխատելով Մոսկվայում, առիթը չկորցրեց, հաջողությամբ ավարտեց ԽՍՀՄ կառավարությանն առընթեր տնտեսական ակադեմիան: Լավ գիտեր Հայաստանըՙ անշուշտ, չհամեմատվելով ամեն մի գյուղ ու թումբ ճանաչող, մեր երկրի մասին հիրավի հանրագիտարանային գիտելիքներ ունեցող հոր հետ:
Երբ գլխավորեց Զարգացման հայկական գործակալությունը, մեծ ջանքեր թափեց մեր հանրապետությունն արտերկրում արժանապատվորեն ներկայացնելու ու վարկանիշը բարձրացնելու, գործարար կապերը զարգացնելու, Հայաստան ներդնողների ներգրավելու, մեր երկրի մասին տնտեսության հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու նպատակով: Յուրաքանչյուր գործարար համաժողով պատրաստում էր ամենայն բծախնդրությամբ, խորամուխ էր լինում բոլոր մանրամասների մեջ:
Անցյալ տարի Չինաստանում դեսպան նշանակվելուց հետո եւ մեկնելուց առաջ անհանգիստ էր. կարդում էր, խորացնում գիտելիքներն այդ մեծ ու հզոր երկրի պատմության, տնտեսության, մշակույթի, ավանդույթների մասին: «Հասկանո՞ւմ ես,- խոստովանեց ինձ այդ օրերին,- ուրիշը թերանաՙ կներեն, ես թերանամՙ երբեք չեն ների»: Ահա այսպիսի բարձր պատասխանատվությամբ էր գնում իր վերջին պաշտոնին իմ լավ բարեկամը...
Պեկին հասնելուն պես, եռանդուն աշխատանք սկսեց հայ-չինական երկկողմ կապերն էլ ավելի ընդլայնելու, խորացնելու ուղղությամբ, նախաձեռնելով նորանոր ծրագրեր, նորանոր նպատակներ: Պատմում են, որ օրերս շատ բարձր մակարդակով ընդունել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պատվիրակությանը, որ Չինաստան էր մեկնել Օլիմպիական խաղերին ընդառաջ, իսկ կյանքի վերջին օրերին զբաղված էր հայ-չինական գործարար համաժողով կազմակերպելով:
Հումորը Վահագնի հոբբին էր: Բավական էր մի քանի րոպե լսել իր զվարճալի պատմություններն, անեկդոտները, եւ բոլորը գլորվում էին ծիծաղից: Ընդ որում, այդ հումորը խելացի էր, ոչ գռեհիկ, ինչպես հաճախ պատահում է:
Կենսուրախությունը մեզանում երբեմն շփոթվում է թեթեւամտության հետ: Ո՛չ, իմ ընկերը լուրջ, խելացի մտավորական էր, իսկ այդ խորաթափանց ու կատակասեր բնավորության տակ բարի, սակայն զգայուն ու փխրուն սիրտ էր, որն 8 տարի առաջ ստիպված ենթարկվեց վիրահատության: Հունիսի 10-ին այդ սիրտը, ցավոք, հրաժարվեց բաբախելուց...
Մեր խորագույն ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում այրուն, զավակներին, Մովսիսյան սգակիր ողջ ընտանիքին: Վահագն Մովսիսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա իր ընկերների, բարեկամների, գործընկերների սրտերում, կապրի մեր հայրենիքի դիվանագիտության ու տնտեսության նվաճումներում:
Հիշատակն արդարոյն օրհնությամբ եղիցի:
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ